Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կուսակցության ստեղծումը կհանգեցնի ՀԱԿ-ի կազմաքանդմա՞ն

Փետրվար 08,2013 18:09

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե  «Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը վերածվի մեկ միասնական կուսակցության»:

Aravot.am-ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք կուսակցության ստեղծումը չի՞ հանգեցնի ՀԱԿ-ի կազմաքանդման, քանի որ ի սկզբանե էլ ՀԱԿ անդամ կուսակցությունները այնքան էլ խանդավառված չեն մեկ միասնական կուսակցության ստեղծման գաղափարով:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը նոր չէ, որ քանդվել է և մանրամասնեց.  «Պարզապես  ինքնակազմաքանդման պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, ինչը առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետաքրքիր էլ չէ՝ ճիշտ էր դա, թե սխալ, քանի որ բոլոր պարագաներում դա էական ազդեցություն չի ունենա քաղաքական պրոցեսների վրա: Դա կլինի փոթորիկ մի բաժակ ջրում, մասշտաբի փոփոխություն, որը շանս չունի ազդեցություն թողնելու հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը գործող քաղաքական գործչին հարիր հարցազրույց չէր: Այնպիսի տեսանկյունից էր մեկնաբանվում առկա վիճակը, կարծես մեկնաբանողը որևէ առնչություն չունի այս ամենի հետ: Մենք գործ ունենք մարգինալ՝ լուսանցքային ուժի հետ: Իսկ մարգինալ են այն ուժերը, որոնք  հիմնական պրոցեսի վրա որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ նշեց. «ՀԱԿ-ը դաշինք է, որտեղ տարբեր հոսանքներ, տարբեր անցյալով ու ապագայով մարդիկ հավաքվել են իշխանափոխության համար: Դրա տակ հասկանում էին Ռ. Քոչարյանի, հետո էլ Ս. Սարգսյանի հեռացում և իրենց վերադարձ: Բայց այդ խնդիրը չեն լուծել: Քանի որ չեն լուծել, նպատակի իմաստով ՀԱԿ-ը  դառնում է անիմաստ: Հասկանալի չէ դրա մնալու պարագան: Այդ ձևով մնալը միայն նրանց նպատակն է, ովքեր ՀՀ քաղաքական դաշտը հստակ չեն տեսել: ՀՀ-ին անհրաժեշտ են նորմալ, լավ և գաղափարական պլատֆորմն ունեցող կուսակցություններ: Դրա համար էլ այս քայլը ողջունելի է: Բայց կա մի խնդիր. եթե լիբերալ, ազատական կուսակցություն է, ապա սոցիալականը ո՞րն է: Իրենց պատկերացումն է, ժողովրդին հաճոյանալու համար է: Իսկ որ ոռնոցը դրել են, թե ոնց կարելի է քանդել ՀԱԿ-ը, պատասխանեմ՝ ինչո՞ւ չի կարելի քանդել մի բան, որ քանդված է: Նրանք, ովքեր չեն ուզում  դա, նրանք խնդիր ունեն: Մի հոգի մի կուսակցություն էր, միացել էր ՀԱԿ-ին: Եթե Լ. Տեր-Պետրոսյանը իր ազատական համախոհներով առանձնանում է, այդպիսիք մնում են մեկ հոգով, իրենց տղա երեխեքով ու զոքանչ-մոքանչով: ՀԱԿ-ը քանդված է, այն կամ կատարել է պատմական խնդիրը, կամ ոչ: Կուսակցական համակարգի առաջացումը ՀՀ ազգային շահի տեսանկյունից միայն ողջունելի է, միայն եթե նպատակը իսկապես լիբերալ ազատական կուսակցության մասին է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728