Լրահոս
Օրվա լրահոսը

Orange-ի աջակցությամբ համակարգչային սրահներ բացվեցին երկու հատուկ դպրոցներում

Ապրիլ 28,2012 21:12

PrevPhoto
NextPhoto
 Այսօր Orange-ի աջակցությամբ ինտերնետով զինված համակարգչային սրահներ բացվեցին Երևանի Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում և Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում:

«Որպես հեռահաղորդակցության ընկերություն` մեր բիզնես առաքելությունն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, վերացնել տարածությունները: Սակայն մեր պատասխանատվությունն է նաև ձեռք մեկնել հասարակության այն անդամներին, ովքեր հաշմանդամության կամ այլ պատճառներով մեկուսացած են շրջապատող աշխարհից և չեն կարող օգտվել հեռահաղորդակցման աշխարհի տված հնարավորություններից: Այս երեխաներն այսուհետ կունենան մոտավորապես նույնպիսի հնարավորություններ, ինչիսիք ունեն իրենց մյուս հասակակիցները, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների համար առավել ևս կարևոր է փոքր տարիքից ծանոթանալ համակարգչին, քանի որ դա ավելի մեծ հնարավորություններ կտա նրանց հետագայում անկախ և ինքնուրույն լինել», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Տեսողության խնդիրներ ունեցողների համակարգչային կարիքները տարբերվում են սովորական կարիքներից, և այդ իսկ պատճառով արդեն տարիներ առաջ Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների ազգային ինստիտուտը մշակել էր ԱՐԵՎ հատուկ ծրագիրը, որի նորացված տարբերակները դպրոցում առկա հին համակարգիչներով վերջին տարիներին անհնար էր օգտագործել: Նոր համակարգիչներով դպրոցականները կկարողանան օգտվել նորագույն տեխնոլոգիաների տրամադրած հնարավորություններից` օգտվել ինտերնետից, տեքստ սկանավորել և համակարգչով լսել այն, ձեռք բերել համակարգչային այլ հմտություններ և այլն: Համակարգչային սրահը համալրված է 7 համակարգիչներով, պրոյեկտորով, տպիչ/սկաներով և Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով:

Երևանի Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը միակ նման դպրոցն է ամբողջ հանրապետությունում:  Այն գործում է 1939 թ.-ից, ունի 96 աշակերտ (6-20 տարեկան), այդ թվում` նաև ՀՀ մարզերից, որոնք գիշերում են դպրոցում: Դպրոցում երեխաները սովորում են 12 տարի, իսկ ավարտելուց հետո աշակերտների մոտ 90 տոկոսը ընդունվում է տարբեր ԲՈՒՀ-եր:

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրն ունի 154 աշակերտ, այդ թվում` նաև ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից: Դպրոցում գործում է նաև նախադպրոցական դասարան 5 տարեկան երեխաների համար: Կրթահամալիրն այսուհետ կունենա ժամանակակից համակարգչային սրահ` համալրված 5 համակարգիչներով, պրոյեկտորով, տպիչ/սկաներով և Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով:

Երկու հատուկ դպրոցներում համակարգչային սրահների հիմնման համար Orange-ը տրամադրել է ընդհանուր 5,204,600 դրամ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել