Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի օդանավակայանում հայերին օրենքին համահո՞ւնչ են ստորացնում

Մարտ 22,2013 16:15

ԵՄ դեսպան. «ԵՄ անդամ պետությունների փորձն ու կարողությունները ցույց են տալիս, որ հարցերին նրանց արձագանքն ու վերաբերմունքը, դեպքերի ճնշող մեծամասնությունում, օրենքին համահունչ են»

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» Եվրամիության այս 3 միլիոն եվրոյանոց ծրագրով միության անդամ երկրներից հայ միգրանտներին ետ կուղարկեն Հայաստան` նրանց տրամադրելով որոշակի օժանդակություն: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում այս ծրագրի մեկնարկն է, որի ընթացքում ներկայացվեց, թե ինչ ազդեցություն այն կարող է թողնել: Ըստ այդմ, նախատեսվում է, որ 3 տարիների ընթացքում մինչեւ 40 վերադարձողներ կարող են բիզնես սկսելու ծրագրից օգտվել, մինչեւ 800 վերադարձողներ կստանան աշխատանքի վերաբերյալ խորհրդատվություն, մինչեւ 500 վերադարձողներ մասնագիտական կրթություն կարող են ստանալ, 300-ը` բժշկական խորհրդատվություն:

Aravot.am-ի հետ զրույցում տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով` այս ծրագիրը վերաբերում է բոլոր կատեգորիայի վերադարձողներին` եւ կամավոր, եւ հարկադրաբար վերադարձողներին: Հայ միգրանտները Հայաստան վերադառնալուց հետո, կարող են դիմել ծրագրի իրականացման գրասենյակ, որտեղ մասնագետները, ինչպես վստահեցրեց միգրացիոն ծառայության պետը, ելնելով նրանց խնդիրներից` կրթական, առողջական, սոցիալական եւ այլ վիճակից,  համապատասխան ուղղություններով կաջակցեն. «Փորձը ցույց է տալիս, որ վերադարձից 1 տարի հետո բոլորը ետ են գնում, ուստի ռեինտեգրացիան շատ կարեւոր է: Եթե մենք վերադարձնում ենք, ապա պետք է մտածենք, որ իրենք իրենց զգան, այսպես ասած` հայրենիքում, դրա համար պետք է օժանդակություն: Եթե չլինի այդ օժանդակությունը, եւ քանի որ վերադարձի գործընթացը բավականին դժվար է` սթրեսային վիճակներ է առաջացնում, մարդիկ գալիս են, տեսնում փոփոխված իրավիճակ, իրենց ծանոթ-բարեկամներին չեն տեսնում, չեն գտնում, մարդկային փոխհարաբերությունների որակն է փոխվել այս տարիների ընթացքում, դրա համար նրանք չեն մտածում` եկան հայրենիք, նրանք մտածում են` եկան լրիվ անծանոթ միջավայր, դրա համար շատ-շատերն ամեն կերպ ձգտում են վերադառնալ: Հայաստան վերադարձածների  մոտ  92%-ը ձգտում են վերադառնալ»:

Ծրագրի մեկնարկին ներկա արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանին եւ Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեային հարց ուղղվեց Aravot.am-ի ` https://www.aravot.am/2013/03/21/217739/ այն հրապարկման վերաբերյալ, որ օրերս Հռոմի օդանավակայանում հայ միգրանտների նկատմամբ ոչ պարկեշտ եւ  նույնիսկ ստորացուցիչ են վերաբերվել:

ԱԳՆ-ի ներկայացուցիչն այս առնչությամբ ասաց` «Տեղյակ ենք Հռոմի օդանավակայանում Հայաստանի քաղաքացիների հետ կապված խնդիրներին: Ես լրիվ հակառակ ինֆորմացիա ունեմ, դեսպանատան աշխատակիցները կապի մեջ են իտալական համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ եւ ավելին, օդակայանում բավական երկար ժամանակ են անցկացնում` փորձելով կարգավորել Հայաստանի քաղաքացիների հետ առաջացած խնդիրները, եւ պետք է ասեմ, որ լուծումներ են ստանում: Առ այսօր միայն գոհունակություն են հայտնում, ինձ հայտնի չէ, որտեղից եք վերցրել, որ վատ վերաբերմունքի են արժանանում»:

Տրայան Հրիսթեայի խոսքերով էլ` «Ստույգ այդպիսի տեղեկություններ չունեմ, առաջին անգամ եմ լսում, հակված եմ կարծելու, որ երբեմն, երբ մարդիկ հուսահատ վիճակում են, գայթակղված են` ինչ-որ այլ տարբերակների դիմել: Իհարկե,  ԶԼՄ-ների ներկայացրածը էթիկայի խնդիր է, ես չեմ բացառում ձեր ասածը, բայց Իտալիայի իշխանությունների փորձագիտական կարողությունները հաշվի առնելով եւ այլ անդամ երկրների, որոնք դարձել են միգրանտների ներհոսքի թիրախ, իրենք ունեն որոշակի փորձ: ԵՄ անդամ պետությունների իշխանությունների փորձը եւ կարողությունները ցույց են տալիս, որ հարցերին նրանց արձագանքն ու վերաբերմունքը, դեպքերի ճնշող մեծամասնությունում օրենքին համահունչ են, եւ ավելին` հիմնված են նրանց փորձի վրա, որոնք գնալով ավելանում են այս հարցերի լուծման համար: Շատ հաճախ այդ պետությունները ոգեշնչող մոդելներ են դառնում այլ պետությունների համար: Ձեր նշած պատահարները զգալիորեն նվազեցվել են, այսինքն` ես ձեռնպահ կմնայի մեկնաբանությունից,կհրավիրեի ձեր ուշադրությունը այն բաների վրա, որ պետք է ձեռնարկվեն շահագրգիռ կողմերի եւ հայաստանյան իշխանությունների կողմից:  Ես լիովին վստահ եմ, որ լրացուցիչ պարզում այս հարցում կծագի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031