Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չհամոզեց հրազդանցիներին (տեսանյութ)

Հունվար 31,2013 19:34

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները Կոտայքի մարզում այսօր ավարտվեցին մարզկենտրոն Հրազդանում կազմակերպված բացօթյա հանդիպում-հանրահավաքով

Մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ամեն ինչ արել էր, որպեսզի նախագահը դժգոհ չհեռանա: Բացի ՀՀԿ-ի եւ եռագույն դրոշներից նաեւ գործող նախագահին հավատարմություն հավաստող պաստառներ էին՝ «Ապագան կերտենք Սերժ Սարգսյանի հետ», «Մենք հավատում ենք Հայաստանի ապագային» եւ համանման այլ մակագրություններով: Կային նաեւ պաստառներ՝ Սերժ Սարգսյանի՝ տարբեր ելույթներում հնչեցրած մտքերով: Մասնավորաբար, «Մենք պարտավոր ենք շատ բան ապացուցել՝ թե մեզ, թե աշխարհին», «Մենք շատ բանի ենք հասել եւ դեռ հասնելու ենք»  եւ այլն: Ի դեպ, մինչ նախագահի Հրազդան ժամանելը, շատ կարճ ժամանակով այստեղ եկավ նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Նա կարճ զրույց ունեցավ Հրազդանի քաղաքապետի, նախագահի անվտանգության աշխատակիցների հետ ու այնքան արագ հեռացավ, որ չհասցրեցինք պարզել, թե ինչո՞ւ էր եկել Հրազդան: Հիշեցնենք, որ Աբովյանում իր ներկայությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նա բացատրել էր իր՝ քաղաքապետ լինելու հանգամանքով :

Հրազդանցիներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ասաց, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ այն սխալները, որոնք կային անկախության առաջին տարիներին, քանի որ, ըստ նրա, այսօր հասունացած են ոչ միայն պետական կառույցները, այլև հասարակությունը: «Չի կարող լինել տնտեսական ազատություն՝ առանց քաղաքական ազատության: Չի կարող լինել իրավական երկիր` արդարադատության նախկին համակարգով»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ սկսված բարեփոխումների արդյունքները հուսադրող են:
«Մեր երկիրը կարող է զարգանալ միայն մեր հասարակության աջակցությամբ»,- ասաց Ս. Սարգսյանը՝ հորդորելով երկրի զարգացման բեռը չթողնել միայն նախագահի, կառավարության վրա: Ապա հայցելով տեղացիների վստահությունը՝ փետրվարի 18-ին, հայտարարեց, որ հինգ տարի հետո, իրենից հետո ինքը թողնելու է բոլորովին այլ Հայաստան:

Բազմաթիվ մարդիկ եկել էին հանդիպմանը՝ հատկապես նախագահի հետ առանձին շփվելու, իրենց խնդիրներին նրան հասու դարձնելու համար: Սակայն, նախագահի անվտանգության աշխատակիցները բավականին զգոն էին եւ այդպես էլ մարդկանց, ովքեր հաջողել էին հայտնվել նախագահի մեքենայի մոտակայքում, չթույլատրեցին որպեսզի մոտենան: Միայն մի երիտասարդ հաջողեց մոտենալ. խոսեցին, ժպտացին, բաժանվեցին: Եվ քանի որ լրագրողներին էլ թույլ չէին տալիս մոտենալ, այդպես էլ չհաջողվեց հասկանալ, թե ի՞նչ առիթներով էին ժպիտները: Նախագահը հեռացավ՝ այդպես էլ հաղորդակից չլինելով հրազդանցիների խնդիրներին:

Նախագահի հեռանալուց հետո, Aravot.am-ի հետ զրույցներում պատասխանելով հարցին՝ համոզիչ եւ հուսադրո՞ղ էր նախագահի ելույթը, մարդիկ, չցանկանալով խոսել ու ներկայանալ, միայն գլխի բացասական շարժում էին ցույց տալիս: Մի կին էլ, երկար մտածելուց հետո, ասաց. «Երեւի այդքան էլ չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. HAYK says:

    Սերժ Սարգսյան, շա~ա~ա~տ ենք խնդրում, էլ 5 տարի մի սպասի, հենց հիմա էլ թող Հայաստանը, թեկուզ էս կիսաքանդ վիճակում: Թե չէ 5 տարի հետո թողելու բան էլ չի մնա……..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031