Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջահայեցություն՝ փոթորկից առաջ

Փետրվար 27,2013 14:36

Խորապես գիտակցում եմ, որ այն, ինչ կգրեմ հիմա, ինձ կարող է դարձնել բազմակողմ հարձակումների թիրախ: Լռելս էլ կդարձներ սեփական կոչումից, կամ ինչպես Խորենացին կասեր, «ժառանգությունից փախչող»: Չկամենալով հանդերձ՝ դատապարտված եմ ինքս ինձ քարանձավային պլեբսի ու ինտրիգան պոլիտիկանների թիրախ դարձնելն ընտրել:

2008-ին, թե 2009-ին «Առավոտ» օրաթերթում կարդացի պարոն Վովա Հախվերդյանի հոդվածը, որն ինձ հուզեց մինչեւ վերջին բջիջս: Մարդը հիշել էր 1996-ին իր հանդեպ այն ժամանակվա իշխանությունների բարբարոսությունները, բայց որպես Մարդ, Քաղաքացի, Հայ, տարիների մեջ չսպիացած ցավն ատամների արանքում սեղմելով, 2008-ին շտապել էր Ազատության հրապարակ, ուր չնչին բացառություններով՝ իրեն լլկած իշխանության ներկայացուցիչներն էին հարթակում: Շտապել էր, քանի որ երկրի ապագան ավելի վեր էր դասել, քան իր ցավը, նվաստացումը, անարդարության զգացումը: Երբեք մտքովս չէր անցնի, որ ինքս այսօր պարոն Հախվերդյանի վիճակում կհայտնվեմ:

Որպեսզի շրիշակային հարձակումների փոխարեն առարկայական վեճ կամ հակաճառում կայանա, մի քանի բան ի սկզբանե արձանագրենք: Սկսած Գավգամելայի ճակատամարտից, երբ հայկական զորքերը կռվում էին այլոց զորամիավորումների կազմում, մինչեւ այսօր, երբ հայկական զորաբաժինները միջազգային պրոյեկտներում խաղաղապահություն են անում առավել խոշորների դրոշների ներքո, «փոքր ածուի» մեր կարգավիճակը չտեսնելը կամ դա գոնե որպես բաղադրիչ չընդունելը դուրս է իրատեսությունից, վտանգավոր է ու աղետաբեր, ինչպես մի անգամ եղավ մոտ 100 տարի առաջ՝ ցեղասպանվեցինք ու հայրենազրկվեցինք: Չտեսնել, որ մեր բոլոր պետականությունները՝ սկսած Արտաշեսյաններինից մինչեւ մեր առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետությունները, ծնվեցին տարածաշրջանի այլ պետությունների հետ եւ նրանց հետ նույն ճակատագրին արժանացան, կլինի սնապարծի ընդարմացում, որ լի է վտանգներով: Մեր այսօրվա հանրապետության հեղինակը եթե բացառապես մենք եղած լինեինք, ապա առնվազն հարյուր անգամ արդեն տանուլ տված կլինեինք այն: Փառք Աստծո, որ այն առավել մեծ պրոյեկտների բաղադրիչ է՝ առայժմ երաշխավորված անվտանգությամբ: Եվ «անիմաստասեր բարքերի տեր» մեր իշխողները 21 տարվա ընթացքում հաջողություններ են արձանագրել միմիայն այն ձեռնարկումներում, որոնց հեղինակն իրենք չեն: Բայց սա ամենեւին չի նշանակում, որ մեր երկիրը քարտեզի վրա գծածները այսպիսի փխրուն տարածաշրջանում կվստահեին լեգիտիմությամբ օժտված իշխանությունների: Մյուս կողմից՝ իշխանության լեգիտիմությունը մեր տարածաշրջանի պարագայում նշանակում է պետության լեգիտիմություն: Մի անգամ այդ լեգիտիմության աստիճանն անկախ առաջնորդների հետապնդած նպատակներից՝ կարող էր բարձրանալ, բայց ընդամենն ամիսներ անց այն գնդակահարվեց հենց պետության սրտում՝ Խորհրդարանում՝ մեզ ցույց տալով մեր տեղն արեւի տակ. այստեղ է ասվում՝ ով աչք ունի տեսնելու-կտեսնի: Անշուշտ, դա չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք այդ պայմանը՝ դառնալ 100 տոկոսանոց խաղալիք, մանավանդ որ մարտերի մեջ թրծված հաղթանակի բերկրանքն անծանոթ չէ մեզ: Բայց եւ չի նշանակում, որ պետք է մեզ պատկերացնենք համակարգերից դուրս ռեզերվացիա, ուր կարելի է հումանիտար աղետ սարքել՝ վտանգելով աշխարհակարգը, որ առանց մեզ է ճարտարապետվում առնվազն վերջին երկու հազար տարում:

Իսկ ի՛նչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում. կարո՞ղ ենք ցույց տալ հայկական, վրացական, ադրբեջանական մի նախագահական ընտրություն, որից հետո բողոքավոր զանգվածը չի հավաքվել այդ երկրների մայրաքաղաքների զավեշտալիորեն նույնանուն՝ Ազատության հրապարակներում: Պետք է հասկանալ, թե ինչու են ամեն անգամ դիտորդները հերթական ընտրությունն արձանագրում որպես քայլ առաջ, բայց միեւնույն ժամանակ խաղացնում զանգվածներին: Խնդիրը մեկն է՝ շատ զգայուն տարածաշրջանը պետք է կառավարվի ոչ թե անզիջում եւ արեւելյան խանական պատկերացումներով տեղացիների կողմից, այլ քաղաքակրթական բեւեռների ուժային կենտրոններից: Ու եթե ընկալում ենք այս պարզ ճշմարտությունը, ապա պարտավոր ենք հասկանալ, որ այդ բեւեռների միջեւ երեւակայական հակասությունները միայն մեր «ուղեղային մորմոքի» հետեւանք են. մի ձեռքով դիտորդն արձանագրում է «քայլ առաջ»-ը, իսկ մյուս ձեռքով՝ գեներալական ուսադիրներով մեկը՝ ուղղորդում մարտի 1-ը: Եվ արդյո՞ք Հայաստանի ապագայի շահից է բխում բազմակողմ տոտալ պատերազմ հայտարարելը, մանավանդ՝ երբ այդ պատերազմ հայտարարելու բազմիմաստ դրդումները նույն ակունքներից են, ինչ խաղաղության երաշխավորումը:

Մեծ փորձությունների նախաշեմին է Հարավային Կովկասը: Մեզնից հարավ արաբական եռացող կաթսան է, որ դեռ երկար ժամանակ չի հանդարտվելու, ավելին՝ դրա բոցերն առաջիկայում հասնելու են մեր անմիջական սահմաններին: Բացառված չէ, որ այդպիսի մի լավա էլ ժայթքի Հյուսիսային Կովկասի կողմից, երբ ռուսներին հանկարծ մի պահ չհաջողվի զբաղեցնել ու զսպել այն: Եվ այսօր լուրջ խնդիր կա՝ չկրկնել Առաջին աշխարհամարտի ընթացքում մեր քաղաքական երազասուն էլիտայի ճակատագրական սայթաքումը. պետք է ինչ-որ կերպ անցկացնել մոտալուտ փոթորիկը: Դրսից մոտեցող հրդեհի ժամանակ մեր տան ներսում հրդեհ ունենալն ազգային ինքնասպանության է հավասար, ինչ անուն էլ փորձենք տալ մեր հրդեհմանը:

Երրորդ հանրապետությունն իր որակով, իր առաքելության լավ կամ վատ կատարմամբ սպառել կամ արդեն իսկ սպառելու մոտ է իրեն: Բայց եւ Չորրորդ հանրապետության երկունքը դեռ երկար է շարունակվելու. ճիշտ այնքան, երբ մենք կունենանք մեր 21-ամյա պետության մեջ ծնվածների՝ կառավարելու ունակ, քրիստոնեական քաղաքակրթության ոչ թե խորթ, այլ հարազատ զավակի կարգավիճակում ինքնանույնացած սերունդը. ճիշտ այնքան, որքան հարկավոր կլինի ապացուցել, թե մենք տարածաշրջանում առավել կենսունակ եւ կրեատիվ ազգ ենք, ինչի մասին Խորենացին դեռ 1600 տարի առաջ էր ասում՝ «Հյուսիսային ազգերի մեջ վեհագույն»:

Որպեսզի չստացվի, թե մեծ-մեծ բաներ ասացի, բայց ըստ էության հստակ դիրքորոշում չարտահայտեցի անմիջական ներկայի մասով, ուզում եմ հիշել հայ տեսակի ամենանվիրական զավակներից մեկին՝ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին: Որպեսզի հացով ապահովի նորածին ու դողդոջ երկիրը, Արամ Մանուկյանը Երեւանում դիմավորեց հայ ազգի եւ անձամբ իր՝ տասնամյակների ոխերիմ թշնամի Խալիլ փաշային, երկաթուղային կայարանում համբուրվեց նրա հետ ու դառնացած արձանագրեց. «Հանուն ժողովրդի ստիպված եղանք Խալիլի հետ համբուրվելու»: Այսօրվա իշխանությանը եւ քվեարկության արդյունքները վիճարկողներին լուրջ ոչինչ չի խանգարում հանուն այն բանի, որ տարածաշրջանային փոթորիկներից առաջ ջուր չլցվի արդեն երկու տասնամյակ մեզ վտիտ լեգիտիմությամբ պետականություն պարտադրողների ջրաղացին, համբուրվել միմյանց հետ, մանավանդ, որ արդարադատ լինելու դեպքում պետք է արձանագրենք, որ այս անգամ, թեկուզ չնայած մրցակցային ոգու բացակայությանը՝ ծեծ, ջարդ, սպանություն, առեւանգումներ կարծես թե չեղան, որ այս անգամ լցոնումներն այն ահագնությունը չունեցան, ինչ նախկինում էին, որ այս անգամ լրատվամիջոցները որոշակի պարիտետ պահպանեցին, որ ի տարբերություն 2008-ի՝ այս անգամ Սերժ Սարգսյանն առաջին տեղում էր: Պահը պատասխանատու է, եւ ամենեւին տեղին չէ մշուշապատ ու լավ չըմբռնված ուղերձների վրա պատրանքներ կառուցելը. դա կարող է դանդաղ գործող ական դառնալ: Չէ՞ որ նույն ուղերձների հեղինակները հստակ հայտարարում են նաեւ հակառակը, թե Հայաստանի համար ճանաչում են խաղաղությունը եւ կայունությունը: Սա ոչ մի բանով 2008 թվականը չէ:

