Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ ոստիկանության գործադրած բռնություններից ակտվիստները չեն լքի Մաշտոցի պուրակը

Ապրիլ 29,2012 16:23

Արդեն ավելի քան 80 օր է, ինչ մենք` Հայաստանի ինքնորոշված քաղաքացիներս, Մաշտոցի պուրակում պայքարում ենք մեր հանրային տարածքի պաշտպանության, հանրային սեփականության վերանվաճման և մեր սահմանադրական իրավունքները կենսագործելու համար: Այս ընթացքում մենք կիրառել ենք իրավական և քաղաքացիական խաղաղ պայքարի բազմաբնույթ մեխանիզմներ, քաղաքացիական անհնազանդություն և դիմադրություն, հետևողական գործընթաց ենք ծավալել մեր իրավունքները պաշտպանելու և նվաճելու համար:

 Երևանի քաղաքային իշխանությունները և ՀՀ կառավարությունը այս ընթացքում չեն կարողացել ադեկվատ իրավական ու քաղաքական արձագանք և լուծում տալ: Մինչև օրս իշխանությունները հանրությանը չեն տրամադրել բազմաթիվ տեղեկություններ և փաստաթղթեր Աբովյան փողոցում տեղադրված խանութների և Մաշտոցի պուրակի գործընթացների օրինականության վերաբերյալ:

Միևնույն ժամանակ քաղաքապետի և ՀՀ կառավարության  որոշումների հետևանքով արդեն 80 օրից ավելի է, որ հարյուրից ավելի ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ, երբեմն նաև հատուկ ռազմական պատրաստությամբ, օր ու գիշեր պահակություն են անում ապօրինի շինություններում` պաշտպանելով ապօրինի որոշումները և մասնավոր անձանց ոչ իրավաչափ շահերը՝ ի հաշիվ հանրայինի:

Այսօր, ապրիլի 29-ին, ակտվիստները շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են  վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ բռնի ուժ կիրառելով խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), ինչպես նաև անձամբ հրամանատարական անձնակազմից Ռ. Մելքոնյանը, Կ. Մովսիսյանը և Վ. Օսիպովը քաշքշել են, հարվածել են, նետել են գետնին, փորձել են խեղդել, հայհոյել են, սադրել են, վիրավորել են քաղաքացիներին և առգրավել երկու վրան: Բռնությունների հետևանքով տասից ավելի ակտիվիստներ սալջարդերով, ծնոտի կոտրվածքով, կողոսկրերի և ներքին օրգանների վնասվածքներով տեղափոխվել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց հետազոտության և բուժօգնության համար:

Ոստիկանությունը դիմեց սադրանքների, սկսեց բղավել ակտվիստների վրա և հայհոյել նրանց, ինչին ի պատասխան ակտիվիստները արձագանքեցին խաղաղության կոչերով: Սակայն ոստիկանությունը և պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ) հանկարծակի զանգվածաբար հարձակվեցին ակտիվիստների վրա և առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, առանց նախազգուշացման և իր գործողությունների հիմնավորման բռնի կերպով, ձերբակալեցին ակտիվիստներից վեց հոգու և մեկ հոգու ապամոնտաժող բրիգադից. Արման Յարալյանը, Գոռ Հակոբյանը, Գևորգ Սաֆարյանը, Եղիա Ներսեսյանը, Կարեն Հարությունյանը Վահրամ Սողոմոնյանը, և ապամոնտաժող Արմեն Հովհաննիսյանը: Ներկա պահին նշված ակտիվիստները գտնվում են արգելանքի տակ ոստիկանության Կենտրոնի բաժնում:

Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս, հայտարարում ենք, որ անկախ ոստիկանության գործադրած բռնությունների և ակտվիստների ձերբակալման փաստից, չենք լքելու Մաշտոցի պուրակը, պաշտպանելու ենք խաղաղ ցույցի իրականացման մեր իրավունքը, մինչև վերջ տեր ենք կանգնելու հանրային տարածքին և սեփականությանը, հասնելու ենք պուրակում գտնվող կրպակների և մյուս հիմնական շինությունների ապամոնտաժմանը: Մենք չենք հանդուրժի ոստիկանների, հրահանգ տվողների և ստեղծված իրավիճակի համար պատասխանատու մյուս պաշտոնյաների անպատժելիությունը և հետամուտ ենք լինելու, որպեսզի մեր նկատմամբ կիրառված բռնի գործողությունների, կատարված այլ անօրինականությունների համար պատասխանատուները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

 

Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30