Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեզանից մեկն եմ»

Ապրիլ 28,2012 12:55

Հարցազրույց «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն, Ազգային ժողովի թիվ 14 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վրեժ Մարկոսյանի հետ:

– Քաղաքականությունից մշտապես հեռու եք եղել. քարոզարշավի ընթացքում ստացվո՞ւմ է լուրջ քաղաքական մրցակցություն իրականացնել:

– Քարոզարշավի ամենաթեժ օրերն են: Եվ իմ ընտրողները, եւ իմ մրցակիցները, կարծում եմ, համոզվել են, որ քաղաքակիրթ, բաց, օրինական մրցակցության կողմնակից եմ: Գիտեք՝ շատերն են խոսում բարձր արժեքներից, արդարությունից, բարոյականությունից, բայց այս օրերին մոռանում են եւ փորձում են աջ ու ձախ ցեխ շպրտելով՝ միավորներ հավաքել: Համոզված եմ, որ այդպիսի քայլերով շահածը չնչին է լինելու: Այդպիսի գործելաոճն ինձ համար չէ: Ես հանդիպում եմ իմ ընտրողներին՝ տնետուն, գյուղ առ գյուղ շրջելով, պարզ ու գործնական զրույց եմ ունենում, լսում եմ նրանց սրտի խոսքը, առաջարկություններն ու պահանջները: Այդպես շարունակելու եմ: Առաջին իսկ օրվանից ընտրությունը չեմ դիտել որպես մրցահարթակ, այլ ճանապարհ, որից հետո գալիս է քեզ ընտրած ու նաեւ չընտրած քաղաքացիների համար աշխատելու, նրանց հոգսերը թեթեւացնելու ժամանակը:

– Այսինքն՝ հաշվետու եք լինելու նաեւ Ձեզ չընտրողների՞ն:

– Իմ ու քո-ն ինձ համար չէ: Եթե թիվ 14 ընտրատարածքի ընտրողների մեծամասնությունն ինձ տա իր վստահության քվեն, նշանակում է՝ նրանք ինձ ուղղակի պատվիրում են զբաղվել իրենց հոգսերով ու խնդիրներով, եւ ես փորձելու եմ աշխատել ամբողջ տարածաշրջանի մարդկանց համար՝ անկախ նրանց տարբեր հայացքներից: Պատգամավորը պատգամավոր է բոլորի համար:

– Ընտրվելու դեպքում որո՞նք են լինելու Ձեր առաջին 5 քայլերը:

– Գիտե՞ք՝ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ծաղկահովիտի (կարող եմ մեր բոլոր բնակավայրերը թվարկել) իմ հայրենակիցների հոգսերն ու ցավերն այնքան շատ են, որ 5 քայլ չէ, 500 առաջարկն ու ծրագիրն էլ է քիչ, որ տարածաշրջանի մարդիկ ապրեն լիարյուն, արժանապատիվ կյանքով: Բայց որ այս ծանր նոտան մեզ շատ չճնշի, ասեմ նաեւ, որ մի նախագիծ պատրաստ ունեմ՝ առաջարկելու ԱԺ-ին: Աշխարհի 8-րդ հրաշալիք Կարմրավորով, պատմամշակութային արժեքներով հարուստ, իր գեղեցիկ լանդշաֆտով ձգող Աշտարակը լիարժեքորեն կարող է որեւէ նախարարության գործունեության կենտրոն լինել: Սա քարոզչական հնարք չէ, այլ իրատեսական, պետական մտածողություն: Վերջապես պե՞տք է մի օր հասկանանք, որ մեր սիրելի Երեւանն այնքան է գերհագեցել, այնքան է կլանել մեր մարզերի նյութական, մարդկային ռեսուրսը, որ այլեւս այլ ելք չկա, քան նրան բեռնաթափել պետական-ծառայողական կառուցվածքներից: Պետք է իրականացնել նախարարությունները տարբեր մարզերում տեղակայելու ծրագիրը:

– Երկարամյա աշխատանքային գործունեություն եք ծավալում հրատարակչական համակարգում. ըստ Ձեզ՝ ոլորտը օրենսդրական նախաձեռնությունների կարիք ունի՞:

– Կարծում եմ՝ ունի եւ կլինի՝ կապված տպագիր մամուլի հետ: Որեւէ աղքատ թերթի դեմ դատական հայց ներկայացնելը ճիշտ չեմ համարում: Առանց այդ էլ թերթերն այնքան խեղճ տպաքանակներ ունեն, որ մի քանի միլիոն տուգանվելուց հետո ուղղակի չեն կարող գոյատեւել: Պետք է ուրիշ պատժամիջոցներ գտնել, որոնք ուղղված կլինեն հերյուրանքն ու զրպարտությունը վերացնելուն, ազատ խոսքը զարգացնելուն: Ամեն թերթ ունի իր աշխատանքային կոլեկտիվը, սնանկացնելով թերթին՝ սնանկացնում են այդ կոլեկտիվին եւս: Այսօր 75-80 անուն թերթ է լույս տեսնում մեր երկրում: Շատ է Հայաստանի պես փոքր պետության համար: Դրանց մեծամասնության տպաքանակն ուղղակի ծիծաղելի է: Կուսակցական թերթ կա, որ 800 օրինակով է լույս տեսնում (hիշում եմ՝ իմ ուսանողական տարիներին մեր բուհի՝ գյուղատնտեսական ինստիտուտի թերթը 1500 օրինակով էր լույս տեսնում): Ամեն դեպքում, այս ոլորտը օրենսդրական փոփոխությունների կարիք ունի:

– Քաղաքական ո՞ր ուժերի հետ եք մտադիր համագործակցել:

– Այն ուժերի, որոնք ի շահ ժողովրդի լավ բան կառաջարկեն: Պատրաստ եմ համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց գործունեությունն ուղղված է դրական փոփոխությունների, քաղաքական այն ուժի ներկայացուցիչն եմ ու շարունակելու եմ լինել այն ուժի կողքին, ով երկիրը կտանի կայուն զարգացման ճանապարհով:

– Պատգամավորական մանդատն անձեռնմխելիություն է ապահովում իր տիրոջ համար, տանիք է նրա եւ նրա ունեցվածքի գլխին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ձեռքս ճար լիներ՝ պատգամավորներին կզրկեի անձեռնմխելիությունից: Ժողովրդից ընտրվածը պետք է ժողովրդին հավասար լինի: Ես չունեմ անձեռնմխելիության կարիք, տասնամյակներ շարունակ աշխատել ու ապրել եմ առանց անձեռնմխելիության ու շատ հպարտ եմ դրա համար:

– Ըստ Ձեզ՝ հայ գյուղացու, այդ թվում Արագածոտնի տարածաշրջանի գյուղացու թիվ մեկ հոգսը ո՞րն է:

– «Թիվ մեկ հոգս». շատ մեղմ է ասված։ Հոգսերի մի աբողջ համալիր գյուղացուն թույլ չի տալիս մեջքն ուղղել, վաղվան նայել հավատով ու վստահությամբ։ Առավել եւս մեր տարածաշրջանի բնակլիմայական խիստ պայմանները, բերքի աճեցման, ոռոգման ջրի, սերմացուի ու պարարտանյութի, ապա բերքահավաքից հետո դրա իրացման դժվարությունները։ Մսամթերքն ու կաթնամթերքն իրացնելն էլ գյուղացու համար հեշտ չէ։ Վարկերի մասին էլ չեմ ասում։ Դրան գումարած կենցաղային ծանր պայմանները։ Ահա այս է գյուղի իրական նկարագիրը, բայց հայ մարդը ծնկի չի գալիս, պայքարում է, մաքառում, հանապազօրյա հաց է վաստակում արդար քրտինքով, եւ մենք իրավունք չունենք նրան չաջակցելու։ Այս ուղղությամբ մենք պետական համալիր ծրագրեր պետք է իրականացնենք։

– Որպես ՀՀ քաղաքացի՝ ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի այսօրը:

– Խաղաղություն ու կայունություն է: Օգտակար հանածոներ քիչ ունենք, շատ ունենք աղքատ բնակչություն եւ չունենք պետությունից ավելին պահանջելու հնարավորություն: Մեր երկիրը գտնվում է վատ աշխարհագրական դիրքում՝ ոչ բարեհաջող հարեւաններով ենք շրջապատված, եւ մեր ունեցածի չափ ունենալն էլ քիչ բան չէ: Խաղաղությունը մեր նվաճումների նվաճումն է: Եվ ունենք ամենակարեւորը՝ անկախ պետականություն, որն ամրապնդելու համար պետք է ուժեղացնենք հայ ընտանիքը:

