Լրահոս
Օրվա լրահոսը

Բազարի օրենքով

Դեկտեմբեր 12,2012 13:48

Ես գիտեմ, որ իմ գրածը դժգոհություն կառաջացնի կործանման, աղետի եւ ապոկալիպսիսի տեսության ջատագովների մոտ, բայց պիտի ներկայացնեմ իմ աչքով տեսածը: Կիրակի օրը առաջին անգամ եղա «Դալմա գարդեն» հիպերմարկետում: Խնդիրն այն չէ, որ այն հիշեցնում է արեւմտյան նման «հաստատությունները»: Ավելի ուշագրավ է այն, որ այդ հսկայական շենքը լեփ-լեցուն էր, եւ չեմ կարծում, որ այդ հազարավոր մարդիկ բոլորն առանց բացառության քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ էին, կաշառակերներ էին եւ ՀՀԿ անդամներ: Պարզապես մարդիկ կան, որոնք գերադասում են այցելել ոչ թե մի քանի տասնյակ մետր հարեւանությամբ գտնվող՝ «Հրազդանի» տոնավաճառ կոչվող արեւելյան բազարը, որտեղ ապրանքները մի քիչ ավելի էժան են, ու կարելի է նաեւ սակարկել, այլ այս հիպերմարկետը՝ իր շատրվաններով, երաժշտությամբ եւ սրճարաններով, որտեղ քեզ պարտադիր ՀԴՄ կտրոն են տալիս:

Մարդիկ կան, որոնք բողոքում են դրա դեմ, անիծում են, ընդվզում են՝ ոչ թե այն պատճառով, որ աղքատ են եւ չեն կարող այնտեղ առեւտուր անել, այլ՝ որովհետեւ սովոր են բազարին: Ճիշտ նույն տրամաբանությամբ մարդիկ բողոքում են արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի դեմ: Թվում է, թե ի՞նչ կա դրա մեջ՝ մի խախտեք երթեւեկության կանոնները եւ չեք «նկարահանվի» ու տուգանվի: Բայց ոչ՝ եթե նրանք «բոլորի նման» քշեն օրենքներով, ապա ինչով, ինչպես են ցույց տալու, որ լավ տղերք են, բոլորի նման չեն, որ շուստրի են եւ աչքաբաց: Այ, երբ կանգնած է ճանապարհային ոստիկանը, այդ բոլոր գովելի հատկանիշները հնարավոր է ցուցադրել՝ այդ ոստիկանների հետ «բազար» անելով: Նախ՝ եթե դու «հարգված տղա» ես, «գաիշնիկը» կարող է քեզ եւ չտուգանել, ասել՝ «գնա, թագավոր ախպեր»: Եթե «նարուշիլովկա» ունես, դարձյալ կարող ես դա հպարտորեն ցույց տալ: Կան նաեւ բազմաթիվ այլ տարբերակներ քո՝ «ոչ սովորական տղա» լինելն ապացուցելու համար. կարող ես զանգահարել բաջանաղիդ հորեղբոր որդուն, որը դասակի հրամանատար է, եւ նա «խաթրով», «ջիգյարով», ինչպես նաեւ «նամուսով» եւ «թասիբով» քո խնդիրները կլուծի: Վերջապես, եթե ամենն էլ չի գործում, քո եւ ճանապարհային ոստիկանի միջեւ մի քանի ակնթարթ «պաուզա» է տեղի ունենում, որից հետո «գաիշնիկը» ասում է՝ «հը, հմի ի՞նչ ես ասում» կախարդական ֆրազը, որից հետո դու կհասկանաս՝ ժամանակն է գրպանից հանել 5 կամ 10 հազարանոցը: Եվ նա քեզ բաց կթողնի. բա էլ ինչի՞ համար է «մարդկությունը», որն այդքան բնորոշ է մեր ազգին: Իսկ հիմա պատկերացրեք, որ ճանապարհային ոստիկանի փոխարեն դրված է արագաչափը կամ տեսանկարահանող սարքը՝ մետաղի կտորը, որը ոչ «ջիգյար» ունի, ոչ «թասիբ», ոչ էլ «մարդկություն գիտի»: Հարաբերությունների մի ամբողջ համակարգ, կասեի նույնիսկ՝ կյանքի փիլիսոփայություն դրանով փլուզվում է: Դու դառնում ես «բոլորի» նման ու այլեւս չես կարող պարծենալ քո առանձնահատուկ օրինազանցությամբ: Այստեղից՝ բողոքներ թե՛ «լավ տղերքի» եւ թե՛, բնականաբար, կաշառքներով «տուն պահող» ոստիկանների կողմից:

Կներեք, իհարկե, որ այսօր չգրեցի նախագահական ընտրությունների մասին: Պարզապես անկեղծորեն կարծում եմ, որ մեր խնդիրները նախագահի անձով չեն պայմանավորված: Իհարկե, «բազարի» կողմնակիցներն այդպես չեն մտածում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31