Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. «Է, թող իրենք էլ ասեն, որ ՀՀԿ-ն չորրորդն է լինելու»

Մարտ 22,2013 14:22

«Մեր դեմ խաղ չկա ֆորմուլան, որի միջով բազմիցս անցել ենք, հեռու չի տանելու: Եվրոչինովնիկների փոխադարձ հաճոյախոսություններն էլ չեն փրկելու: Հաշվի նստեք ՀՀ քաղաքացու հետ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ամբարտավանություն որակելով Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ականների հավակնոտ հայտարարությունները, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ ՀՀԿ-ն Երեւանի ավագանիում էլ առաջին տեղում է լինելու եւ մնացածը դարձյալ, ըստ էության, պայքարելու են երկրորդ տեղի համար: Շարմազանովը նաեւ ԲՀԿ-ին անվանել էր «օֆ-սայդ» եղած քաղաքական ուժ, որը ձմեռային քնից փորձում է արթնանալ` նկատի ունենալով վարչապետի դեմ ԲՀԿ-ի վերսկսած արշավը:

«Եթե մենք քաղաքականությունից դուրս լինեինք, ձեր նշած քաղաքական գործչի ներկայացրած քաղաքական ուժը չէր ներդնի իր հնարավորությունները` սոցցանցերում էլ փոխհրաձգություններ նախաձեռնելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ ԲՀԿ-ի նկատմամբ ապատեղեկատվությունը արժանանալու է համարժեք պատասխանի. «Մենք չենք վիրավորում առաջինը, բայց կպատասխանենք երկու-երեք անգամ ավել: Նման արտահայտությունների պատասխանը տրվեց Գյումրիում, տրվելու է Երեւանում»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին զարմացրեց քաղաքական ուժերի վրդովմունքը`ՀՀԿ-ի հավակնոտ հայտարարությունների մասին. «Է, թող իրենք էլ ասեն, որ ՀՀԿ-ն չորրորդն է լինելու»:

Սահակյանը նաեւ հավելեց, որ որեւէ մեկը Երեւանը չի պատրաստվում գրավել. «Երեւանը ամբողջ հայ ժողովրդինն է, մենք այդպես ենք տանելու ընտրությունները: Երեւանի իմաստը մշակութային եւ կրթական կոլորիտն է, աղբն ու լիֆտը չէ: Բնական է, որ իշխանությանը պիտի թիրախ օգտագործեն, բայց դա ՀՀԿ-ի ընտրությունը չէ, մեր ցուցակը ցույց է տալիս, որ դա ՀՀԿ-ի համար քաղաքական չէ, Երեւանի համար մտահոգ մարդիկ են մեր ցուցակում»:

Ինչ մնում է ԲՀԿ-ական եւ ՀՀԿ-ական երիտասարդների վերջին օրերի փոխհրաձգություններին, Սահակյանն ասաց. «Եթե տարբեր առվակներից ջուր խմած որեւէ երիտասարդ… որտեղ հաց էնտեղ կաց, դա խլուրդային մոտեցում է, խլուրդի վրա ինչքան արեւ ես փորձում ներարկել, նա ավելի դաժան է դառնում, նրան խոնավությունն է հետաքրքրում: Խլուրդների հետ պիտի չփորձել շփումների մեջ մտնել: Իրենց տհասության աստիճանով պիտի չփորձեն վարկաբեկել հենց Ծառուկյանին ու ԲՀԿ-ին»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀԿ-ական երիտասարդներին ո՞ր կենդանուն է նմանեցնում, Գալուստ Սահակյանն ասաց. «ՀՀԿ-ի երիտասարդները գիշատիչ չեն, խլուրդի նման էլ իրենց չեն պահում»:

Չեն է՞լ քծնում`լրագրողներից մեկի հավելմանը, Սահակյանը հակադարձեց. «Քծնելն էլ թող ուրիշները որակեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031