Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է Սերժ Սարգսյանին փոխել եւ անվճար ծառայել 5 տարի

Հունվար 08,2013 20:33

«Եթե Դուք հիմա չեք բացառում, որ հնարավոր է համագործակցեք Սերժ Սարգսյանի հետ, ես` որպես ընտրող, որտեղի՞ց ունենամ երաշխիքներ, որ Դուք ընտրապայքարի մեջ եք մտել՝ ոչ թե ինչ-որ պաշտոն ստանալու համար, կարո՞ղ եք տալ նման երաշխիք»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում  այս հարցին նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ուրիշների համար երաշխիք չեմ կարող տալ: Նույնպես ես չէի ուզենա, որ իմ խոսքի երաշխիքով քո քաղաքացիական ազատությունը կաշկանդեի, եւ դու ընտրեիր՝ զուտ խոսքի երաշխիքով: Ես պարզապես կարող եմ ասել, որ իմ հետագիծը կա հանրային ծառայության՝ իր դրական էջերով, իր վրիպումներով: Դա բաց է եղել քո առջեւ եւ ողջ ժողովրդի առաջ: Այդպես էլ պիտի շարունակվի՝ բաց, անմիջական եւ հաշվետու: Ես կարող եմ ասել առանց դրամատիկացնելու կամ ռոմանտիկայի ոլորտ տանելու, որ ես պարտավոր եմ անգամ կյանքի գնով տեսնել դե յուրե Սահմանադրական Հայաստան: Իսկ ընտրությունը պետք է կատարի շարքային քաղաքացին: Հիմնական ընտրապայքարը լինելու է գործող նախագահի եւ իմ միջեւ, բայց դա չի նշանակում, որ քաղաքացին պետք է չգա ու մասնակցի: Ես ուզում եմ, որ քաղաքացին մասնակցի, թեկուզ ինձ համար չքվեարկի, որովհետեւ յուրաքանչյուր չիրացված քվեաթերթիկ նշանակում է այս իշխանության վերարտադրումը, եւ դա պետք է բացառել»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ չեք բացառում իշխանության հետ համագործակցությունը, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կունենանք նոր իշխանություն»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, Սերժ Սարգսյանը պիտի փոխվի՞, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Պիտի փոխվի, այո: Եվ հետո մենք կհամագործակցենք այս խորհրդարանի հետ, որտեղ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, եւ միասին կտանենք Հայաստանը դեպի նոր Սահմանադրություն եւ խորհրդարանական հանրապետություն, որտեղ բիզնեսը եւ իշխանությունը տարանջատված են, եւ որտեղ իշխանության ճյուղերը նույնպես տարբաժանված են, որտեղ Հայաստանի քաղաքացին երաշխավորված է ոչ թե թեկնածուի խոսքով, անգամ նախագահի բարձր հովանու տակ, այլ՝ Սահմանադրությամբ եւ իր իրավունքով»:

Մեր դիտարկմանը, որ խորհրդարանում արդեն բիզնես ոլորտի մեծ ներկայացուցչություն կա, ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց, որ դա պիտի բացառվի. «Դա պիտի բացառվի ոչ միայն խորհրդարանում, այլեւ դատական ատյաններում, նախագահականում, վարչապետարանում: Ամենուր դա պիտի բացառենք, եւ ես առաջարկում եմ անել դա իմ օրինակով, որովհետեւ ես որեւէ բիզնես կախվածություն չունեմ: Ես ասում եմ, որ  ես լիարժեք, անմնացորդ, առանց պայմանների, առանց բիզնես շահագրգռության եւ անվճար ծառայելու եմ 5 տարի եւ ոչ ավելի»:

Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031