Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են ազատ, արդար ընտրություններ». Սերժ Սարգսյանը Վանաձորում էր

Ապրիլ 27,2012 20:41

Այսօր  «Հայքի» հրապարակում վանաձորցիները  հավաքվել էին` լսելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը:

Մինչ ՀՀ նախագահի ժամանելը, վանաձորցիները հնարավորություն ունեցան լսելու երաժշտական կատարումներ: «Սերժ Սարգսյանի համար չեմ եկել, եկել եմ համերգի, իմացանք, որ համերգ է, եկանք»,-ասաց մի երիտասարդ աղջիկ:

Վանաձորի մեկ այլ երիտասարդ բնակչից տեղեկացանք, որ իրեն եւ իր ընկերուհիներին էլ դասերից հանել են, բերել հրապարակ: «Երկրորդ հերթով ենք, դասերից հանեցին, բերեցին, թե գնացեք, նախագահն է գալիս»,-ասաց նա:

«Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք: Այսօր մենք կերտում ենք մեր եւ մեր երեխաների ապագան, եւ համոզված ենք, որ հույսով ու հավատով»,- ողջունելով վանաձորցիներին` ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Խոսելով Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին` երկրի նախագահը նշեց, որ միասին ենք կառուցելու ավելի լավ Հայաստան. «Երբ մենք ասում ենք ավելի լավ Հայաստան, մենք նկատի ունենք լույսի եւ արդար վաստակի հայրենիքը: Լույս եւ արդար վաստակ, ահա այս երկու եզրերը, որոնց վրա կառուցված է մեր երկիրը: Արդար վաստակը առաջին հերթին աշխատատեղն է, աշխատանքը եւ արժանապատիվ աշխատավարձը: Արդար վաստակը մեր արդյունաբերությունն է եւ գյուղատնտեսությունը: Արդար վաստակը սեփական տանն ապրելու եւ դրսերում բախտ չփնտրելու պայմանն է»:

Երկրի նախագահը նշեց, որ պետությունը պարտավոր է նորմալ պայմաններ ստեղծել աշխատել ցանկացող ու աշխատել կարողացող մարդկանց համար:

Նախագահը կոչ արեց վանաձորցիներին իրենց ձայնը տալ Հանրապետական կուսակցությանը եւ կուսակցության մեծամասնական ընտրակարգով առաջադրված լոռեցիներին:

«Բնականաբար` որպես  ՀՀ նախագահ, եւ որպես Հայաստանի քաղաքացի, ցանկանալով անցկացնել լավագույն ընտրությունները մեր պատմության մեջ, եւ որպես Հանրապետական կուսակցության  նախագահ,  ես ցանկանում եմ Հանրապետական կուսակցությունը տանի առավելագույն  թվով քվեներ, ցանկանում եմ , որովհետեւ մեծ է մեր մղումը` շարունակելու մեր ծրագրերը: Անցած հինգ տարիների ընթացքում աշխատանք կատարվել է,  ձեռք ենք բերել փորձ, կուտակել ենք հնարավորություններ, ունենք մեծ ցանկություն այդ փորձը ներդնել մեր երկրի զարգացման գործում, եւ հավատացեք, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք կարողանալու ենք ձեզ հետ միասին ավելի լավ արդյունքների հասնել»:

Նախագահը կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին:

«Մենք համարում ենք, որ Հայաստանի ներկայիս բոլոր քաղաքացիները, ինչպես նաեւ ողջ հայությունը, կարող են պատվով հանձնել նաեւ այս քննությունը: Ես վստահորեն պնդում եմ` միասին ենք կառուցելու: Ես եկել եմ այստեղ երկու խնդրանքով, առաջինը`  խնդրում եմ, մայիսի վեցին ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, մեզ այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են ազատ, արդար ընտրություններ, օդ ու ջրի պես, որպեսզի ընտրությունների արդյունքները հավատ ներշնչեն ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ մեր գործընկերներին: Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքը էական  նշանակություն ունի այս ընտրություններին, կոչ եմ անում բոլորիդ դեն գցել այն բոլոր արտահայտությունները, որ մեզնից բան չի  կախված, մենք ինչ կարող ենք անել, ամեն ինչը որոշված է: Այդպիսի բան չկա, որոշողը դուք եք, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր համայնքի ակտիվությունից է կախված , թե ինչպես է զարգանալու ՀՀ-ն հետագա հինգ տարիների ընթացքում: ինչպես միշտ, սիրելի վանաձորցիներ, ես վստահ եմ, որ դուք լինելու եք  մեր երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների առաջամարտիկների շարքերում, այնպես, ինչպես եղել եք առաջ»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Հ. Գ. Այսօր  ժամը երեքից  սկսած երթուղային տաքսիները բնակիչներին անվճար են  սպասարկում:

«Էս մի օրն ա, բան չկա, էս օրն էլ մեր հաշվին կլինի»,-տեղեկացանք վարորդներց մեկից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30