Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդանը հարևաններին ու դասարանի աղջիկներին էր գործի տեղավորում, Բալասանյանի տեղակալն էլ` իր ընտանիքին»

Հունվար 18,2013 22:01

Գյումրու նորընտիր  քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից աշխատանքից հեռացված  քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ երեկ  ահազանգել էին մեր խմբագրություն ` տեղեկացնելով, որ  փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը   իր ընտանիքի անդամներին  հերթով աշխատանքի է տեղավորում քաղաքապետարանում: Նրանց ներկայացմամբ`  վերջինս իր տղաներից մեկին  ընդունել է որպես  իրեն վարորդ, մյուս տղային բերել է իրավաբանական բաժնում աշխատելու, մտադրված է քաղաքապետարան բերելու նաև  դստերը: Ավելին, բողոքավորների ասելով, փոխքաղաքապետը չափագրման օֆիս է հիմնել, ու  անշարժ գույքի առուվաճառք կատարողներին  պարտադրում է չափագրումներն անպայման իր մոտ պատվիրել, այլապես, ըստ բողոքավորների, հակադրվողներին սպառնում է   լուրջ խնդիրներ ստեղծել քաղաքապետարանում:

Քաղաքապետարանի նախկին աշխատակիցները անգամ հասցրել էին ճշտել, որ փոխքաղաքապետի 3 որդիներից և ոչ մեկը չի ծառայել Հայոց բանակում: Ըստ նրանց, իրենք այսքան չէին խորանա փաստերի մեջ, եթե պարոն Բալասանյանը չընկներ «վարդանական» կադրերի հետևից ու չհայտարարեր, թե  մասնագետներին բարձր է գնահատում, նրանց  խաթրին չի կպնելու: «Պարոն Բալասանյան, սա՞ է   քաղաքապետարանը մասնագետներով համալրելը , գոնե Վարդանը  իր հարևաններին ու դասարանի աղջիկներին էր գործի տեղավորում,  բայց դուք ձեր ընտանիքներին  եք տեղավորում , սպասո՞ւմ էիք,  որ Վարդանը  ոտքը քաշի քաղաքապետարանից, տեղ ազատվի,  գայիք ընտանիքներով լցվեիք աշխատելո՞ւ», -վրդովված ներկայացնում էր կրճատվածներից մեկը:

Նշենք, որ ելնելով էթիկայի նորմերից,  չենք հրապարակում  զայրույթի պահին բողոքավորների հնչեցրած վիրավորական բառերը:

Aravot.am-ը այս հարցերի շուրջ պարզաբանումներ խնդրեց հենց փոխքաղաքապետ, մասնագիտությամբ իրավաբան, թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի   Գուրգեն Մալխասյանից: Մենք նրանից նախևառաջ հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ  է իրականությանը համապատասխանում քաղաքապետարանի նախկին աշխատակիցների այն բողոքը, թե  նա հերթով աշխատանքի է տեղավորում իր ընտանիքի անդամներին: «Բացարձակապես  չի համապատասխանում իրականությանը, ընդամենը իմ կրտսեր որդին աշխատում է որպես վարորդ,  իմ  ծառայողական մեքենան է վարում, էդտեղ ոչ բարոյական, ոչ իրավական  որևէ խոչընդոտ չկա: Ավելին ասեմ. ովքեր, որ վարորդ ունեն, գիտեն, որ վարորդը այսօր ամենավստահելի մարդը պետք է լինի, իսկ իմ համար, իմ պարագայում շատ հարմար է: Ես ավելին ասեմ, եթե ընդամենը նշվում է, որ իմ տղան աշխատում է որպես վարորդ ,այսինքն բանվոր,  ես գտնում եմ, որ իմ աշխատանքը շատ գոհացուցիչ պետք է լինի, և իմ դրսևորած վարքագիծը` նույնպես: Ես ունեմ նաև լավ բարձորակ իրավաբան որդիներ, որոնց, ցավոք սրտի, թույլ չեմ տալու մասնակցել համայնքային  ծառայության մրցույթների: Ինչի՞ համար. բարոյական ու  իրավական առումով որևէ խոչընդոտ չկա, սակայն կա ավելորդ հերյուրանքի խոչընդոտ, որը անգամ վնասում է մեր ընդհանուր գործին, որովհետև ես,  տիրապետելով էդ գործին, գիտեմ, որ իմ տղաները կարող էին շատ օգուտ բերել որպես որակյալ իրավաբաններ:Սակայն հաշվի առնելով քաղաքային մենթալիտետը, նրանք զբաղվելու են իրենց անձնական, իրավաբանական գործունությամբ: Ինչ վերաբերվում է իմ ընտանիքի մյուս անդամներին, քաղաքապետարանում ընդամենը թոռնիկիս նկարն է, ուրիշ բան չկա իմ ընտանիքից: Էդքան բան»:

Մեր ճշտող այն հարցին, թե մտադրություն էլ չեք ունեցե՞լ ձեր իրավաբան որդիներից որևէ մեկին բերել քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ, պաշտոնյան շարունակեց. «Բացարձակապես, իմ որդիներից որևէ մեկին չեմ բերել, միգուցե գործի շահերից ելնելով  շատ անհրաժեշտ լիներ, սակայն ես նոր բացատրեցի, որ ուղղակի ավելորդ բամբասանքներին տեղիք  չտալու համար չեմ բերում, միայն ափսոսում  եմ, որովհետև շատ պիտանի մասնագետներ են, ավարտել են ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը, նրանցից մեկը աշխատում է  «Վաղարշ և որդիներ»-ում`  իրավական վերահսկողության բաժնի պետ,  և աշխատավարձը շատ ավելի բարձ է, քան համայնքային ծառայողինը:Ուղղակի Գյումրի տեղափոխվելու պատրվակը ընտանիքի միասնականության հետ է կապված, մենք սովոր ենք մեր ընտանիքով  ապրենք նույն տեղում»:

Aravot.am-ը փոխքաղաքապետից նաև հետաքրքրվեց, թե  իր  որդիները ծառայե՞լ են Հայոց բանակում:Նշենք, որ Գուրգեն Մալխասյանը ունի 3 որդի և մեկ դուստր, ամենամեծ տղան 21 տարեկան է : «Իմ տղաներից մեկը այս պահի դրությամբ երեխայի հետ կապված ազատված էր բանակից, մյուս տղաս  առողջական լուրջ խնդիր ունի»:

Մենք պարոն Մալխասյանին նաև հարցրեցինք,  թե  անշարժ գույքի չափագրումներ իրացնող ընկերությունը իրե՞նն է,  և ինչո՞ւ է ստիպում  չափագրումներն անցկացնել հենց իր մոտ: «Մենք չենք հիմնադրել, տղաներիցս մեկը ունի լիցենզիա: Բացարձակ  նման հարկադրանքներ չկան, իմ տղան այդ լիզենցիան ունի ընդամենը  մի քանի ամիս, առավելագույնը 2 կամ 3 չափագրում են արել,ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, ուղղակի ուռճացնում են` ավելորդ տեղը»,- նեղվեց փոխքաղաքապետը:

Գուրգեն Մալխասյանը նաև հայտարարեց, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր քավորը չէ, ինչպես որ գրում են լրատվամիջոցները: Նա նաև նշեց, որ այսօր Գյումրում իրավաբան մասնագետների լուրջ խնդիր կա:

Այս թեմաներով փոխքաղաքապետի    պարզաբանմանը կանդրադառնանք ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031