Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնին ձեւակերպումը՝ Րաֆֆու կամ Սերժի Հայաստան, անընդունելի է»

Հունվար 31,2013 13:16

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության  փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը ոչ մի տեղ չտանող քայլ է եւ կարող է հանգեցնել հացադուլի ինստիտուտի այլասերման, ինչը տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմապահության դեպքում: Մինչդեռ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության զարգացման» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գտնում է, որ նախագահի թեկնածուի այդ քայլը կտա իր արդյունքը, ինչպես եղավ Հնդկաստանում՝ Գանդիի դեպքում: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ նախընտրական քարոզարշավի շուրջ երկու քաղաքագետների «Դեմ առ դեմ» բանավեճից:

«Առավոտ»– Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է պատճառը, որ քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց ոչ բոլոր թեկնածուներն են հրապարակել իրենց նախընտրական ծրագրերն ու սկսել քարոզարշավը:

Անուշ Սեդրակյան- Քարոզարշավները չպետք է եւ լինեին, եւ ծրագրերը չպետք է եւ ներկայացվեին: Երբեւէ որեւէ նախագահական ընտրությունների ժամանակ չի եղել ծրագրերի մրցակցություն:

«Առավոտ»– Բայց գոնե նախընտրական ծրագրերը ֆորմալ ներկայացվել են:

Ա. Ս.– Այդ ֆորմալն ունի իր սպառման ռեսուրսը, գալիս է մի պահ, երբ ֆորմալ ռեսուրսը սպառվում է: Մինչ օրս եղել է մեկ ծրագիր. մենք չենք ուզում այս իշխանությանը, ուզում ենք մյուսին: Ուրիշ ծրագիր հրապարակում չի եղել: Որեւէ մեկը չի քննարկել սոցիալական ռեֆորմը, հարկային ռեֆորմը, որեւէ մեկը չի քննարկել սեփականության բաշխման խնդիրը: Այն երկրում, որտեղ սեփականությունը բացահայտ չէ, ոչ թե այն, ինչ հայտարարագրված է տարբեր ռեգիստրներում, այլ սեփականության իրական կեցույթը միջին քաղաքացուն, ընտրողին հայտնի չէ, այդտեղ միանգամից վերանում է մասնակցության չափաբաժինը: Այսինքն՝ ընտրողն այլեւս չի գիտակցում իրեն որպես քաղաքական պրոցեսի մաս: Այժմյան քարոզարշավի հետ կապված ինձ մոտ անընդհատ դեժա վյու է: Հիշում եք հայտնի ֆիլմը՝ «Ռուսական կայսրության թագը», որտեղ երկու հոգու նշանակում են մոնարխիայի ղեկավար, եւ արտասահմանյան ինսպիրատորը՝ քաղտեխնոլոգը, կողքից ասում է՝ «Эти болваны имеют одно неоценимое достоинство, они верят в то, что играют»: Ցավոք, ներկա քարոզարշավի շատ ներկայացուցիչներ իրապես չեն հավատում նրան, ինչին մասնակցում են:

«Առավոտ»– Օրինակ՝ երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ լինելու է պայքար Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանի միջեւ, կամ Հրանտ Բագրատյանը, որ ասում է՝ այս նախագահական ընտրությունների ինտրիգը Սերժ Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանն են, նրանք չե՞ն հավատում այդ հեռանկարին:

Ա. Ս.- Ինձ համար ինքնին ձեւակերպումը՝ Րաֆֆու կամ Սերժի Հայաստան, անընդունելի է: Այդպես ասում էին դիկտատուրաների եւ ցարական կառավարությունների ժամանակ, օրինակ՝ երբ ասում էին՝ Նիկոլայի ժամանակ լավ էր: Չկա մեկ մարդու Հայաստան, չի կարող լինել մեկ մարդու պետություն;

«Առավոտ»– Գուցե տեսլականի առումո՞վ նկատի ունեն:

