Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը ցուցմունք է տալիս առանց տեսախցիկների

Մարտ 29,2013 16:55

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվեց «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը, ցուցմունք տալուց հրաժարվեց ռեստորանային համալիրի անվտանգության պետ Գարիկ Մարգարյանը: Հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները, մասնավորապես՝ նա ցուցմունք էր տվել 2012-ի հունիսի 18-ին, 19-ին, 22-ին, օգոստոսի 2-ին՝ երկու անգամ: Հրապարակվեցին նաեւ առերես հարցաքննության արձանագրությունները տուժողներ Արտակ Բայադյանի , Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի եւ Արկադի Աղաջանյանի հետ:

Գարիկ Մարգարյանը հայտնել էր, որ 2011թ. հունիսի 1-ից աշխատել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում՝ անվտանգության աշխատող: Նա անցյալ տարվա հունիսի 17-ին, ժամը 23-ի մոտ ռեստորանի ավտոկայանատեղիում տեսել է մարդկանց, որոնք քաշքշում էին մատուցող Ալիկին: Ըստ Գ. Մարգարյանի, մոտեցել է նրանց՝ քաշքշուկը սաստելու համար, մատուցող Ալիկի հետ ուղղվել դեպի ռեստորան, որից հետո դուրս է եկել, տաքսիով գնացել տուն: Այն հարցին, թե արդյոք վիճե՞լ է ավտոկայանատեղիի մարդկանց հետ, Գ. Մարգարյանը պատասխանել էր, որ վիճաբանություն չի ունեցել 5 անձի հետ. «ջանուջիգյար անելով փորձել եմ, որ նրանք գնան, ինչը հաջողվեց»:

Գարիկ Մարգարյանը առերես հարցաքննության ընթացքում հայտնել էր, որ տուժող Էդգար Նիկոյանը սուտ է ասում, որ նա իրեն չի հանդիպել: 2012թ. օգոստոսի 2-ի լրացուցիչ հարցաքննության ժամանակ Գարիկ Մարգարյանի մարմնին առկա են եղել վնասվածքներ եւ նա լրացուցիչ ցուցմունք տալով հայտնել է, որ ինքը զբաղվել է ըմբշամարտով եւ, որ մինչեւ ձերբակալվելը՝ մարզումների ժամանակ է ստացել վնասվածքները: Ի դեպ, Գարիկ Մարգարյանը հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին, իբրեւ հավելում իր ցուցմունքների՝ միայն ասաց, որ իրեն քննիչը հարցրել է, թե Ռուբեն Հայրապետյանը եղե՞լ է այդ օրը ռեստորանում, նա պատասխանել է, որ չի եղել:

Ինչպես նախորդ դատական նիստին, այնպես էլ այսօր ամբաստանյալ Արման Խաչատրյանը եւ նրա պաշտպանը՝ Ավագ Լալայանը դատարանին հայտնեցին, որ պատրաստ են ցուցմունք տալ, բայց առանց տեսանկարահանման սարքերի: Դատարանն ի վերջո որոշեց, որ լրատվամիջոցները կաշկանդված չեն լուսաբանելու առանց տեսանկարահանման սարքերի: Դատարանը արժանահավատ համարեց ամբաստանյալի ցանկությունը ցուցմունք տալու մասին եւ գտավ, որ ամբաստանյալի կարեւոր իրավունքներից մեկն է օգտվել պաշտպանական իրավունքի իրականացումից:

Արման Խաչատրյանը հայտնեց, որ հունիսի 17-ին հասել է ռեստորանի տարածք, նկատել է ինչ-որ հրմշտոց, ապա տեսել է Վահե Ավետյանին՝ կռացած վիճակում, իսկ նրա կողքին կանգնած է եղել Էդգար Նիկոյանը: Ամբաստանյալը ասաց, որ տեսել է նաեւ մատուցող Դավիթ Ադամյանին այդտեղ: Ըստ նրա՝ ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանն ու Դավիթ Ադամյանը հանգստացնում էին իրավիճակը, հետո Նորայրը Դավիթին դիմելով ասել է. «Ռադ եղիր, ստեղից գնա», ու Դավիթը գնացել է, որից հետո չի տեսել նրան:

Արման Խաչատրյանն էլ ասաց, որ տուժող Էդգար Նիկոյանը սուտ է ասում, թե ինչ-որ մեկն է ցույց տվել լվացարանի տեղը: Նա ասաց, որ ինքն է դիմել Էդգարին, ասելով՝ տար ընկերոջդ լվացվի, անգամ տեղն է ցույց տվել: Ինչ վերաբերում է տուժող Արտակ Բայադյանին, ամբաստանյալը ցուցմունք տվեց, թե նա է ասել՝ «էն կողմի վրա գնանք (ավտոկայանատեղի)» եւ ինքը Գարիկ Սողոմոնյանի ու Նորայր Հայրապետյանի հետեւից գնացել է: Ապա տեսել է մարդկանց, հայտնվել է Էդգար Նիկոյանի դիմաց, ուր «խառը խոսակցություն էր գնում»: Ըստ ամբաստանյալի՝ 30 վայրկյան է տեւել վեճը եւ ինքը չի էլ կողմնորոշվել, թե ինչ է կատարվում:

Նա տուժող Էդգար Նիկոյանի ցուցմունքի հետ կապված հայտնեց, որ նա ոչ մի հարված չի ստացել եւ որեւէ մեկը Արկադի Աղաջանյանին չի փակել, որ նա հարվածներ չստանա:

Ամբաստանյալը հրաժարվեց դատաքննական ցուցմունքից հետո պատասխանել կողմերի հարցերին:

Մեղադրանքը պաշտպանող Արթուր Դավթյանը պնդեց, որ հակասություններ կան նրա նախաքննության եւ դատաքննության ժամանակ տված ցուցմունքների միջեւ, ուստի դատարանը որոշեց հրապարակել դրանք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031