Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյան. Ընտրություններն ավարտված, տարված պարտիա է

Հունվար 31,2013 11:57

Հատվածներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ հարցազրույցից, որը 1994-95 թթ. Հրանտ Բագրատյանի ղեկավարած կառավարության կազմում զբաղեցրել է Լուսավորության նախարարի պաշտոնը

Պարոն Բլեյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրմանը, և արդյոք որևէ կերպ սատարելո՞ւ եք նրան։

– Չէ։ Հարգանքով, իհարկե, ես գնահատում եմ Բագրատյանին և կարծում եմ՝ հետաքրքիր է՝ իրեն, իր առաջարկներն ու մոտեցումները լսելը հատկապես այսօր։ Ընդհանրապես հիմա ելքերի առաջադրման և լուծումների փնտրման

շրջան է։ Այդ առումով՝ հետաքրքիր է, առանց իրեն այս նախագահական ընտրությունները շատ ավելի անհետաքրքիր կլինեին։ Ի դեպ, ես ավելի շատ նախընտրում եմ կարդալ իր տեքստերը, քան լսել։

Իսկ ընդհանրապես նախագահի թեկնածուներից ո՞ւմ հնարավորություններն եք ավելի մեծ գնահատում։

– Իմ սկզբունքներին դեմ է նման գնահատականներ տալը։ Ես ընտրող եմ, ուշադիր լսում եմ, հարգանքով եմ վերաբերվում նախագահի թեկնածուներին։ Մի ձայն ու մի քվե ունեմ, չեմ կիսելու (ծիծաղում է.– Ա.Ս.):

Այսօր քաղաքական կյանքը շատ հաճախ գնահատվում է ամայացած, իսկ հասարակությունն ընդհանրապես կարծես անտարբեր է դարձել քաղաքական գործընթացների նկատմամբ։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

– Ոչ թե անտարբեր է, այլ բուտաֆորիկ, ձևական բան կա։ Այն կյանքը, որը կար Ազատության հրապարակում կամ միտինգների վայրում, թեկուզ դահլիճներում, չկա։ Չկա իրական ընտրող, ով իրական հարցեր է տալիս

իրական թեկնածուին, չկա իրական հիացմունք թեկնածուով, իրական ծափեր, ոգևորություն, դժգոհություն և դեմարշներ։

Իսկ ի՞նչ պետք է անել այդ իրական կյանքը վերականգնելու համար։

– Բոլորս, բոլոր ընտրողներս բոլոր շերտերում պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրս մեր կյանքն ենք ապրում, ոչ ոքի պետք չէ լիազորել մեր կյանքի տնօրինումը։ Ամեն մեկն իր տանը, իր տեղում իր կյանքը պիտի կենդանացնի, ինչպես ես եմ անում։ Ես «հավեսով» ապրում եմ, «հավեսով» գործում։

Այսինքն՝ փորձում եք Ձեր օրինակով քաղաքացիների գիտակցությո՞ւնը բարձրացնել։

– Ես փորձում եմ լիարժեք ապրել իմ կյանքը, և կարծում եմ՝ այդ ձևով կարող եմ օգտակար լինել նաև իմ ընկերներին, շրջապատին, իմ կրթահամալիրին, հանրության այն մասին, որը հետաքրքրված է ինձնով։ Բոլորս անընդհատ

կենտրոնացած ենք ուրիշների անելիքների վրա, կարծես թե ժամանակն է, որ ամեն մեկը կենտրոնանա իր վրա։

Ուրեմն սխա՞լ է միայն ընտրությունների հետ հույսեր կապելը։

– Իհարկե, դա ընդհանրապես ավարտված, տարված պարտիա է, ինչպես ասում են։ Ընտրություն կոչվածն ընդամենը մի փուլ է։

Իսկ Ձեզ՝ որպես քաղաքացի, առաջադրված թեկնածուներից ո՞ւմ ծրագիրն է ավելի հետաքրքրել։

– Այն ծրագրերը, որտեղ կա լուծում, կա միտք, հարցադրումներ, սկզբունքայնություն։ Օրինակ՝ ես Անդրիաս Ղուկատանին չէի ճանաչում, չգիտեի, որ այդպիսի մարդ կա, շատ լավ է, որ ընտրությունների միջոցով ճանաչեցի իրեն, հիմա ուշադիր հետևում եմ, կարդում։ Ժամանակ դեռ կա, մարդիկ դեռ բացվելու տեղ ունեն, ինչո՞ւ կանխորոշել։ Եկեք նրանց տանք հնարավորություն՝ արտահայտվելու, և ոչ միայն իրենք, արտահայտվեն իրենց թիմերը, մարդիկ, ովքեր հարում են նրանց, մասնակցում են, որովհետև ընտրությունները նաև այդ թիմի հնարավորություններն են դրսևորում։ Ընտրությունը միայնակ մարդու գործ չէ, այդպես չէ՞։ Երբեմն ուզում ես նաև կողքին կանգնած մարդուն տեսնես, լսես, բայց պարզվում է, որ չկա։ Ընդհանրապես, Հայաստանը դառնում է անհետաքրքիր այդ առումով, մարդիկ կարծես թե չկան, կամ այդ մարդիկ, կներեք, միայն Ֆեյսբուքի ինչ-որ խմբերում են, կարծես իրար մեջ խոսում են։ Դա իհարկե լավ է, իրենց իրավունքն է, բայց լավ կլիներ, որ այդ մարդիկ նաև իրական դաշտում երևային՝ հեռուստատեսությամբ, եթերով, հանդիպումներով։ Ես կուզեի նոր մարդիկ և նոր անուններ տեսնել, լսել, ինձ համար հետաքրքիր է անծանոթ մարդը, քանի որ ուզում ես հավատալ, որ Հայաստանն ավելի կարողունակ է, ավելի հետաքրքիր ու ավելի խորը։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031