Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. Դժվար է ասել, թե թուրքական վիրուսը հայկական լսարանի դեմ է ուղղված

Հունվար 31,2013 15:18

Վերջին օրերին Facebook-ում վիրուսային հիստերիա է սկսվել: Facebook-ի օգտատերերն  այս շաբաթվա ընթացքում քանիցս նշվել են  իրենց ընկերների կողմից՝ տարօրինակ կայքի  հղման վրա: Այն հետաքրքրասերները, որոնք բացել են  հղումը, «վարակվել» են, դարձել հասանելի՝ ինֆորմացիայով ու գաղտաբառերով, ձեռքի հետ էլ հավանություն են տվել թուրքական մի շարք էջերի:

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր «Արմատ» ակումբում նշեց, որ վիրուսը թուրքական ծագում ունի, սակայն չի կարծում, թե այն հատուկ հայկական լսարանի դեմ  է ուղղված. «Ցավոք, հայաստանցիները բնավորություն ունեն. ինչ անհասկանալի բան տեսնում, ձեռ  են տալիս… Ու եթե մի բան էլ թուրքական է, մեզ մոտ ռեակցիան այնպիսին է, թե հատուկ մեր դեմ է արված, ինչը հստակ ասել չեմ կարող: Բայց մի բան հայտնի է՝ տեքստերը քրդական բանվորական կուսակցության հետ կապված նյութեր են, թեմաներ, որոնք նույն Թուրքիայում էլ մարդկանց կարող են հետաքրքրել»:

Սամվել Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, թուրքական ծագմամբ վիրուսը ինչ-որ առումով մարքետինգային լուծում է. «Այդ վիրուսի միջոցով համակարգիչները կառավարելի եւ բաց են դառնում, վիրուսը  բացողը սկսում է like  տալ ահռելի քանակով  թուրքական էջերի: Միանշանակ է, որ  վարակված համակարգչից ինչ-ինչ տեղեկատվություն կարողանում են կորզել, բայց ինձ թվում է, որ թուրքերը վիրուսը տարածել են ընդամենն  ավելի շատ մարդ վարակելու համար, դրանով իրենք առնվազն մի հարց են լուծում՝  գումարով «աճեցնում» են թուրքական էջեր ու լցնում են like -երով: Օրինակ՝ մի թուրք քաղաքական գործչի էջի համար մեկ շաբաթում հասցրել էին 100000 լայք «կորզել»: Ուրիշ է՞լ ինչ են անում այդ վիրուսով,  դժվար է ասել, դա փակ է մնում, Հայաստանում էլ հակավիրուսային լաբորատորիաներ չկան,

որոնք կարող էին ուսումնասիրել հոսքերը»: Մասնագետը չի բացառում, որ գուցե մի օր էլ նման վիրուս հենց հատուկ Հայաստանի դեմ օգտագործվի. «Ցավոք, բոլորը գիտեն, որ չի կարելի սեղմել անծանոթ հղումներ, բայց սեղմում են: Այդ հոգեբանությունը սոցիալական ցանցերում բնորոշ է ոչ միայն հայաստանցիներին»:

Ինչ վերաբերում է հակավիրուսային լաբորատորիա ունենալուն, փորձագետը նշեց, որ դիցուք Kaspersky-ի լաբորատորիա ունենալը  անհնար է մեր ու այլ փոքր երկրների համար, քանի որ Հայաստանի պարագայում այն կկլաներ ՏՏ ոլորտի ողջ անձնակազմը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031