Լրահոս
Օրվա լրահոսը

Եթերում հաշմանդամին «կիսաֆաբրիկատ» են ասել, իսկ հաղորդավարը չի ուղղել

Հուլիս 17,2012 14:55

Արմեն Ալավերդյանի լուսանկարը՝ «Հետք»-ից

Հայաստանում շուրջ 6000 խուլ մարդ, կարելի է ասել, տեղեկատվությունից զրկված է, քանի որ հեռուստաընկերություններում սուրդոթարգմանություն գրեթե չկա: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա, ընդամենը 1-2 հաղորդումներ կան, որ սուրդոթարգմանություն է ապահովում, իսկ հանրային հեռուստաընկերությունը, որն օրենքով պետք է լրատվական հաղորդումները վազող տողով ապահովի խուլ մարդկանց համար, սակայն վազող տողը չի համապատասխանում էկրանի պատկերին եւ անընդհատ հնացած ու նույն լուրերն են պտտվում:

Պարոն Ալավերդյանի խոսքերով` խուլ մարդիկ դիմել են իրենց կազմակերպությանը եւ դժգոհել վազող տողի նման ձեւաչափից: «Ունիսոնը» այս տարվա փետրվար-մայիս ամիսներին մոնիթորինգի է ենթարկել բոլոր հեռուստաալիքների տարբեր հաղորդումներն ու սերիալները` պարզելու, թե ինչպիսի կարծիք է ձևավորում հեռուստատեսությունը հաշմանդամության ոլորտի մասին, ինչ տերմիններ և կադրեր են գործածվում հաշմանդամության հետ առնչվող նյութերում, որքանով են հաշվի առնվում լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները: Ըստ մոնիթորինգի արդյունքների, դեռեւս օգտագործվում են կարծրատիպային տերմիններ` անլիարժեք մարդ, սահմանափակ կարողություններով եւ այլն: Նման տերմիններն, իհարկե, շատ հաճախ չեն օգտագործվում, 30-40 տոկոս է, սակայն, ըստ Արմեն Ալավերդյանի, դա կոռեկտ չէ,  խթանում է կարծրատիպային վերաբերմունքը մարդկանց մոտ. «Նույնիսկ մի թոք-շոուի ժամանակ մասնակիցներից մեկը հաշմանդամ մարդուն «կիսաֆաբրիկատ» է անվանել, իսկ հեռուստահաղորդավարը չուղղեց նրան եւ չհորդորեց ճիշտ տերմին օգտագործել»:

Հ/կ ղեկավարի ներկայացմամբ, հեռուստասերիալներում էլ սխալ են ներկայացնում հաշմանդամ մարդուն. «Օրինակ` հերոսը դառնում է հաշմանդամ, չգիտես ինչու, անպայման սայլակավոր ու այդ պատճառով դառնում է չարացած, ագրեսիվ, հետո կամքի ուժի շնորհիվ ոտքի է կանգնում: Այս ամենը վտանգավոր է, քանի որ փաստորեն, նրանք, ովքեր ոտքի չեն կանգնում, ուրեմն կամքի ուժ չունե՞ն: Իրականում նման մարդկանց ոտքի կանգնելը պարզապես կախված է դիագնոզից, բժշկությունից , ֆիզիկական խնդիրներից»:

Ըստ Արմեն Ալավերդյանի, հաշմանդամություն ունեցող անձանց եւ այդ թեմայով խնդիրները ներկայացնում են տրագիկ եւ խղճահարություն առաջացնող շեշտադրմամբ. «Խղճահարություն հարուցելով չեն օգնում: Կամ էլ, ճիշտ հակառակ ձեւով են ներկայացնում` հերոսացնում են այն հաշմանդամին, որը մի բանի հասել է, կամ աշխատում է: Այսպես ենթադրվում է, որ մարդը անպայման հարբեցող կամ բոմժ դառնար, եթե չդառավ, ուրեմն` հերոս է: Շատ է հերոսացման միտումը: Պետք է նորմալ ներկայացնել, որպես սովորական երեւույթ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031