Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական ծառայությունների արտահանումը շահավետ է

Ապրիլ 28,2012 13:14

Սակայն ՀՀ բուհական համակարգն առայժմ չի իրացնում իր ողջ պոտենցիալը

Հայազգի ուսանողները մշտապես ակտիվորեն մասնակցում են միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրերի, մեկնում արտասահմանյան բուհեր: Արդյո՞ք նկատվում է հակառակ միտումը, եւ ինչպիսի՞ն է մեր հանրապետությունում արտասահմանցի ուսանողությանը կրթական ծառայությունների մատուցման վիճակը: Վերջին երեք տարիների ընթացքում ընդամենը շուրջ երկու հազար օտարերկրյա ուսանողներ են ժամանել ՀՀ՝ բուհերում ուսանելու նպատակով: Պաշտոնական վիճակագրությունը վկայում է ՀՀ-ում արտասահմանցի ուսանողության աճ, սակայն այդ թվերը խոսուն չեն, եւ մեր երկիրը լիարժեք չի օգտագործում իր ներուժը՝ մասնագիտական կրթության արտահանման բնագավառում: Իսկ տնտեսապես կայացած այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, մեծ ուշադրություն են դարձնում կրթական ծառայությունների արտահանմանը:

Բնական ռեսուրսներով աղքատ մեր երկիրը, բարեբախտաբար, ունի կրթական ծառայությունների մատուցման կայացած համակարգ, որն ավելի մեծ հարստություն է, քան օգտակար հանածոների պաշարները: Սակայն մինչ այժմ հանրապետության բուհական համակարգը լիովին արդյունավետ չի գործում արտասահմանցի ուսանողների ներգրավման առումով: Իսկ մեր աշխարհագրական դիրքը բարենպաստ է արտասահմանցի ուսանողությանը կրթություն մատուցելու առումով: Խիտ բնակեցված Հնդկաստանում, Իրանում, Մերձավոր Արեւելքում համալսարանները կրթօջախների պակասի հետեւանքով լիարժեք չեն բավարարում տեղացիների ուսումնառության պահանջմունքները, եւ վերջիններս ստիպված բավական թանկ մասնագիտական կրթություն են ստանում Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Եթե Հայաստանը կարողանա պայմաններ ստեղծել արտասահմանցի ուսանողներին պատշաճ մասնագիտական կրթություն տրամադրելու առումով, ապա այն ոչ պակաս տնտեսական օգուտների ներհոսք կապահովի, ինչպես, օրինակ, տուրիզմն է:

Ներգրավելով արտասահմանցի ուսանողներ, սահմանելով բարձր կրթավճարներ, հայրենական բուհերը հնարավորություն կունենան արագ զարգանալ, լրացուցիչ ռեսուրսներ տրամադրել կրթության որակի բարձրացման գործին, մրցակցել միջազգային կրթական շուկայում, որտեղ, ի դեպ, կրթությունը դիտվում է որպես ոչ միայն մարդկային կապիտալի ձեւավորման կարեւորագույն գործոն, այլեւ բիզնես: Ժամանակն է, որ հայրենական խոշոր բուհերը լուրջ աշխատանքներ իրականացնեն արտասահմանցի ուսանողների ներգրավման առումով, ներկայացնեն Հայաստանում մասնագիտական կրթություն ստանալու առավելությունները, մասնակցեն կրթական շուկայի միջազգային տոնավաճառներին: Արտասահմանում դեռեւս քաջատեղյակ չեն մեր հանրապետության բուհական համակարգի առավելություններին եւ այն նպաստավոր պայմաններին, որը օտարների համար կրթությունը դարձնում է առավել գրավիչ:

Ժամանակն է նաեւ, որ հայրենական բուհերը մուտք գործեն միջազգային կրթական շուկա, լրջագույն ուշադրություն դարձնեն կրթական ծառայությունների մատուցման գործառույթներին, եւ ոչ թե պասիվ դիրք գրավելով, սպասեն սեպտեմբերի մեկին, թե որքան դիմորդ կունենան կամ չեն ունենա հանրակրթական համակարգից: Կշահեն այն բուհերը, որոնք արտասահմանցի ուսանողների ներգրավմամբ լուրջ ուշադրություն կդարձնեն միջազգային չափանիշներով կրթական ծառայությունների մատուցմանը, որակավորված դասախոսական համակազմի ձեւավորմանը, արտասահմանից բարձր կրթավճարների հավաքագրմանը: Կշահենք նաեւ մենք, չէ՞ որ արտասահմանցի ուսանողները տեղացիների համեմատ ոչ միայն կրկնակի կրթավճարներ են մուծում, այլեւ ուսումնառության ընթացքում մեր երկրում էական գումարներ են ծախսում իրենց կենսապահովման վրա:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

 տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30