Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում

Հունվար 31,2013 13:38

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։

Այսօր կառավարության կայքէջում տեղադրվելու է մեր գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությունը, որը տրվում է հարցումների հիման վրա։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ըստ մեր քաղաքացիների գնահատականների վերջին տարիների ընթացքում աչքի ընկնող բարեփոխումները, որոնք շոշափելի արդյունք են տվել, հետևյալն են. առաջինը բջջային կապի և ինտերնետի ոլորտն է։ Հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել են, որ այս ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր վերջին հինգ տարիների ընթացքում։ Երկրորդ ոլորտը, որտեղ նույնպես ունենք շոշափելի արդյունքներ, երրորդ անձանց ռիսկի ապահովագրության ոլորտն է, որի վերաբերյալ բավական բուռն քննարկումներ էին տեղի ունենում մեր հասարակության մեջ և հիշում եք, որ կար նաև լուրջ քննադատություն, բայց, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների 82.4 տոկոսը արդյունքները  գնահատում են դրական։ Երրորդ ոլորտը` 65.1 տոկոս, կադաստրի աշխատանքն է, որտեղ մեր քաղաքացիները գնահատում են, որ կան լուրջ ձեռքբերումներ։ Մեր քաղաքացիների գնահատականներով այս երեք ոլորտներում մենք ունենք ակնհայտ առաջընթաց։ Հարգելի գործընկերներ, ավելի մանրամասն հաշվետվությանը դուք կարող եք ծանոթանալ մեր կայքում, քանի որ բոլոր ոլորտների վերաբերյալ գնահատականներն այնտեղ տեղադրված են և ձեր գերատեսչությունների պատասխանատվության ոլորտների վերաբերյալ կարող եք տեսնել հասարակության ընկալումների փոփոխությունները տարվա ընթացքում։

Երկրորդ հարցը, որին կուզենայի անդրադառնալ։ Մենք երեք տարի առաջ ՀՀ-ում օրենսդրորեն մի նորմ սահմանեցինք, որ խոշոր ձեռնարկությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել և հանրությանը հաշվետվություն տալ իրենց ֆինանսական իրավիճակի վերաբերյալ։ Այսօր ֆինանսների նախարարն ինձ զեկուցել է, որ նրանք ամփոփել են 2012 թվականի արդյունքները։ 800-ից ավելի խոշոր ձեռնարկություններ պետք է ներկայացնեին այդ հաշվետվությունները։ Կարծում եմ, պարոն Գաբրիելյան, ճիշտ կլինի, որ հաշվետվությունները հավաքենք մեկ կայքում և դարձնենք հրապարակային, որպեսզի մեր քաղաքացիները տարբեր թերթերից դժվարություններ չունենան հավաքագրել այդ միասնական տեղեկատվությունը։ Կտեսնենք ընդհանուր պատկերը, թե որոնք են այն ձեռնարկությունները, որոնք չունեն  խնդիրներ իրենց ֆինանսական հաշվետվությունների հետ։ Կան նաև տասնյակ ձեռնարկություններ, որտեղ ֆինանսական աուդիտորները տեսնում են լուրջ խնդիրներ, բացթողումներ։ Նույնիսկ կան ձեռնարկություններ, որոնց աուդիտորական եզրակացությունը բացասական է։ Դա նշանակում է, որ այդ ձեռնարկությունները վերահսկողության տեսակետից հայտնվելու են ռիսկային դաշտում և նրանց նկատմամբ պետության կողմից իրականացվող վարչարարական վերահսկողական գործառույթները լինելու են ավելի խիստ, քան այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնց եզրակացություններում աուդիտորական ընկերությունները խնդիրներ չեն հայտնաբերել։

Կառավարության այս թափանցիկ աշխատաոճը  կարևոր է, քանի որ այն նաև խթանում է լրատվական միջոցների թափանցիկ աշխատանքին, որովհետև նրանց համար ստեղծում է լավ դաշտ, տեղեկատվական տվյալներ, վիճակագրություն, հարցման արդյունքներ, որպեսզի նրանց վերլուծությունները լինեն ավելի պրոֆեսիոնալ և կոմպետենտ։ Ուրախ եմ, որ երեկ հրապարակված «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցում այդ դաշտում լրատվական միջոցների գնահատման ինդեքսով մենք երեք կետով առաջ ենք շարժվել և վերջին չորս տարիների ընթացքում 111-րդ տեղից տեղափոխվել ենք 74-րդ տեղը և տարածաշրջանում այդ ցուցանիշով լավագույնն ենք։ Իհարկե, դեռևս մեծ ճանապարհ ունենք անցնելու լրատվական միջոցների անկախությունը մեծացնելու տեսակետից, բայց որ առաջընթաց կա, դա արդեն կարևոր է մեզ համար։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031