Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի «գլխից կթռնի՞». «Մենք ՀԱԿ-ին չենք տվել այդ լիազորությունը առաջադրելու կամ որոշումներ ընդունելու»

Հունվար 14,2013 23:05

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն այսօր ասաց, որ ՀՀՇ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ սատարելո՞ւ է Հրանտ Բագրատյանին կամ որեւէ այլ թեկնածուի, թե՞ ոչ:

Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ փաստորեն ՀԱԿ-ի  հայտարարությունը, որ «որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»  կոնգրեսականների համար որեւէ բան չի՞ նշանակում: Արդեն Սոս Գիմիշյանը հայտարարել է Հրանտ Բագրատյանին սատարելու մասին, ՀՀՇ-ն դեռ մտածում է, սա Կոնգրեսի, Լեւոն Տեր-Պետրոսյանի «գլխից թռնել» չի՞ ՝ նա պատասխանեց. «Ես գոնե այս վերջին 5 տարվա ընթացքում միշտ  շեշտում էի թե՛ կուսակցության մեջ,  թե՛ մամուլում, որ կուսակցությունները չպետք է կորցնեն իրենց դեմքը: Շատ դժվար է իհարկե դա անել: Հասկանում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի խարիզման:  Ես չեմ կարծում, որ դա գլխից թռնել է, որովհետեւ ամեն կուսակցություն ի վերջո ինքնուրույն մարմին է,  եւ ինքը կարող է իր համար որոշումներ կայացնել:  Գոնե այդ դեպքում ինքը կմնա կուսակցություն: Դա չի նշանակում գլխից թռչել»:

Մենք ճշտեցինք ՝ՀԱԿ-ը այսինքն չկա՞ այլեւս, ամեն մի կուսակցություն առանձի՞ն է, նա պատասխանեց. «Չէ: Ի՞նչ կապ ունի՝ ՀԱԿ-ը կա՞, թե՞ չկա: Մեզանից ոչ ոք, մենք ՀԱԿ-ին չենք տվել այդ լիազորությունը` առաջադրելու կամ որոշումներ ընդունելու: Մենք ինքնուրույն կուսակցություն ենք, եւ իրավունք ունենք մեր որոշումներն ընդունելու»:

Մեր հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից Դուք վիրավորվա՞ծ եք իր այդ որոշման համար, նրա համար, որ շարժում ստեղծվեց, համախմբում եղավ, հասավ, աճեց, հետո՝ այսպես ասած  «գնացինք տներով» եղավ, նա պատասխանեց. «Ես ինչո՞ւ պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման համար վիրավորված լինեմ: Ինքը հաշվարկ արեց, այդպես որոշեց: Հաշվարկի մեջ կարող էր սխալ լիներ: Կարող է սխալ հաշվարկած լիներ , բայց բոլորն էլ սխալվում են, այդ թվում նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես եւ ցանկացած մեկը: Բայց ինքը այդպես որոշեց, եւ ես, մենք պետք է հարգենք այդ որոշումը, փորձենք այս նոր իրավիճակում գտնել  մեր քաղաքական պայքարի օպտիմալ ձեւը»:

Հովհաննես Իգիթյանը նաեւ ասաց, որ ինքը տեսնում է երկու լուրջ թեկնածուներ, որոնց կարելի է սատարել՝ Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ես չեմ կարծում, որ Հրանտ Բագրատյանի նպատակը Սերժ Սարգսյանին կամ այս ընտրությունները լեգիտիմացնելն է կամ նրա ջրաղացին ջուր լցնելը: Ինքը իր կուսակցության լիդերն է, ասելիք ունի, ծրագիր ունի, փորձում է քաղաքական դաշտում զգալի տեղ, համարժեք տեղ զբաղեցնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031