Ինչպես սարքել մեխանիզմը

Վերջերս նայում էի ամերիկյան «Newsroom» սերիալը՝ այն լրագրողների աշխատանքի մասին է: Առաջին տպավորությունը, որն առաջացել է թե իմ եւ թե, որքան շփվել եմ, իմ հայաստանյան գործընկերների մոտ, հետեւյալն է. ոչ տաղանդով, ոչ պրոֆեսիոնալիզմով մեր լրագրողները (խոսքը հենց լրագրողների եւ ոչ թե քարոզիչների կամ լուրեր մոգոնողների մասին է) չեն զիջում ամերիկացիներին: Փոխարենը նրանք ունեն լուրեր թողարկելու յուղած եւ տեխնիկապես կատարյալ մեքենա, որը տարբերվում է մեր մեքենայից ճիշտ այնքանով, որքանով տարբերվում են «նորագույն» «Երազը» նորագույն «Ֆորդից»:

Սերիալը հիշեցի՝ կարդալով լուրերն այն մասին, թե ինչպես է ԱՄՆ նախագահը առաջ քաշում Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի եւ պաշտպանության նախարարի թեկնածուներին, եւ ինչպես են դրանք քննարկելու Կոնգրեսում: Սա էլ տվյալ երկրի պետական մեխանիզմի կարգավորված լինելու վկայությունն է: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Օբամային հեշտ չի լինելու նշանակել Ջոն Բրենանին եւ Չաք Հեյգելին այդ պաշտոններին, որովհետեւ Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականները բազմաթիվ դժգոհություններ ունեն այդ թեկնածուներից: Ավելին, տվյալ դեպքում դեմոկրատները նույնպես կարող են առարկություններ ունենալ, որովհետեւ Հեյգելը (որն, ի դեպ, Վիետնամի պատերազմի վետերան է) հենց Հանրապետական, այսինքն՝ ձեւական առումով «ընդդիմադիր» կուսակցության անդամ է, ինչը, սակայն, չի ազդել դեմոկրատ Օբամայի որոշման վրա: Այս հակակշիռների համակարգի շնորհիվ է, որ Օբաման չի կարող եւ չի էլ փորձելու բարձր պաշտոններում նշանակումներ անել «թայֆայական» սկզբունքով, իսկ եթե դա ինչ-որ հրաշքով տեղի ունենա, միեւնույն է՝ հասարակությունը, Կոնգրեսը, Սենատը, լրատվամիջոցները այնպիսի ճնշում կգործադրեն, որ նման պաշտոնյաներից ու գուցե նման նախագահից հեշտությամբ կազատվեն: Ամերիկացի պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները ոչ բարոյական եւ ոչ էլ ինտելեկտուալ առումով չեն գերազանցում մերոնց (չհաշված կրթական ցենզը, որը մեր ԱԺ պատգամավորների կեսի մոտ բացակայում է): Պարզապես այդ երկրում մոտ 240 տարում ստեղծվել են այնպիսի ինստիտուտներ, այնպիսի մեխանիզմներ, որոնք կարողանում են արդյունավետ կազմակերպել քաղաքական եւ տնտեսական կյանքը:

Մենք, իհարկե, 240 տարի սպասելու ժամանակ չունենք: Ոչ էլ, հաշվի առնելով մեր շրջապատը, կարող ենք մեզ թույլ տալ ապստամբություններ, հեղափոխություններ, քաղաքացիական պատերազմներ եւ այլ «շռայլություններ», որոնք եղել են ԱՄՆ եւ այլ՝ ներկայումս քիչ թե շատ բարեհաջող պետությունների պատմության մեջ: Մեզ համար հավասարապես վտանգավոր են թե լճացումը եւ թե հեղափոխությունը: Մնում է կազմակերպված, խաղաղ, զուսպ, բայց նաեւ վճռական ճնշումը, որը մեր երկրին բարեփոխումներ կպարտադրի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք