Ադրբեջանագետ. «Ադրբեջանում մի կայծը բավական է, որ միտինգներ բռնկվեն»

Ադրբեջանագետ. «Ադրբեջանում մի կայծը բավական է, որ միտինգներ բռնկվեն»

«Ղարաբաղյան կարգավորման խնդիրը գտնվում է սառած վիճակում: Երկու կողմերն ունեն իրենց սկզբունքները: Այ, տեսե’ք, Ադրբեջանը ասում է, որ դրանք միանշանակ ադրբեջանական տարածքներ են եւ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն իբր «գրավյալ» տարածքներից, իսկ Հայաստանը ասում է, որ դրանք պատմական, հայկական տարածքներ են, եկեք քննարկենք, այստեղ ժողովուրդը պետք է որոշի: Մոտեցումների փոփոխություն ընդհանրապես չի նկատվում»,- այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Նրա կարծիքով, ի վերջո կշահի այն պետությունը, որը կլինի ավելի զարգացած, ժողովրդավար եւ տնտեսապես ավելի հզոր: «Հայաստանը պետք է օգտագործի իրեն տրված ժամանակը որպես երկիր կայանալու համար»,-ավելացրեց պարոն Ասատրյանը:

Ադրբեջանագետն անդրադարձավ նաեւ Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի` վերջերս արած այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի մի քանի խոշոր միլիարդատերեր որոշել են հեղաշրջում կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությամբ. «Հայտարարությունը Ադրբեջանը հերքել է եւ իր արած հայտարարությունից, որը ի դեպ Սահակաշվիլին արել է Բաքվից վերադառնալիս` օդանավակայանում, կարելի է ենթադրել, որ նա միտում ունի լարելու ռուս-ադրբեջանական հարաբերությունները»:

Ըստ ադրբեջանագետի. «Ադրբեջանում առկա է սոցիալական բավական ծանր դրություն եւ փաստորեն մի փոքր կայծը հերիք է, որպեսզի բռնկվեն զանգվածային ցույցեր»:

Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի արած հայտարարությանը, որը հեռարձակել էր «Грузия Online» լրատվամիջոցը, թե  Կարս-Ախալքալակ երկաթգծի նախագիծը այնքան էլ արդյունավետ չէ Վրաստանի համար, ադրբեջանագետը կարծում է, որ սա մեծ աղմուկ բարձրացրեց եւ լարեց հարաբերությունները Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ըստ պարոն Ասատրյանի, երկաթգծի կառուցմամբ, Ադրբեջանն ուզում է մեկուսացնել Հայաստանը եւ այդ պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները բացասաբար վերաբերվեցին Իվանիշվիլիի հայտարարությանը:

Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք