Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏԱԿ-ի տնօրեն. Գործատուն մի րոպեում կարող է ստուգել դիպլոմների իսկությունը

Նոյեմբեր 01,2012 15:41

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), ի թիվս այլ ծրագրերի, իրականացրել է եւս մեկը: ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ կար կառավարության հանձնարարական, որ ԿԳ նախարարությունը ստեղծի մի տեղեկատվական համակարգ, որտեղ զետեղված լինեն ՀՀ բուհերի շրջանավարտների տվյալները՝ սկսած 1990 թվականից: Համակարգն (https://students.armedu.am) արդեն ստեղծված է, որոշակի տեղեկատվություն էլ՝ զետեղված, օրինակ՝ 2011 թվականի բոլոր շրջանավարտների տվյալները առկա են այնտեղ, եւ շարունակվում է ինֆորմացիան ամբողջացնելու գործընթացը: «Դա շատ ծավալուն աշխատանք է, բուհերը, այդ թվում եւ ոչ պետական, շարունակում են ներկայացնել տվյալները: 2012 թվականից այնտեղ կլինեն նաեւ դպրոցների բոլոր շրջանավարտների ատեստատների համարները, 9-րդ դասարանների վկայականները»,- նշեց պարոն Պողոսյանը:

Aravot.am-ը հարցրեց՝ համակարգի ստեղծումը չի՞ զգոնացրել բուհերին: «Իհարկե պետք է զգոնացնի, բայց նաեւ նշեմ, որ բուհերը որեւէ խոչընդոտ չեն առաջացնում: Մենք տեղադրում ենք իրենց ուղարկած տվյալները ու նշում, որ տեղեկատվության համար պատասխանատվություն են կրում ուսումնական հաստատությունները: Մենք ոչինչ չենք փոխում, տեղեկատվությունն այնպես ենք ներկայացնում, ինչպես ստացվել է: Երբ արդեն պատրաստ կլինի տեղեկատվական համակարգը, ցանկացած գործատու կկարողանա մեկ րոպեի ընթացքում ստուգել դիպլոմների տրցակով իր մոտ եկած այն մարդուն: Գործատուն կարող է հանգիստ ստուգել հավաստիությունը, իսկապես այդ մարդը այսինչ թվականին ավարտել է կոնկրետ բուհի կոնկրետ ֆակուլտետ: Սա տանում է կրթության թափանցիկության, այս ամենը տեղադրված է ինչպես students.armedu.am-ում, այնպես էլ ԿԳ նախարարության edu.am պաշտոնական կայքում»,- հայտնեց Պողոսյանը:

Հետաքրքրվեցինք՝ այս պրակտիկան տարածաշրջանի որ երկրներում է կիրառվում: «Չեմ հետաքրքրվել, նման ուսումնասիրություն շատ դեպքերում չենք էլ անում, եթե որեւէ բան մեր երկրին պետք է, իրագործում ենք»,-նշեց մեր զրուցակիցը:

Նաեւ հավելեց, որ «դրսում» կան բազմազան տեղեկատվական կառավարման համակարգեր, սակայն դրանք միայն կառավարման օղակների ներքին օգտագործման համար են. «Օրինակ, Լիտվայում կա կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, որի պարագայում առաջին դասարանից սովորողի տվյալները փոխանցվում են մինչեւ բուհի ավարտելը: Ի դեպ, նաեւ ֆինանսավորման խնդիր կա. նմանատիպ համակարգերի ստեղծելն ու պահպանելը ծախսատար է եւ աշխատատար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930