Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը Կիեւից պահանջում է ազատել Տիմոշենկոյին

Ապրիլ 30,2012 17:22

Մի շարք երկրների ղեկավարներ չեղյալ են հայտարարում այցերը Ուկրաինա, իսկ Գերմանիայի կանցլերը սպառնում է բոյկոտել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։

Քաղաքական բոյկոտ 

Յուլիա Տիմոշենկոն Խարկովի բանտում ցույց է տալիս իրեն հասցված վնասվածքները, 25-ը ապրիլի, 2012թ.

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը չեղյալ է հայտարարել մայիսի կեսերին Ուկրաինա կատարելիք այցը, որի ընթացում նա պետք է Ղրիմում մասնակցեր Կենտրոնական Եվրոպայի երկրների ղեկավարների հանդիպմանը։

Նախագահի խոսնակն ասել է, թե Կլաուսի որոշումը պայմանավորված է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտարկության փաստով։

Ացելի վաղ ղրիմյան գագաթնաժողովին չմասնակցելու որոշում են ընդունել Գերմանիայի, Ավստրիայի եւ Սլովենիայի նախագահները, ովքեր նույնպես հայտարարել են, որ բոյկոտում են հավաքը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել առողջական ծանր վիճակում գտնվող Տիմոշենկոյին, ով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով դատապարտված է 7 տարվա ազատազրկման եւ պատիժը կրում է Խարկովի բանտում։

Տիմոշենկոն ավելի քան մեկ շաբաթ առաջ հացադուլ է հայտարարել։

Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները դատապարտել են Ուկրաինայի իշխանություններին եւ հայտարարել, որ Տիմոշենկոյի դատավարության եւ ազատազրկման հիմքում քաղաքական դրդապատճառներ են։

«Նարնջագույն հեղափոխության» նախկին առաջնորդ 52-ամյա Յուլիա Տիմոշենկոյին մեղադրել են վարչապետության օրոք Ռուսաստանի հետ Ուկրաինայի շահերը ոտնահարող էներգետիկ պայմանագիր ստորագրելու համար։

Տիմոշենկոն, ըստ բժիշկների, ողնաշարի քրոնիկ ցավեր ունի։ Նա ասել է, թե Խարկովի բանտի ծառայողների կողմից անցած շաբաթ ծեծի է ենթարկվել եւ իր կամքին հակառակ բանտից փոխադրվել է հիվանդանոց։

Նախկին վարչապետի փաստաբանների փոխանցմամբ` աջ ձեռքի արմունկի եւ որովայնի շրջանում վերքերի ու կապտուկների լուսանկարները հաստատում են Տիմոշենկոյին բռնության ենթարկելու մասին պնդումը։

Եվ «ֆուտբոլային» բոյկոտ

«Փրկե՛ք մայրիկին, քանի դեռ ուշ չէ»` այս վերնագրով կոչ է հրապարակել «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Զոնտագցայտունգ» պարբերականում նախկին վարչապետի դուստրը` Եվգենիա Տիմոշենկոն։

«Հիմա իմ մոր եւ իմ հայրենիքի ճակատագիրը նույնն է, եթե նա մահանա` դեմոկրատիան էլ կվախճանվի», – գրել է Եվգենիան։

Արձագանքելով այդ կոչին` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ կբոյկոտի հաջորդ ամիս Ուկրաինայում մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, եթե այդ երկրի իշխանությունները չազատեն նախկին վարչապետին։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխն ասել է, որ ներկա չի լինի Գերմանիայի եւ Հոլանդիայի հավաքականների հանդիպմանը Խարկովում, եթե իրեն թույլ չտան բանտում այցելել Յուլիա Տիմոշենկոյին։

Իսկ արտգործնախարար Գիդո Վեստերվելեն ասել է, թե չափազանց մտահոգված է եւ ցնցված «Տիմոշենկոյի հանդեպ ապօրինի եւ անբարոյական վերաբերմունքից եւ համապատասխան բուժօգնություն տրամադրելու առաջարկների մերժումից»։

Գերմանացի բժիշկները երկու անգամ տեսակցել են Տիմոշենկոյին, պնդել, որ նա անհապաղ օգնության կարիք ունի, եւ հավաստիացրել, որ պատրաստ են նրա բուժումը կազմակերպել Գերմանիայում։

Մյունխենի «Բայերն» թիմի մենեջեր Ուլի Հյոնեսը ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին կոչ է արել «դատապարտել Ուկրաինայի բռնատիրական վարչակարգի գործողությունները»։

«Հուսով եմ, որ Միշել Պլատինին ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում կարտահայտի իր կարծիքն այդ ամենի մասին», – ասել է Հյոնեսը «Շպիգել» հանդեսին եւ ավելացրել. – «Ես համոզված եմ, որ մեր ֆուտբոլիստներն այնքան խելացի են, որ իրենց կարծիքն էլ կարտահայտեն, եւ ես կպաշտպանեմ ցանկացած խաղացողի, ով հրապարակավ կներկայացնի իր դիրքորոշումը»։

Գերմանիա – Հոլանդիա հանդիպումը բոյկոտելու է նաեւ Բունդեսլիգայի այս տարվա չեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ի մենեջեր Հանս-Յոահիմ Վացտկեն։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր տեղեկացրել է, որ ինքն էլ է բոյկոտելու ֆուտբոլի առաջնությունը, եթե Յուլիա Տիմոշենկոն ազատ չարձակվի։

Պաշտոնական Կիեւն այսօր հայտարարել է, թե սպառնալով բոյկոտել ֆուտբոլի առաջնությունը` Գերմանիան «սառը պատերազմի» մարտավարություն է կիրառում։

Արմեն Քոլոյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30