Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի կալանավորը, բերանը կարելով, անժամկետ հացադուլ է հայտարարել

Հունվար 14,2013 22:16

Այսօր երեկոյան «Արթիկ» ՔԿՀ-ից «Վանաձոր» ՔԿՀ վերադարձված Շալիկո Մանուչարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել` կարելով բերանը: Այդկերպ նա իր բողոքն է արտահայտում դատախազության եւ ոստիկանության դեմ:

Մանուչարյանը նախորդ տարվա մայիսի 30-ից կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 112 եւ 135 հոդվածներով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը` առաջադրված մեղադրանքը անհիմն է, կալանքի տակ էլ իր պաշտպանյալին ապօրինաբար  են պահում:

Շալիկո Մանուչարյանի ծնողները այսօր դիմում-բողոք էին ուղարկել  լրատվամիջոցներին, իրավապաշտան կազմակերպություններին` խնդրելով աջակցել որդու խախտված իրավունքների պաշտպանության հարցում: Նրանք նաեւ տեղեկացրել էին որդու` հացադուլ հայտարարելու մտադրության մասին: Նրանց նամակում ասվում է.

«2010 թ. նոյեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում ցերեկը ինչ-որ անձ կրակել է Վանաձոր քաղաքի բնակիչ Արսեն Փերիխանյանի վրա եւ դիմել փախուստի: Այդ դեպքի մասին մենք իմացել ենք նույն օրը, երբ ոստիկանները լցվել էին մեր տուն եւ տղայիս՝ Շալիկո Սերգեյի Մանուչարյանին էին հարցնում: Մեր որդին այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի:

2012 թ. մայիսի 30-ին ոստիկանները ներխուժել են մեր տուն եւ մեր որդուն տարել են Վանաձորի ոստիկանություն՝ մեզ ասելով, որ նրա նկատմամբ դատարանի սանկցիա կա: Ներկայումս մեր տղան անհիմն կալանավորված է եւ ապօրինաբար արդեն 7,5 ամիս գտնվում է կալանավայրում: Նրան մեղադրում են իր չկատարած արարքի մեջ: Այն, որ իմ որդին այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի, գիտեն բոլորը, այդ թվում Լոռու եւ Շիրակի մարզի դատախազները եւ քննիչներն ու ոստիկանները:

Տղայիս սկզբից պահում էին Վանաձորի քննչական մեկուսարանում, այնուհետեւ տեղափոխեցին Արթիկի բերդ, մոտ 4 ամիս անց նորից տեղափոխում են Վանաձորի մեկուսարան: Չեն կարողանում հաստատել որդուս գլխին «սարքած» մեղադրանքը, դրա համար կարծես թե Շիրակի եւ Լոռու մարզերի դատախազները եւ քննիչները մտել են մրցավազքի մեջ. Իրար, այսպես ասած, «պաս» են տալիս, չեն կարողանում կոնկրետացնել, թե դատախազներից որ մեկը պետք է հաստատի անմեղ մարդու վրա «բարդած» մեղքը:

Վանաձոր քաղաքում տարբեր մարդկանցից լսել ենք, որ իրավապահները, հստակ ցուցում ունենալով Շալիկո Մանուչարյանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Լոռու մարզի դատախազից, իրենցից կախման մեջ գտնվող մարդկանց կանչել եւ հարցաքննել են իբրեւ ականատես վկաներ: Այդ մարդկանցից, օրինակ, ոմն Սուրենին ճանաչում է գրեթե ամբողջ Վանաձոր քաղաքը, ճանաչում է որպես նախկին ՕԲԽՍՍ-ի հաստիքային գործակալի, ապա նաեւ ոստիկանների գործակալի, ով մշտապես ընթերակայի կարգավիճակ ունի եւ բազում մարդիկ նրա վկայություններով դատապարտվել են: Իսկ մեկ այլ, այսպես ասած, վկան հանրաճանաչ ալկոհոլիկ եւ մուրացկան է:

Դեպքը տեղի է ունեցել Վանաձորի կենտրոնական, մարդաշատ փողոցի վրա, ամենաաշխույժ սրճարանի մոտ, օրվա ցերեկային ժամին, եւ ինչպես է ստացվել, որ բացի այդ «վկաներից»», որեւէ այլ՝ ոստիկաններից կախման մեջ չգտնվող անձ չի տեսել, որ մեր տղան է «հանցագործը»:

Դիմելով ձեզ՝ խնդրում ենք, որ մեր տղայի վերաբերյալ քննվող քրեական գործը ձեր ուշադրության կենտրոնում պահեք: Զգալով ձեր հետաքրքրությունը գործի նկատմամբ՝ իրավապահները հնարավոր է՝ հետ կանգնեն մեր տղայի նկատմամբ հարուցված անհիմն մեղադրանքից եւ ապօրինություններից, ուստի խնդրում ենք ձեզ հարգել մեր ծնողական խնդրանքը»,-նշված է դիմումի մեջ:
 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031