– Հնարավո՞ր է միաժամանակ տեր եւ ծառա լինել երկրին:

– Այո, եւ դա սկսվում է հարկեր վճարելուց: Վճարենք հարկերը եւ պահանջենք դրանց ճիշտ տնօրինում եւ վերաբաշխում՝ բնակչության հոգսերը լուծելու ուղղությամբ:

– Ներհայաստանյան խնդիրներից ամենից շատ Ձեզ ի՞նչն է մտահոգում:

– Այն, որ օրենքի առաջ բոլորս հավասար չենք: Մինչդեռ բոլորս մեկ ենք, ես ձեզանից մեկն եմ: Չարենցը մեր փրկության ելքն է ցույց տվել՝ հավաքականությունը: Օրենքի առաջ հավասար լինելն էլ հավաքականության դրսեւորում է: Ուզում եմ, որ օրենքի առաջ հավասար լինեն բոլորը, դրանից շատ բան կփոխվի:

– Ձեր կարծիքով՝ մեր երկրում առաջընթաց արձանագրվո՞ւմ է եւ որտե՞ղ:

– Այո, ամեն ոլորտում էլ նկատվում է, բայց ոչ ցանկալի տեմպով: Հույս ունեմ, որ գնալով պետք է լավանա մեր կենսակերպը:

– Արտագաղթը Ձեզ մտահոգո՞ւմ է:

– Անշուշտ: Հայ մարդը, ինչպես երեւի աշխարհի բոլոր երկրների քաղաքացիները, այլ երկրներում ավելի լավ ապրելու, հարստանալու ուղիներ են փնտրում։ Գուցե դա ընդհանրապես մարդու բնավորությունն է։ Բայց գիտե՞ք, որ անկախությունից հետո արտերկիր, մասնավորապես՝ Եվրոպա մեկնած մեր հայրենակիցների մեծամասնությունը դժվարությամբ է գոյատեւում: Շատ դեպքերում այնպիսի աշխատանքներ են կատարում, որ որեւէ դեպքում այստեղ չէին անի: Թատրոնի դերասանը Հայաստանում մատուցող կամ հավաքարար կաշխատե՞ր՝ երբեք: Այստեղ գոնե տուն ունեն, արտերկրում մեծամասամբ վարձու բնակարաններում են ապրում, ողջ օրն աշխատում են, որ կարողանան օրական մեկ պիցցա ուտել եւ իրենց վարձերը վճարել: Սփյուռքահայ ընկերներ ունեմ, ովքեր Հայաստանը համարում են երկիր-դրախտավայր: Իսկ մենք դա այդքան էլ չենք արժեւորում: Եթովպացի ընկերս ասում է՝ Հայաստանը միակ տեղն է, ուր ես ինձ մարդ եմ զգում, ուր կարող եմ գիշերը հանգիստ շրջել Երեւանում… Պետք է այնպես անենք, որ Հայաստանում իրենց մարդ զգան նաեւ Հայաստանում ապրողներն ու աշխատողները, ստեղծագործողները:

– Ըստ Ձեզ՝ ո՞վ է հարուստ մարդը: Եվ մարդն ինչո՞վ է հարուստ:

– Մարդը, ով ունի նորմալ ընտանիք, ով չունի հացի խնդիր, եւ նրա ներսում ամեն ինչ խաղաղ է, ուրեմն հարուստ է: Խղճիս հանգստությունը որեւէ գանձի հետ չեմ փոխի:

– Ի՞նչ խորհուրդ կտաք հայաստանաբնակ ընտրողներին, ովքեր մայիսի 6-ին պետք է ընտրեն մեր երկրի օրենսդիր մարմինը:

– Խորհուրդ կտամ պարտադիր մասնակցել ընտրություններին եւ ընտրել այն թեկնածուին, կուսակցությանը, որին նպատակահարմար են գտնում: Սխալ է ընտրական ձայնը կորցնելը: Անուղղելի սխալ է ձայնը վաճառելը:

– Հավատո՞ւմ եք արդար ընտրություններին:

– Այո: Ժողովուրդը ճանաչում է բոլորիս: Նախեւառաջ մենք պետք է շահագրգռված լինենք, որ ընտրվի նա, ով ժողովրդի կողմից ավելի ընդունված է: Մարդուն պետք է ընտրել ըստ իր արժանիքների:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30