Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայ մարդու, Հայաստանի ապագան միասին որոշենք մայիսի 6-ին»

Ապրիլ 28,2012 13:55

Ապրիլի 27-ին «Ժառանգության» միասնական ցուցակի թեկնածուները հանդիպումներ ունեցան Լոռու մարզի մի շարք բնակավայրերում՝ Ալավերդում, Աքորում, Օձունում, Վանաձորում, Ստեփանավանում Տաշիրում եւ Սպիտակում: Ընտրողներին «Ժառանգության» ծրագիրն ու նպատակները ներկայացրին այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, տնտեսագետ Արտակ Ղազարյանը, քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, նախկին քաղբանտարկյալ Մասիս Այվազյանը եւ դեղագետ, Վանաձորում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գառնիկ Սահակյանը:

Դիմելով վանաձորցիներին՝ «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ ժամանակն է «դուրս գալ ողորմության շրջանակից» եւ թույլ չտալ, որ որեւէ մեկը ողորմություն առաջարկի: «Սա մեր երկիրն է, եւ մենք ասում ենք` բյուջեն կլցնենք հարկերով, հալալ մուտքերով, եւ այդ ողորմությունը կվերածվի ձեր իրավունքի, ձեր աշխատավարձի, կենսաթոշակի ու նպաստի: Եվ ոչ մեկը չի գալու ձեր երեխաների եւ թոռների ապագան մի քանի հազար դրամով կամ մուրաբաներով փոխարինելու»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց նաեւ, որ հայ մարդու, Հայաստանի ապագան որոշվելու է մայիսի 6-ին: «Մայիսի 6-ին` առանց որեւէ այլեւայլության, անաղմուկ, մենք որոշելու ենք այդ ապագան Աստծո հայացքի տակ, սահմանադրական պահանջով, որոշելու ենք, թե ինչպիսին պետք է լինի վաղվա Վանաձորը: Ուրեմն մայիսի 6-ին եկեք միասին որոշենք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վանաձորցիներին իր խոսքն ուղղեց նաեւ համամասնական ցուցակի անդամ Գառնիկ Սահակյանը, ով մասնավորապես անդրադարձավ պետական բյուջեի անարդյունավետ օգտագործմանը: «Պետական գնումների գործընթացը պետք է զերծ պահել կոռուպցիայից»,- ասաց Սահակյանը:

ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն Ալավերդում հանդես եկավ առաջարկությամբ` համեմատել այս 5 տարիների ընթացքում «Ժառանգության» կատարած աշխատանքները եւ մյուս կուսակցությունների գործելաոճը ընտրարշավից առաջ. «2007-ին մենք ասացինք՝ տեր ենք եւ անցած 5 տարում ապացուցեցինք մեր քաղաքացիներին, որ չենք նահանջել մեր խոսքից, միշտ կանգնած ենք եղել ժողովրդի կողքին` պաշտպանելով շարքային քաղաքացու շահերը»,- նշեց Մարտիրոսյանը:

Իսկ այսօր` ապրիլի 28-ին, «Ժառանգության» նախընտրական թիմը հանդիպումներ կունենա Երեւանում. Նոր Նորքի Գայի արձանին հարող տարածքում՝ ժ. 13-ին, Ավան-Առինջ թաղամասի Ընտանիքի այգում՝ ժ. 15-ին, Շենգավիթի Գ. Նժդեհի հրապարակում՝ ժ. 17-ին:

«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30