Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյան. 2012-ը բովանդակային ձեռքբերումների տարի էր

Դեկտեմբեր 26,2012 13:37

 Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության  վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր ամփոփեց տարին: Նա նշեց, որ  161 դպրոցներում ձեռքբերումների տարի էր հատկապես  բովանդակային առումով: Ատեստավորվել է 1099 ուսուցիչ, 1180 աշակերտների համար 41 դպրոցում ներառական կրթություն է իրականացվում: Ընդ որում, այդ դպրոցներում թեքահարթակներ են տեղադրվել ոչ միայն մուտքերի մոտ, այլեւ շենքի ներսում:

Տիկին Սողոմոնյանը նշեց, որ Ucom ընկերության հետ ստորագրվել է հուշագիր, որի արդյունքում երեւանյան եւ եվրոպական դպրոցների միջեւ կարող է տեսակամուրջ կազմակերպվել: Նման հեռուստակամուրջ՝ հայագիտական թեմայով, արդեն եղել է Մոնրեալի դպրոցներից մեկի հետ:

Կրթության վարչության պետը տեղեկացրեց, որ առարկայական օլիմպիադաների մասնակցած 7850 երեխաներից ընտրված հաղթողները պարգեւատրվել են պատվոգրերով, նրանց ընդունել է Երեւանի քաղաքապետը ու նվիրել Չարենցի անտիպների ժողովածուն՝ չարենցյան տարվա համատեքստում: Սողոմոնյանի ասելով, ողջ տարվա ընթացքում ոչ միայն շնորհալի երեխաները, այլեւ նրանց միջոցառումներում ընդգրկած ուսուցիչները քաղաքապետի ուշադրության կենտրոնում են եղել, իսկ բոլոր կարեւորագույն միջոցառումներն անցկացվել են ԿԳ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ: Այդ թվում է նաեւ Շախմատի 7-րդ օլիմպիադան:

Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի ու Մոսկվայի քաղաքապետարանների  համագործակցության արդյունքում ռուսաստանցի գիտնականներն ու ուսուցիչները ոչ միայն դասախոսություններ են կարդացել մեր դպրոցներում, այլեւ իրենք դասավանդել:

Տիկին Սողոմոնյանի ասելով, սիրիահայ երեխաները եւս շրջապատված են հոգածությամբ, ներկայումս  270 երեխա կրթություն է ստանում Նար- Դոսի անվան թիվ 17 դպրոցում, որտեղ կազմակերպվել է նաեւ Կիլիկյան վարժարան:

«Այսօր Երեւանում չկա ոչ մի չջեռուցվող դպրոց: Եվ եթե նախկինում  ֆիզկուլտուրա առարկան որոշ դպրոցներում ինչ-ինչ պատճառներով չէր անցկացվում, այսօր ուրախալի է, որ երեխաները մարզահագուստով ու նորմալ պայմաններում են մասնակցում ֆիզկուլտուրայի դասերին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31