Մատչելի բնակարան՝ երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին

Ավան վարչական շրջանում տեղի ունեցավ «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցվող բազմաբնակարանային շենքային համալիրի հիմնարկեքի արարողությունը: Արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնատար անձինք: Շինհրապարակը լի էր երիտասարդ ընտանիքներով, որոնք հետաքրքրությամբ փորձում էին պարզել, թե իրենց բնակարանը մոտավորապես որ տեղում է լինելու: Իսկ հիմնարկեքի արարողության կատարումը հանձվեց մի երիտասարդ ընտանիքի:

Երևանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեին հարակից տարածքում կառուցվող 13 հարկանի բազմաբնակարանային շենքային համալիրի շինարարությունը մեկնարկեց այս տարվա հունվարին և կավարտվի 2013 թվականի նոյեմբերին:

Aravot.am-ը  զրուցեց նաև ծրագրի շահառուների հետ, որոնք բոլորն էլ շեշտում էին, որ բնակարանային այս ծրագիրը շուկայում գոյություն ունեցող այլ ծրագրերի շարքում համեմատաբար շահեկան պայմաններ է առաջարկում: Շահառուները բնակարան կարող են ձեռք բերել 1 քմ-ի համար վճարելով 185 հազար դրամ, 20 տոկոս կանխավճար և տարեկան 9 տոկոս տոկոսադրույք պայմաններով: ԵՊՀ և ԳՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Արմեն Սարգսյանը, որ երեք զավակի հայր է, Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Մեզ համար բնակարանային խնդիրը հրատապ էր, ուստի այս ծրագիրը այն հնարավորությունն էր , որը պետք էր օգտագործել»:

Տեղեկացնենք, որ նույն տարածքում հուլիսի 1-ին կմեկնարկի բանկային համակարգի և հեռահաղորդակցության ոլորտի երիտասարդ մասնագետների համար կառուցվող բազմաբնակարանային շենքային համալիրի շինարարությունը, որը կավարտվի 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք