Ավերակների զանգերն ու կովերը: Օտարվածի պատմություն

Վրաստանում ենք: Ինչ-որ մի տեղ, ինչ-որ մոռացված հետքեր են: Ոմանք կասեին` հին քաղաքակրթության հետքեր են, իսկ ես քայլում եմ ընդամենը անանուն ավերակների վրայով: Դժվար է տիրանալ օտար ավերակներին. կործանումը, օտար, թե սեփական, միևնույն ընթացքն ունի, միևնույն ավարտը: Բայց ինքդ քեզ ներում ես փլուզումից առաջ, ու ազատ անկում կատարում ներսում:

Փլատակներից զանգեր են լսվում: Ավերակված այս անկյունում հեշտանքի հետքեր են մնացել: Իրենց սկիզբն այստեղ պրծել են մարդիկ: Ուրիշների ավարտված պատմության դարպասներից ներս, նոր երկոտանիներ են անցել, մի քանի րոպե պատմություն ունեցել, ու խոնավ ոտքերով էլ լքել արահետը` իրենցից անկախ մեղադրելով բոզերին հարգելու միտումը:

Ֆոտոապարատը ձեռքիս քայլում եմ, ու ինչ որ մի անկյունից զանգի ձայներ եմ լսում: Եկեղեցին թալանված է, խաչը` ջարդված, մաքրումն անազատ: Ու կենդանական է սկիզբը, ավարտը` մարդկային` գիշատիչ: Եկեղեցին վաղուց արդեն չէր զանգի, մաքրման կանչի ծույլ խոստովանահայրերին: Եկեղեցու պատերի տակ հիմա արդեն սեռաքաղց խոստովանություններ են, մեղքերը` անմեղ մարմնական: Տերտերների խաչն էլ մամռակալել է:

 

Շունչս քթիս կուտակած` հայացքս գլորում եմ ուրիշների մոխրացրած պատմություններով… Բնակարանից մնացել են միայն անցորդների հորինած պատմությունները: Ջարդված են նրանց լուսամուտները, ավերակված է տանիքը… Բայց պատերը կանգուն են: Զանգերի ձայներն էլ այստեղից են: Ուրախ զնգում են: Անտանելի երկվություն է ծնում միտքդ:

Ավերակից է բարձրանում ապրողի շունչը: Նրանց շարունակությունն ինչ-որ տեղ է, որտեղ ոչ մեկս չկանք: Նրանք էլ չկան, ու նրանք էլ ապրում են իրենցից հեռու: Պատմության սկիզբն էլ, ավիրումն ու ավարտն էլ մնում են քարերի տակ: Ու փլատակներից լսվող ղողանջները հիմա նման են օգնության աղերսանքի: Մոտենում եմ: Ավերակներից երբեք զանգերի ձայներ չեն լսվում: Մոտենում եմ: Ավերակները սովորաբար լռում են, ու նրանց հետ զրուցում են միայն սեփականատերերը` հեռվից, անցորդների` քարերի տակից: Օտար փլատակների մեջ որոնումն էլ օտարածին է, բայց յուրայինի հիմք ունի: Փախչողը կարեկցում է փախստականին: Սեփական կործանումը խոստովանելու երես չունես, ու կործանվածներին մխիթարելով ես զգում ազատումդ: Ինքդ քեզ հետ էլ չես ամաչում:

Իսկ տան նկուղում կովեր են ապրում: Նրանց վզից էլ զանգերն են, որ հայտնում են կորուսյալների կորդինատները: Կիրառված մեթոդ է:

Վրույր Թադևոսյան, Վրաստան

 

ԶԼՄ-ները կարող են մեջբերել Aravot.am-ի նյութերը` մեջբերվող նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել