Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն թե հայ-վրացական հարաբերություններում «անիվների մեջ փայտ չխրեն»

Հունվար 25,2013 14:11

Ըստ վրաց փորձագետ Իվլիան Խաինդրավայի՝ փոխշահավետ

հարաբերությունների խորացման առաջընթացը երկար սպասեցնել չի տա:

– Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անցյալ շաբաթ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-վրացական հարաբերությունները, ինչ հեռանկարներ է տեսնում՝ պատասխանել էր, որ Հայաստանն ու Վրաստանն այսօր լավ հարաբերություններ ունեն, իսկ ապագայում բազմադարյա այդ հարաբերությունները պետք է լինեն «իդեալական, նույնիսկ օրինակելի»: Պարոն Խաինդրավա, նախ՝ ինչպե՞ս եք գնաhատում Վրաստանի վարչապետի այցը Երեւան:

– Նշյալ այցը պետք է գնահատել բավական հաջողված, եւ այդ մասին վկայում են նաեւ հայաստանյան մամուլի հրապարակումները: Անձնական ծանոթության շրջանակներում հատկապես կարեւոր է հաստատել վստահելի հարաբերություններ, եւ մեր երկրների առաջնորդներին դա հաջողվեց: Քանի որ պարոն Իվանիշվիլին հայտնի է առավելապես որպես գործի մարդ, կարելի է հույս հայտնել, որ փոխշահավետ հարաբերությունների խորացման ճանապարհին առաջընթացն իրեն երկար սպասեցնել չի տա: Միայն թե այդ գործընթացում «անիվների մեջ փայտ չխրեն» նրանք, ովքեր իրականում անգործ են մնացել, եւ մեր հասարակությունները հանգիստ, ցանկալի է՝ բացասական արձագանքեն նման գործիչների անխոհեմ կամ պարզապես սադրիչ հայտարարություններին:

– Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հունվարի 17-ին դեմ արտահայտվեց աբխազական երկաթուղու վերագործարկմանը՝ քննադատելով Վրաստանի վարչապետի երեւանյան հայտարարությունը, նշելով, թե երկաթուղու վերագործարկումը առավելապես բխում է Ռուսաստանի շահերից, եւ այդ հարցի արծարծումը՝ առանց տարածքների ազատագրման, հանցավոր, հակապետական եւ հակավրացական քայլ է: Մինչդեռ նույն օրը՝ ավելի վաղ, Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին Երեւանում «հնարավոր» էր համարել աբխազական երկաթուղու վերագործարկումը: Իվանիշվիլին նշեց, որ խնդիրը կարելի է լուծել, եթե բոլոր կողմերը կամք դրսեւորեն: Պարոն Խաինդրավա, ինչպե՞ս կարելի է հասկանալ Վրաստանի իշխանությունների այս իրարամերժ դիրքորոշումները:

– Վրաց իշխանությունների կողմից հակասական հայտարարություններ չեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քաղաքականություն վարողն այսօր Իվանիշվիլիի կառավարությունն է, իսկ Սաակաշվիլին փորձում է սաբոտաժի ենթարկել այդ քաղաքականությունն ու ամեն կերպ վարկաբեկել, սեւացնել: Կարծում եմ, որ ճանապարհները միացնում են, ոչ թե բաժանում՝ չհաշված տնտեսական էֆեկտը։ Եվ հակադրել, օրինակ, Աբխազիայով ճանապարհը կառուցվող Ախալքալաք-Կարս երկաթուղուն, իրավաչափ չէ:

Նրանցից յուրաքանչյուրն իր գործառույթն ունի եւ պետք է ունենա իր ծանրաբեռնվածությունը՝ բառիս ուղիղ իմաստով։ Ի դեպ, երկաթուղին տնտեսական աճի է նպաստում մայրուղու ողջ երկայնքով, եւ եթե մենք անկեղծորեն ձգտում ենք սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը Ջավախքում, այդ դեպքում այս գործոնը եւս պետք է ուշադրության արժանանա: Եվ վերջապես՝ հայ-թուրքական պաշտոնական հարաբերություններում արագ բեկում չի ակնկալվում՝ ոչ միայն Աբխազիայի ճանապարհով, այլեւ Ախալքալաք-Կարսը կարող է Հայաստանի համար ձեռնտու լինել:

– Վրաստանի վարչապետի հայաստանյան այցից մեկ օր անց Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը նշեց, որ Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ աբխազական երկաթուղու վերագործարկման առիթով դեռեւս ոչ ոք չի դիմել, եթե լինի նման առաջարկ, ապա՝ «միասին կքննարկենք»: Այս հայտարարությունը կարելի՞ է համարել Ռուսաստանի դիրքորոշման որոշակի մեղմացում:

– Վրաստանի նոր իշխանությունների առաջին հայտարարությանը, թե՝ պատրաստ են քննարկել աբխազական երկաթուղու բացումը, Սուխումն անմիջապես բացասական արձագանքեց, եւ նման արձագանքը միանգամայն տեղավորվում է աբխազական ներկայիս իշխանությունների դիրքորոշման մեջ, այն է՝ «ոչինչ՝ բացի ճանաչումից» բանաձեւը։ Բայց նման մոտեցման քաղաքական թուլությունը հատկապես Վրաստանի նոր ղեկավարության դիրքորոշման ֆոնին՝ «ամեն ինչ՝ բացի ճանաչումից», չափից դուրս ակնհայտ է: Այդ իսկ պատճառով պարոն Անկվաբը մեղմել է իր դիրքորոշումը, ինչը, իմիջիայլոց, այնքան էլ իրեն հատուկ չէ: Հնարավոր է կամ նույնիսկ հավանական է, որ դրան նպաստել են նաեւ Մոսկվայի ազդանշաններն այն առումով, որ այդ հարցով մտորելու անհրաժեշտություն կա։ Ընդհանուր առմամբ պետք է հասկանալ, որ ե՛ւ Թբիլիսին, ե՛ւ Մոսկվան (Սուխումը՝ նույնպես) այդ հարցը լուծելիս պետք է հաշվի առնեն Բաքվի, Երեւանի, Անկարայի դիրքորոշումները: Այսինքն՝ կարգավորելով մեկ խնդիր՝ չի կարելի նպաստել մեկ այլ խնդրի ստեղծմանը, առավել եւս՝ մի քանիսի ծագմանը։ Կարծում եմ, այնուամենայնիվ, կարելի է գտնել խնդրի լուծման այնպիսի բանալի, որից որեւէ կողմի շահերը չտուժեն: Ընդհանրապես, արդեն ժամանակն է, որ Հարավային Կովկասում բոլոր կողմերը հրաժարվեն «զրոյական գումարով խաղից» եւ սկսեն լուծումներ փնտրել՝ հիմք ընդունելով փոխշահավետությունը:

– Պատասխանելով հարցին, թե Թբիլիսին կփոխի՞ արտաքին գերակայությունները՝ Իվանիշվիլին Երեւանում պատասխանել էր՝ դժվար թե ու հավելել. «Մեր գերակայությունների մասին մենք շատ ենք խոսել, որ դա Եվրոպան է, Եվրաատլանտյան ալյանսն է, մենք անշեղորեն շարունակելու ենք ընթանալ այդ ուղղությամբ: Զուգահեռաբար հարց է առաջանում՝ հնարավո՞ր է համատեղել, վերականգնել, բարեկամական դարձնել հարաբերությունները ՌԴ-ի հետ ու միեւնույն ժամանակ լավ հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ, ձգտել ՆԱՏՕ-ի ուղղությամբ, լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ: Կարծում եմ, որ լավ օրինակ է Հայաստանը, եւ Հայաստանը լավ օրինակ է ծառայում Վրաստանի համար: Հայաստանը լավ հարաբերություններ ունի ՌԴ-ի եւ միաժամանակ լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ: Ուստի այդ ամենը հնարավոր է, եւ գտնում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք դա անել, եւ հավատում եմ, որ դա կանենք»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսքերը, որոնք նույնպես բավական սուր քննադատության արժանացան Վրաստանում:

– Կարծում եմ, որ դա հիմնական մարտահրավեր է Վրաստանի նոր իշխանությունների համար: Եվ այստեղ հեշտ որոշումներ սպասել պետք չէ: Սաակաշվիլին, բնական է, արդեն քննադատության տարափ է հնչեցրել ընդդեմ Իվանիշվիլիի՝ այն պատճառով, որ վերջինս Հայաստանը որպես օրինակ մատնանշեց ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի հետ միաժամանակ կառուցողական հարաբերություններ ունենալու համար: Ի դեպ, Հայաստանի համար մոտենում է «ճշմարտության պահը»՝ Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիություն:

Մեր երկրների միջեւ տարբերություն, սակայն, իսկապես կա. Հայաստանը հետամուտ է կոմպլեմենտար քաղաքականության սկզբունքին, նրա ռազմական կախվածությունը Ռուսաստանից մեծ է, իսկ Վրաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելը որպես բացարձակ առաջնահերթություն, եւ դրանից հրաժարվել մտադիր չէ։ Այլ հարց է, որ Սաակաշվիլիի անխոհեմ գործողությունները 2008-ին իրականում հակաԵՄ-ական էին, Բենդուկիձեի տնտեսական քաղաքականությունը, աբսուրդային՝ Վրաստանի «սինգապուրիզացիայի» գաղափարը ընդամենը մեզ հեռացնում էին ՆԱՏՕ-ից եւ ԵՄ-ից: Այժմ հարկավոր է քաղաքականության արվեստի հրաշքներ ի ցույց դնել, եւ հնարավոր է հասնել անհնարինին։

Բայց, առաջին հերթին, Ռուսաստանի կողմից Սաակաշվիլիի «ձեռքը չսեղմելու» ժամանակներն անցնում են, եւ Ռուսաստանի համար բարդ է լինելու շարունակել՝ «ոչինչ չեմ լսում, չեմ տեսնում եւ չեմ ուզում իմանալ» քաղաքականությունը։ Երկրորդը՝ վրաց-ռուսական փոխհարաբերությունները այդպես մեկուսացված թեմա չեն, դրանք առկա են Արեւմուտք-ՌԴ փոխհարաբերությունների համատեքստում: Երրորդը՝ թեեւ սա ՌԴ-ի համար առաջնային խնդիր չէ, բայց ավելի լավ է՝ քեզ մոտ գործընկեր ունենաս հյուսիսկովկասյան հարցերով, քան, թող որ փոքր, բայց խրոնիկ չարացած հարեւան: Չորրորդը՝ ոչինչ հավերժ չէ այս կյանքում, այդ թվում եւ ՌԴ-ի այսօրվա դիրքորոշումը, եւ հինգերորդ՝ պետք չէ կուրծք ծեծել, հիստերիաներ դրսեւորել, այլ պետք է հանգիստ եւ հետեւողականորեն անել այն, ինչ կարեւոր ես համարում: Իսկ երբ արդեն պտուղը հասունանա, այդ ժամանակ այն եվրոպական սեղանին կդրվի։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Հանրապետական ինստիտուտի տնօրեն Իվլիան Խաինդրավան «Առավոտ»-ի խմբագրակազմին ցավակցեց լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ նշելով. «Ես նրան անձամբ ճանաչում էի եւ բարձր էի գնահատում նրա պրոֆեսիոնալիզմը»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031