Ա. Ս.- Տեսլական ասելով՝ մենք փաստորեն այն իջեցնում եւ հասցնում ենք մեկ մարդու կամայականության: Եվ դա չի կարող լինել լավ կամ վատ կամայականություն, որովհետեւ կամայականությունը միշտ վատ է: Այսինքն՝ չեն ասում՝ Հայաստանի քաղաքացիների Հայաստան, չեն ասում՝ պետություն, չեն ասում՝ հանրություն: Ես դեմ եմ ցանկացած անհատի Հայաստանին: Վարդան Սեդրակյանն էլ առաջարկում է Աստծո Հայաստան, բայց ես դրան էլ եմ դեմ, որովհետեւ դա աբստրակցիա է: Կա միայն քաղաքացիական պետություն եւ վերջ:

Ս. Դ.– Անդրիաս Ղուկասյանը իր քաղաքական ծրագրում ներկայացրել է այն, ինչին տիկին Սեդրակյանը անդրադարձավ. սահմանադրական, համակարգային փոփոխություններ, վերաբերմունք սեփականության ինստիտուտի եւ այլ ֆունդամենտալ արժեքների վերաբերյալ: Որովհետեւ այն, ինչ մենք հիմա ունենք, այդ ամենը կեղծ է՝ փտած: Կեղծ է այնպես, ինչպես եւ հիմիկվա ընտրությունները: Սա երեւի Հայաստանում երբեւէ եղած ամենապարզ ընտրություններից մեկն է, երբ որ հանրության համար ամեն ինչ պարզ է: Մենք արդեն գիտենք, թե ով է ընտրվելու, ինչ տեխնոլոգիա է լինելու, գիտենք, որ այդ տեխնոլոգիայի դեմ ոչինչ անել հնարավոր չէ, որովհետեւ ով որ ընտրվելու է՝ թուղթն ու գրիչը, դատարաններն, ամեն ինչ իր ձեռքին է: Այսինքն՝ բացարձակապես անիմաստ է մասնակցել, եւ ռեսուրսներ ունեցող թեկնածուները, անկախ այն բանից՝ մեր ճաշակով են, լավն են, թե վատը, նույնիսկ նրանք արդեն իսկ խաղից հանվել են: Ավելին՝ նրանց կառույցներն արդեն իսկ մասնակցում են Սերժ Սարգսյանի օգտին տարվող քարոզարշավին: Եվ այս իրավիճակում մենք միայն մի տարբերակ ենք ունենում. ժխտել այս խեղկատակությունը՝ այն, ինչը Անդրիաս Ղուկասյանն է առաջարկում: Եվ անիմաստ եմ համարում ընթացող ընտրությունները քննարկելը, քանի որ դա արդեն կոմիկական ժանրից է, որի մասին ուղղակի կարելի է անեկդոտներ պատմել:

Ա. Ս.– Ես ցանկանում եմ հակադարձել, քանի որ հացադուլի, ընտրություններին չմասնակցելու խեղկատակություն որակելու այս դիլեման  իր հետեւից բերելու է հերթական նեգատիվ մի շարան: Առաջին նեգատիվն այն է, որ իմ լավ ընկերոջ՝ Անդրիաս Ղուկասյանի հացադուլի արդյունքում կարող է լինել հետեւյալը. եթե նա վճռական է եւ գնում է մինչեւ հացադուլի ամենաաղետալի հետեւանքներ, մենք նրան կորցնում ենք իբրեւ մարդ, ինչն ինձ համար հումանիստական տեսանկյունից ուղղակի անընդունելի է: Իսկ եթե հանկարծ այդ հացադուլը կասեցվում է ինչ-ինչ սցենարներով, որը ես չեմ էլ պատկերացնում, ապա մենք ունենում ենք հացադուլի ինստիտուտի այլասերում, ինչը մենք մի անգամ արդեն ունեցել ենք. հիշենք Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Ուստի շատ զգույշ պետք է լինենք ծայրահեղական գործիքների հետ, որոնք կոչված են հանրությանն ինչ-որ բան ապացուցելու: Եվ հետո, երբ ես Անդրիասի մոտ էի, բոլոր մարդիկ կրկնում էին՝ «ում համար ես դու հացադուլ անում»: Ու երբ որ մարդն ասում էր՝ «ես ձեզ համար եմ հացադուլ անում», այդ հացադուլի, այդ զոհողության հասցեատերը ժողովուրդը չէր, նրանք չէին վերցնում իրենց վրա այդ զոհի պատասխանատվությունը: Եվ ես զուտ մարդկային տեսանկյունից կարծում եմ, որ այս գործընթացը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Ինչ վերաբերում է ընտրություններին չմասնակցելուն, ապա նշեմ, որ այս պահին մասնակցությունը տալիս է մի հրաշալի էֆեկտ. դաշտը մաքրվում է, մարդիկ համոզվում են, որ քաղաքական երկնակամարում անվերջ պտտված գործիչները, որոնք տարիներով պրոֆեսիոնալ զբաղվել են քաղաքականությամբ, տեղյակ են եղել բոլոր պրոցեսներից, եւ եկել է այն պահը, որ պիտի ներկայացնեն ինչ-որ այլընտրանքային ուղի, պարզվում է, որ հակաիշխանական լոզունգից բացի՝ ուրիշ ոչինչ չունեն: Այդպես է. Հայաստանում յուրաքանչյուր կեղծ եւ կոռուպցիոն համակարգ պարզվում է, որ սնում է մարդկանց, ովքեր, իբր, ներկայացնում են փոփոխություն: Ահա այսպիսի արատավոր շրջան:

«Առավոտ»- Րաֆֆի Հովհաննիսյանին, Պարույր Հայրիկյանին եւ Հրանտ Բագրատյանին ե՞ւս  իբր թե փոփոխություն ներկայացնողների թվին եք դասում:

Ա. Ս.- Ես կարծում եմ, որ եթե այդ մարդիկ անգամ խորապես ցանկություն ունեն եւ ներկայացնում են ապրված ծրագիր, այնուամենայնիվ, այդ ծրագրերը կենսունակ չեն:

Ս. Դ.– Ես ուզում եմ, որ մենք իրավիճակը գնահատենք եւ հասկանանք, որ քաղաքական գործիքներով այլեւս որեւէ բան փոխել հնարավոր չէ, որովհետեւ կա օտարում հասարակության եւ իշխանության միջեւ…

Ա. Ս.– Իսկ օտարում չկա՞ հասարակության մտածող հատվածի եւ այլ՝ հիմնական հատվածի միջեւ:

Ս. Դ.- Իհարկե՝ կա, բայց եկեք մի կողմ դնենք, թե այդ մտածող հատվածն իրենից ինչ է ներկայացնում եւ ինչ է մտածում: Եթե այնտեղ էլ փորփրենք՝ շատ հիվանդագին բաներ կգտնենք: Ինչ վերաբերում է հացադուլին, ապա դա յուրաքանչյուրի անհատական որոշումն է: Ես կարծում եմ, որ անկախ այն բանից, թե ինչով այն կավարտվի, այդքան ժամանակ այդ մարդը ցրտին նստել է: Իսկ ինչի համար է նստել: Իմ կարծիքով՝ նա քաղաքական գործունեությունից դուրս է եկել բարոյական դաշտ՝ ասելով՝ դուք երկիր եք կործանում, սթափվեք: Կսթափվեն, թե ոչ, կամ ինչքան կտեւի այդ հացադուլը՝ դա այլ խոսակցություն է: Բայց դա ժխտել եւ ասել, որ ոչ մի տեղ չի տանի՝ մենք չենք կարող, որովհետեւ գիտենք, որ նման դեպքեր եղել են այլ՝ ավելի անհույս երկրներում: Նույն Հնդկաստանում, երբ Գանդին այդ շարժումը ստեղծեց, նա ասում էր. սկզբում ծիծաղում են, հետո փորձում են արհամարհել, հետո սկսում են հարվածել, իսկ հետո հանձնվում են:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

OSI NEW ARM copy

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Նախընտրական քարոզարշավի շուրջ երկու քաղաքագետների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031