Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործեր` ԱԺ ընտրությունների կապակցությամբ

Մայիս 10,2012 18:40

ԱԺ ընտրություններ 2012. Ստացված ահազանգերի հիման վրա մայիսի 8-ի դրությամբ հարուցվել է 8 քրեական գործ

2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների` քարոզարշավի եւ քվեարկության օրը, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա 2012թ. մայիսի 8-ի դրությամբ հարուցվել է 8 քրեական գործ:
Դրանք են.

1. 2012թ. ապրիլի 15-ին` ժամը 19:40-ին, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ նախընտրական շտաբում ՀԱԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 18:40-ի սահմաններում, անհայտ անձինք Երևան քաղաքի Սվաճյան փողոցի 44 շենքի 1-ին հարկի շքամուտքում ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, նույն օրը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ քթի վնասվածքով բուժօգնության է դիմել Բաբկեն Գարոյանը:

Փաստի առթիվ 2012թ. ապրիլի 16-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որոշում է կայացվել` Բ.Գարոյանին տուժող ճանաչելու մասին: Գ.Առուստամյանը հայտարարել է, որ մարմնական վնասվածքներ չի ստացել` հրաժարվելով ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:

Նախաքննության ընթացքում` 2012թ. ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ Վ.Վարդանյանը` հայտնելով, որ 2012թ. ապրիլի 15-ին` ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան 44 շենքի շքամուտքում վիճաբանել է ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին, ինչի հետևանքով վերջինիս ակնոցները կոտրվել են դեմքին:

Նախաքննությունը շարունակվում է:

2. 2012թ. մայիսի 6-ին` ժամը 19:07-ին, «Լրագիր» ինտերնետային կայքում հրապարակ-վել է տեղեկատվություն այն մասին, որ Երևան քաղաքի թիվ 110 դպրոցում տեղակայված 11/27 և 11/28 ընտրատեղամասերում հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցը:  Անհայտ անձը  տեղամասի մոտ նրան ծեծի է  ենթարկել, ինչի արդյունքում պատռվել է ոստիկանի շրթունքը:

Հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուղարկվել է Շենգավիթի վարչական շրջանի դատախազին, ում կողմից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնին հանձնարարվել է ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղ. Արթուր Ղազարյանը նախ հարբած վիճակում ընտրատեղամասի մոտ խախտել է հասարակական կարգը, ապա` բռնություն գործադրել իրեն կարգի հրավիրելու փորձ կատարող, նշված ընտրատեղամասում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներ Շալիկո Գոմցյանի և Լևոն Իսկանդարյանի նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ա.Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

3. 2012թ. մայիսի 6-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ անձից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 78 հասցեում գտնվող 148 դպրոցում տեղակայված թիվ 4/27 ընտրատարածքի մուտքի մոտ ընտրակաշառք է բաժանվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ընտրակաշառք բաժանելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկել քաղաքացի Արմեն Մաթևոսյանին, ում մոտ` պայուսակում և գրպանում, հայտնաբերվել է համապատասխանաբար 380.000 և 128.000 դրամ գումար, ինչպես նաև` նոթատետր` տարբեր քաղաքացիների մասին գրառումներով:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ա.Մաթևոսյանը 2 քաղաքացու ընտրակաշառք է տվել` համապատասխանաբար 35.000 և 15.000 դրամ, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքի անդամները քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Նախապատրաստված նյութերը նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:

Ա.Մաթևոսյանը հաստատել է ընտրակաշառք բաժանելու փաստը, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում վերջինից ընտրակաշառք ստացած այլ քաղաքացիների շրջանակը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

4. 2012թ. մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել  Երևան քաղաքի Չարբախի  3-րդ փողոցի բնակչից այն մասին, որ  թաղամասի ԲՀԿ շտաբի պետը վերցրել է իր և կնոջ անձնագրային տվյալները` տալով 20.000 դրամ և առաջարկելով ՀՀ ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ մեծամասնական ընտրակարգով` թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

5. 2012թ. մայիսի 6-ին` ժամը 11:40-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 178 դպրոցի մոտ` նկարահանումների ժամանակ, Վարդան անունով ներկայացած անձը հարվածել է իր ձեռքին և փորձել խլել տեսախցիկը:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նույն օրը` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված թիվ 12/32 ընտրատեղամասի բակում ոմն Վարդանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը. դիտավորյալ հարվածել է Էլինա Չիլինգարյանի ձախ ձեռքին և գետնին գցել «ՖԼԻՊ» տեսակի տեսախցիկը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

6. 2012թ. մայիսի 6-ին` ժամը` 08:30-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից եւ Նազելի Յարալյանից այն մասին, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում, սակայն Գյումրիի քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է տեսախցիկը, իսկ հետո տեղամասից հանել է նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:

Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուղարկվել է Շիրակի մարզի դատախազին, ում կողմից ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին հանձնարարվել է ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:

Նախապատրաստված նյութերով 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

7. 2012թ. մայիսի 6-ին` ժամը 18:30-ին, ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում հաղոր-դում է ստացվել «Մաքս-ինֆո» լրատվական-վերլուծական գործակալության լրագրող Կարեն Հովհաննիսյանից այն մասին, որ նույն օրը` ժամը 09:30-ի սահմաններում, Գյումրիի թիվ 1 դպրոցում տեղակայված թիվ 34/26 ընտրատեղամասում անծանոթ 4 երիտասարդներ հագուստի վրայից պոկել են լրագրողի վկայականը, խլել ԲՀԿ-ի կողմից իրեն տրամադրված տեսախցիկը և հեռացել: Նույն օրը` 2 ժամ անց, տեսախցիկը վերադարձրել են կոտրված վիճակում:

Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնցով 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

8. 2012թ. մայիսի 6-ին «Լրագիր» ինտերնետային կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ նույն օրը` ժամը 08:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի թիվ 5 երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 34/21 ընտրատեղամաս են մտել մի խումբ անձինք, և ընտրությանը մասնակցող  «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող-օպերատոր Վլադիմիր Խաչատրյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելով, վերցրել են ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկն ու հեռացել:

Հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուղարկվել է Շիրակի մարզի դատախազին, ում հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031