Այսօր պարտ ենք շնորհավորել նախագահական մրցավազքի առաջատարներից պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին, որ մեր բարբարոս եւ վայրի ընտրական միջավայրում, որպես լավ որմնադիր, անշրջելիորեն դրեց քաղաքակիրթ պայքարի անկյունաքարեր, պարտ ենք շնորհավորել պարոն Պարույր Հայրիկյանին, որ ամենածայրահեղ իրավիճակում անգամ թույլ չտվեց, որ իրեն օգտագործեն Հայաստանի ժամացույցի ընթացքը ոչ Հայաստանից տնօրինելու նպատակով: Եվ լավ կլիներ, որ բոլորը միասին, հետեւելով Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների oրինակին, շնորհավորեին նաեւ պարոն Սերժ Սարգսյանին, որ կարողացավ եզակի անգամ առանց ատելության մթնոլորտի ընտրություն կազմակերպել: Ակնկալում ենք կողմերի ողջամտությունն ու ողջագուրումը, նժարին երկրի լինելությունն է: Գոնե այս անգամ հայի երկրորդ խելքի անհրաժեշտություն չլինի:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ”Ակնկալում ենք կողմերի ողջամտությունն ու ողջագուրումը, նժարին երկրի լինելությունն է”:
    Կարկամելու աստիճան կհուզվեի անշուշտ, եթե սույն ուղերձն իր երկարաշունչ պաթոսով չհիշեցներ ՀՀ երրորդ նախագահի պատասխանը մեծանուն հայազգի Սերժ Թանգյանին, նախ իր կեղծ պաթոսով, ապա և երկարաշունչ անբովանդակությամբ: Ուզում եմ հարցնել հեղինակին.
    -Հարգելի հայրենակից, այդ ո՞վ է երկրի լինելիությունը դրել նժարին և ի՞նչ է ուզում դրա դիմաց: Եթե պահանջն այն է, որ Ձեր պաշտպանյալին թույլ տան ասպատակել երկիրը ևս մի 5 տարի որպեսզի տարագիր դարձնի ևս 300 հազար հայի, ապա կներեք, նույնիսկ ձեր կողմից գնահատվող քարանձավաբնակը դրան չի համակերպվի, էլ չեմ խոսում արդեն իսկ իրեն լիարժեք քաղաքացի համարող մարդու մասին: Ի դեպ՝ Ձեր երկարաշունչ հոդվածի ուղերձը կարելի էր խտացնել ընդամենը մեկ նախադասությամբ. Լավ, ինչ արել է՝ չի արել, գլուխը քարը, թողեք մի 5 տարի էլ մնա, ի՞նչ կլինի որ… և այդ խղճուկ նախադասությունն ձևակերպելու համար գնացիք՝ հասաք մինչև Խորենացի…, ամոթ է:
    Քաղաքական ականների մասին վերջերս շատ է խոսվում, ցավոք, շատ հաճախ՝ տեղին…

  2. Հակոբ says:

    Բրավո Միքաել !!!

  3. Գևորգ says:

    Ափսոսում եմ, որ տեսնում եմ մի մարդու անփառունակ ”վերջակետը”, որին մինչև վերջին այս հոդվածը համարում էի ազնիվ Հայ մարդ և որի հոդվածները միշտ ոգևորությամբ էի կարդում…
    “…ի տարբերություն 2008-ի՝ այս անգամ Սերժ Սարգսյանն առաջին տեղում էր…”
    Որտեղ էր առաջին տեղում? Այն գյուղերում, որտեղ 200 հաշվառված ընտրողից 200 ձայն էր ստացել? Թե այն թաղամասերում, որտեղ ընտրատարածքի դիմաց առավոտից փող էին բաժանում? ԱՄՈԹ Է…

  4. Maxim says:

    Եվս մեկ,՝ տեր-գուլոյան, մազմուզյան, քյալագյոշյան, միասին վերցրած:

  5. Հայկանուշ Մեսրոպեան says:

    Հոգիդ լոյս դառնայ, Օրմանեան,,,

  6. anna says:

    Ատելության դուռը պակվում է գնացողների ետևից: Թվերն ամեն ինչ ասում են: Կարծում եք, պիտի շնորհավորեմ նրան մեկնելուց առաջ?

Պատասխանել Գևորգ

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728