Լրահոս
Օրվա լրահոսը

Հասցեները փոխվել են, բայց ընտրացուցակները մնացել են նույնը. նախընտրական առաջին խախտումները

Հունվար 17,2013 14:51

ԿԸՀ-ն փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է 6 տեղական կազմակերպությունների: Դրանք են՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության», «Հարմոնիա», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» կազմակերպությունները:

Aravot.am-ը նշված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ զրույցում պարզեց, որ արդեն գրանցվել են որոշ խնդիրներ՝ կապված ՀՀ նախագահական ընտրությունների կազմակերպման հետ:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցը առանձնացրեց ընտրագրավի հարցը և մանրամասնեց. «Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք իրավունք ունի առաջադրվելու: Պայմաններում, թե ով կարող է առաջադրվել թեկնածու, ընտրագրավի գումարի չափը չկա: Բայց հաշվի առնելով միջազգային պրակտիկան՝ մեզ մոտ ընտրագրավի գումարը ոչ համարժեք է այն իրավիճակին, որում գտնվում է երկիրը: Մյուս խնդիրն այն է, որ ոչ բոլոր թեկնածուներն ունեն ներկայացուցչություն ապահովելու համարժեք ռեսուրսները: Մեկն ունի իշխանական, վարչական թեկնածուական ռեսուրսներ, մնացածները չունեն այդ: Ուստի ի սկզբանե արդեն անհավասար վիճակ է: Արտառոցը երկրի վիճակն է, երբ ամբողջ պետական ապարատն ու Հանրապետական կուսակցությունը սերտաճած են»:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ իրենց մոտ խառնաշփոթ է առաջացրել քաղաքներում հասցեների փոփոխությունը: Նա մանրամասնեց. «Հիմա իրականացնում ենք ընտրացուցակների ճշտում: Շատ մեծ խնդիր ունենք: Քաղաքներում հասցեների փոփոխություն է կատարվել, բայց ընտրացուցակներում մեծ մասամբ դեռ այդ հասցեները փոփոխված չեն: Օրինակ՝ Պռոշյան 8 հասցեն տեղափոխվել է Պռոշյան 10, այց ընտրացուցակում դեռ Պռոշյան 8 է մնացել: Ուստի ասում են, թե Պռոշյան 10-ում նման մարդ չկա, արդյունքում առաջանում է խառը վիճակ»:

Հետաքրքրվեցինք՝ այս պահի դրությամբ ճնշումներ ընտրողների և դիտորդների վրա, թեկնածուների ներկայացվածության անհավասարություն նկատվու՞մ է: Տիկին Գևորգյանը պատասխանեց. « Այս պահին դեռ մեզ մոտ մեռյալ, ապատիկ, զրոյական վիճակ է: Սակայն նախորդ ընտրությունների ժամանակ նկարում էին, կանգնում, նայում, թե ով գնաց ընդդիմադիրների հետ հանդիպումներին, գնում էին տները, վախեցնում, թե ինչու էիր գնացել Դաշնակների, Կոնգրեսի հավաքին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031