Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավոր. «Բա կարող է ես ոստիկանապետին նենց բան եմ ասելու` մազերը բիզ-բիզ են կանգնելու»

Հուլիս 31,2012 19:30

Երեկվանից ՀՀ ոստիկանության շենքի առջեւ անժամկետ հացադուլ հայտարարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին գիշերը ժամը 3-ին փոխոստիկանապետներ Հունան Պողոսյանը եւ Սաշիկ Աֆյանը, ինչպես հացադուլավորն ասաց, խնդրել-աղաչել են` տուն գնա, պայմանով, որ այսօր ընդունելություն կկազմակերպեն: Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Ալումյանը: Նրա փոխանցմամբ. «Տարան «Ռայկոմ» հասցրին, 2000 հազար դրամ տվեցին, որ Հրազդան հասնեմ»:

Այսօր առավոտյան ժամը 7-ից Մխիթար Ալումյանը կրկին ոստիկանության շենքի դիմաց է եղել, սակայն ինչպես նա վստահեցրեց` ոստիկանապետն ու մնացած բոլոր պաշտոնյաները մեքենաներով անցել են նրա կողքով եւ ոչ ոք բանի տեղ չի դրել. «Ոնց որ կամ եղած, կամ չեղած: Հիմա էլ ոստիկան են նշանակել կողքս, ոնց որ հանցագործ լինեմ էլի: Գնացել եմ տուն , էրեխեքիս արեւ , մի կտոր հաց չեմ կերել, թող տանեն ստուգեն , որ հետո չասեն գնացել ա` հաց ա կերել ու եկել»:

Մխիթար Ալումյանի ներկայացմամբ` երեկ իր ներկայությամբ ոստիկանության կենտրոնի բաժնի պետը հեռախոսով զրուցել է փոխոստիկանապետի հետ, որն էլ այդ ընթացքում հեռախոսակապի մեջ է եղել ոստիկանապետի հետ, ու խոստացել էին այսօր մինչեւ առավոտյան ժամը 10.00-ն Ալումյանին ընդունել, ինչն այդպես էլ, մինչ այս պահը տեղի չի ունեցել: Ալումյանի խոսքերով`«Խոստացան այսօր պահպանության վարչության ղեկավարներին կանչեն, ժողով անեն, ինձ էլ ընդունեն, բայց խաբեցին: էսօր ես տեսա պետական պահպանության վարչության նախկին պետը` Խաչիկ Ասատրյանը, եւ մեր վաշտի հրամանատարը այստեղ էին, բայց ինձ ոչ ոք չմոտեցավ»:

Մեզ հետ զրույցում Մխիթար Ալումյանը վստահեցրեց, որ եթե այսօր իրեն չընդունեն, վաղն իրեն են միանալու 5 անչափահաս երեխաներն ու կինը: Հարցին, թե երեխանե՞րն էլ են հացադուլ անելու, Ալումյանն ասաց. «Չէ, ուղղակի թող գան կողքս նստեն, իրանց մի «պաչկա պեչենին» ուտեն: Իսկ ես «վառոտների» մոտ եմ կանգնելու, էդ մեր շնորհիվ ա Վլադիմիր Գասպարյանը նախարար դառել ու չի ուզո՞ւմ ընդունի, իրա ավտոյի տակ եմ պառկելու, մեքենան շուռ կտամ, դե թող տանեն կալանավորեն: Էդ մարդու հետ ուրիշ տարբերակ չկա, այ մարդ, կարող ա ես քեզ նենց բան եմ ասում` պաշտոնական դիրքի չարաշահման մասին, որ մազերդ բիզ-բիզ ա կայնում, բա դու մի հատ խի՞ չես ուզում լսես»:

Հիշեցնենք, որ Մխիթար Ալումյանը հացադուլ է հայտարարել, քանի որ ՀՀ ոստիկանությունը իրեն պարտք է 2.5 միլիոն դրամ` արտաժամյա աշխատանքի համար, որը հրաժարվում են վճարել, պատճառաբանելով` իբր գրանցամատյանները, որտեղ հատ-հատ նշվել է թե, որ օրը, որքան է աշխատել, կորել են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031