ՀԱԿ-ականն ակնկալում էր, որ ԲՀԿ-ականը ընդդիմության հետ միասնական քվեարկեր, բայց…

ՀԱԿ-ականն ակնկալում էր, որ ԲՀԿ-ականը ընդդիմության հետ միասնական քվեարկեր, բայց…

Էթիկայի հանձնաժողովը երկու օր առաջ մերժեց Ա. Ռուստամյանի դիմումը՝ 83 պատգամավորների կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ։ Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Վահան Բաբայանը «դեմ» է քվեարկել դիմումն ընդունելուն այնպես, ինչպես ՀՀԿ–ի եւ ՕԵԿ-ի անդամները։

Տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Էթիկայի հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանից։

– Անկեղծ ասած, ինձ համար էլ անսպասելի էր, գնահատական չունեմ, որովհետեւ դեռ առաջին նիստն է տեղի ունեցել… Համենայնդեպս, ես կարծում եմ, որ մեկ-երկու նիստից հետո ինձ համար ավելի հստակ կլինի նրա (ԲՀԿ-ական Վահան Բաբայանի – հեղ.) վարքագիծը եւ ավելի հեշտ կարող եմ գնահատական տալ էդ վարքագծին։ Իհարկե, ես ակնկալում էի, որ նա ընդդիմության հետ միասնական քվեարկեր, բայց եկեք չմոռանանք, որ օրեր հետո քվեարկվելու է նաեւ իրենց կուսակցական ընկերոջ հարցը, եւ պետք էր հաշվի առնել նաեւ դա։ Ինձ մոտ կարծիք կա, որ նա ինքնուրույն որոշում է կայացրել էդ մասով, որը միգուցե չի արդարացվում նաեւ իրենց խմբակցությունում։ Չեմ կարող ասել։ Բայց տեսնենք, ինչ կլինի։ Միքայել Մելքումյանի հարցը նույնպես օրակարգում է, եւ եթե իրենք ակնկալում էին մեր աջակցությունը էդ հարցում, նույն կերպ մենք էլ ակնկալում էինք իրենց աջակցությունը, հատկապես, երբ իրենք միացել էին արտահերթ նիստի գաղափարին։ Բնականաբար, դա մեզ չի գոհացնում, նաեւ Էթիկայի հանձնաժողովում մեր վարքագիծը կարող է պայմանավորված լինել դրանով՝ հաջորդ հարցերի քննարկման ժամանակ։ Հետեւաբար կարծում եմ, որ պիտի իրենք հետեւություններ անեն, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Միքայել Մելքումյանի դեմ հայցը կարելի է հասկանալ, թե որտեղից է գալիս։

Եվ որտեղի՞ց։

– Դե, կարեւոր չի, հիմա ես չեմ բարձրաձայնելու։ Կարծում եմ, շատերն են հասկանում, որ Մ. Մելքումյանի դեմ էդ ամեն ինչը կազմակերպվեց։ Ոչ մի լրագրող հենց էնպես նման թեմաների մեջ չի մտնում եւ էդքան հետեւողական չի փորձում ինչ-որ բան պարզել, եթե չկա կոնկրետ ուղղորդված նպատակ։

Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն ունենալով նման թեմա, պիտի իր ներկայացուցչին նաեւ կարողանա ուղղորդել, որպեսզի նա էստեղ ճիշտ որոշումներ կայացնի։

Դուք ասում եք, որ Մ. Մելքումյանի դեմ ուղղորդում կա, բայց փաստը մնում է փաստ, որ ԲՀԿական պատգամավորը ձեռնարկատիրությամբ է զբաղվում։

– Ես չեմ բացառում, որ դա էդպես էլ կա, բայց եթե մենք մտածենք, թե ՀՀԿ քանի՞ տոկոսն է գործարարությամբ զբաղվում եւ հերքում դա, էդ դեպքում Մելքումյանի դեպքը շատ փոքր դեպք է։ Հիմա ո՞վ է հավատում, որ Սամվել Ալեքսանյանը սեփականություն չունի կամ ձեռնարկատիրությամբ չի զբաղվում։ Ինչու՞ էդ դեպքում նման հարց չի առաջանում։ Եվ արդյո՞ք չկան մարդիկ, որ կցանկանային էդ ուղղությամբ իրենց դժգոհությունն արտահայտելու եւ Էթիկայի հանձնաժողովին ներկայացնելու նաեւ էդ հարցը։

ՀՀԿ-ի 70 տոկոսը հայտարարում է, որ գործարարությամբ չի զբաղվում, բայց գործարարներ են։ Եվ եթե էդ տրամաբանության մեջ ենք նայում, Մ. Մելքումյանի դեպքը համարյա թե գործարարություն չի։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք