Ճի՞շտ է, որ նախագահը նյարդային խնդիրներ ունի

Ճի՞շտ է, որ նախագահը նյարդային խնդիրներ ունի

ՀՀԿ-ականը մեկնաբանում է «Եռաբլուրի» միջադեպն ու «խիարի» պատմությունը

Մովսես գյուղում «խիարի» պատմությունը եւ Եռաբլուրի միջադեպը  բուռն քննարկումների կիզակետում էր այս շաբաթ: Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր, խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ նախագահը նյարդային խնդիրներ ունի եւ անգամ քարոզարշավի օրերին չի կարողանում Եռաբլուրում իրեն զսպել ու կոպտում է սոցիալական խնդիրներից բողոքող կնոջը՝ ասելով, թե տոնը փչացնում է: Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ընտրական պրոցեսների մեջ ցանկացած քայլ նայում ես այլ հարթության մեջ: Նախագահին ճանաչող մարդիկ կարող են ասել, որ այն ճանապարհը, որն ինքն անցել է, թույլ չի տա, որ նյարդերը տեղի տան, հատկապես՝ իր հայրենակցի հետ զրույցում»:

Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ՝ «Քարոզարշավի այդ հատվածը որեւէ առումով չի կարող ստվեր գցել ընտրական պրոցեսների վրա: Երբ մարդը խոսք է ասում, շփվում է եւ դարձնում են խնդիր, լրատվամիջոցներն են, որ այլ թեմա չունենալով՝ դա խնդիր են դարձնում: Չեմ կարծում, որ դա քաղաքական շահարկման ինչ-որ թեմա է եւ պետք է մեկնաբանենք: Բոլորս էլ մարդ ենք, որեւէ խնդիր չկա այդտեղ: Մի շարք դրական բաներ կան, բայց այդ նույն լրատվամիջոցները, ովքեր լծված են այլ քարոզարշավներին, փորձում են նմանատիպ պահերն ընդգծեն: Ես անկեղծ ուրախ եմ, որ մեր շահարկման թեման նման խնդիրներն են»:

Մեր դիտարկմանը՝ դա փո՞քր բան է, երբ երկրի նախագահը գյուղացուն ասում է «Ըտենց եք անում, որ խիարը թարս ա բուսնում», Հովհաննես Սահակյանն ասաց. «Որեւէ միջազգային դիտորդ կամ որեւէ փորձագետ չեն կարող ասել, որ այդ խնդիրները ստվեր են գցում ընտրական գործընթացների վրա: Եթե դա նայենք առօրյա աշխատանքի ժամանակ եւ նման ինչ-որ բան, կարելի է ինչ-որ քաղաքական  ենթատեքստեր գտնել, բայց եթե մենք ընտրական պրոցեսների վրա սրանով ենք փորձում ստվեր գցել…»:

Երբ պարոն Սահակյանի ուշադրությունը հրավիրեցինք, որ խոսքը երկրի գործող նախագահի մասին է, ոչ թե ուղղակի թեկինածուի՝ նա պատասխանեց. «Ընդունում եմ, հասկանում եմ: Բայց նաեւ չեմ կարծում, որ սա այն խնդիրն է, որ պետք է շահարկենք»:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի վարկանիշը այդ երկու միջադեպերից չընկա՞վ, Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ ոչ. «Որովհետեւ այն անմիջական շփումները, որին ականատես եմ եղել ես, երբ որ տեսնում եմ,  չկա մի քաղաքացի, որ փորձի մոտենա նախագահին, ու իրեն թույլ չտան, ասեն՝ նամակը մի վերցրու կամ ինչ-որ խոչընդոտեն, որ մոտենա նախագահին: Չեմ կարծում, որ 1-2 ինչ-որ դեպք, որ առանձնացրել են եւ դարձրել են շահարկման թեմա, պետք է նրա վարկանիշը գցի: Առավել եւս, որպես մարդ՝ մեր երկրի նախագահի կերպարը մեր երկրում բավականին բարձր է: Որպես մարդ, որը նաեւ ապրում է բնականոն մարդկային կյանքով»: Հիշեցնենք, որ ի հեճուկս պատգամավորի հավաստիացումների, Հրազդանում քարոզարշավի ժամանակ քաղաքացուն նետել են, թե դու փոքր մարդ ես, որ մոտենաս նախագահին ու ոչ մի կերպ թույլ չեն տվել մոտենալ:

Ֆեյսբուքից հայտնի էր դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքնաթիռում մարդ է փրկել: Մեր դիտարկմանը, որ նման դեպքեր նախագահի մասին չենք լսել, որտեղ կերեւան նրա մարդկային որակները, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, տարբեր առիթներով նմանատիպ հուզիչ դեպքեր եղել են, ուղղակի ԶԼՄ-ներով չի արտահայտվել: Այսպես ասեմ՝ մենք էլ ենք եղել Բաքվում, մենք էլ ենք հայտարարություն արել, մենք էլ ենք խոսել, մենք էլ ենք արժանացել Ալիեւի անիմաստ քննադատությանը եւ հակադարձել: Բայց որեւիցե մեկը չեկավ այստեղ, հերոսի կերպար չսարքեց, թե ես գնացի, ջարդեցի, փշրեցի Բաքվում: Մենք եղել ենք Բաքվում՝ ամենակրիտիկական ժամանակահատվածում, երբ սահմանի վրա դիվերսիոն գործողություններ էր եղել: Դա քաղաքական որոշակի PR քայլ է, որն ընդունելի է»:

Մեր հարցին՝ նախագահի PR-շիկները լավ չե՞ն աշխատում, նա պատասխանեց, որ «նախագահը նման PR-ի կարիք չունի: Իր PR-ն այլ հարթության մեջ է, ոչ թե կանգնել գյուղում, մի գյուղացու բարեւել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. HAYK says:

    Ավելի զարմանալի կլիներ, եթե Սերժ Սարգսյանը թելացի բան ասեր… Իսկ ինչ մնում ա, թե կարող ա վարկանիշը իջնի.. 0-ից ներքև ուր կարա իջնի?

  2. Maxim says:

    Հարգելի Հայկ: Թույլ տվեք չհանաձայնվել Ձեր այն մտքի հետ, որ 0-ից ներքև ուր
    կարա իջնի՞: Այ օրինակ Զիմբաբվեի նախագահը,՝ Ռոբերտ Գաբրիել Մուհաբեն,
    արդեն չորս տասնյակից ավել կառավարում է երկիրը, և միաժամանակ տառապում
    մարդակերությամբ, բնականաբար խաշի տեսքով, իհարկե տեղեկություն չկա,՝
    սխտորո՞վ, թե առանց սխտորի: Իսկ Հայաստանի նախագահը, ՀՀԿ պատգամավորի
    ասելով,՝ ,,Որպես մարդ, որը նաև ապրում է բնականոն մարդկային կյանքով,, և
    մենք իրավունք չունենք նրան չհավատալու, հատկապես ելնելով նրա միշտ անաչառ
    մեկնաբանություններից: Այ տեսնու՞մ եք 0-ից ներգև ուր կարա իջնի, բայց չի իջնում:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք