«Փոքրիկ Նանեների» հերթական հաղթանակը Հայաստանի սահմաններից դուրս (Ֆոտոշարք)

«Փոքրիկ Նանեների» հերթական հաղթանակը Հայաստանի սահմաններից դուրս (Ֆոտոշարք)
PrevPhoto
NextPhoto

«Նանե» և «Փոքրիկ Նանեներ» պարային անսամբլների գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսեց իր սաների հաջողությունների մասին:

Փետրվարի 16-ից 22-ը Գերմանիայի մայրաքաղաքում` Բեռլինում, տեղի է ունեցել «Տանցօլիմպ» 10-րդ ամենամյա միջազգային պարային մրցույթը, որին մասնակցել են 40 երկրներից մոտ 2000 ներկայացուցիչներ՝ 8-ից 21 տարեկան: Մրցույթի ժյուրիի անձնակազմում են եղել Նինա Անանիաշվիլին, Վլադիմիր Մալախովը, Սերգեյ Ֆիլինը:

«Նանե» և «Փոքրիկ Նանեներ» պարային անսամբլների գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանը նշեց. «Մրցույթին իրենց մասնակցությունն են ունեցել  «Փոքրիկ Նանեներ» պարային համույթի 24 սաներ: Նրանք ներկայացել են 5 անվանակարգերում` ժողովրդական բնորոշ պար (1-ին տարիքային խումբ՝ 8-12 տարեկան, 2-րդ տարիքային խումբ՝ 13-16 տարեկան), դասական պար (1-ին տարիքային խումբ), որտեղ ներկայացրել ենք դուետ Լիլիթի և Իռենի մասնակցությամբ և ժամանակակից պար պարաոճում: Եվ արժանացել ենք 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերին` տարբեր անվանակարգերում»:

Իրենց հետաքրքիր կատարմամբ առանձնացել են դասական դասարանի երկու փոքրիկ սաները` Լիլիթ Ավետիսյանն ու Իռեն Ասատրյանը:  Ովքեր ժյուրիի կողմից արժանացել են «Քաջության համար» հատուկ մրցանակի:  Ինչպես նաև խմբի 16-ամյա Ասյա Թադևոսյանը, ով նույնպես արժանացել է մրցույթի կազմակերպչի անունից  հատուկ մրցանակի` շատ վառ երևալու և խմբից առանձնանալու համար:

10-ամյա Իռեն Ասատրյանն ասում է. «Շատ ուրախ եմ, որ մասնակցել ենք միջազգային մրցույթին, ուրախ եմ, որ հատուկ մրցանակ ստացանք ես ու Լիլիթը՝ մեր քաջության և խիզախության համար: Կարծում եմ հաջորդ անգամ ավելի լավ հանդես կգանք ու Գրանդ Պրին մերը կլինի»: Իսկ այն հարցին, թե շրջագայության ժամանակ ի՞նչն են ավելի հավանել, փոքրիկ Իռենը պատասխանեց. «Բայց իմ կարծիքով Երևանն ավելի գեղեցիկ է»:

«Փոքրիկ Նանեներ» պարային խմբի սաները մրցույթներին հայկական պարը ներկայացնելիս  ասում են, որ հայկական պարերի մեջ ավելի ինքնավստահ են, քանի որ իրենց խառնվածքն ենք ներկայացնում.«Հայկական պարում քո հոգին ես դնում, որովհետև ներկայացնում ես քո ազգը, քո մշակույթը»:

Գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանը նաև հավելեց, որ իրենց անսամբլը այն քիչ անսամբլներից է եղել, որ մասնակցել է Գալա համերգին, որտեղ էլ որ ներկայացրել է իրենց «Հաղթական» պարը:

Արմինե Համբարձումյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք