Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ լվացքատուն

Ապրիլ 02,2013 11:15

Անցած շաբաթվա վերջին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2012 թվականի ընթացքում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին մանրամասն տեղեկանք:

Տեղեկանքը իր մեջ մի ուշագրավ, չափազանց ուշագրավ միտում է պարունակում։ Խնդիրը վերաբերում է մեր տնտեսության օֆշորացմանը։ Եթե մինչեւ հիմա կանխատեսում էինք, որ գնալով օֆշորային մութ փողերի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կմեծանա, ապա հիմա արդեն ունենք ասվածի ապացույցը։ Ընդ որում խոսքը պաշտոնական ցուցանիշների մասին է։ Ուրեմն այսպես։ 2012 թվականին ՀՀ տնտեսությունը ստացել է 751.8 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում։ Սա 8 տոկոսով պակաս է 2011 թվականի նույն ցուցանիշից։ Միեւնույն ժամանակ օֆշորային գոտիներից մեր տնտեսությունը ստացել է 142 միլիոն դոլարի ներդրում։ Սա էլ իր հերթին ավելի քան 14 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ցուցանիշը։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մեր տնտեսության մեջ օֆշորներից եկող օտարերկրյա ներդրումների ծավալները աճում են երկնիշ տեմպերով, այն դեպքում, երբ գրեթե նույն տեմպերով նվազում են ընդհանուր օտարերկրյա ներդրումները։ Սա արդեն միտում է։ Իսկ դա ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը օտարերկրյա, պատկերավոր ասած՝ «մաքուր» կապիտալի համար երկնիշ տեմպերով կորցնում է իր գրավչությունը։ Եվ միաժամանակ ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը գնալով ավելի գրավիչ է դառնում անհայտ ծագման «կեղտոտ» կապիտալի համար։ Իսկ դա, ինչպես մի քանի անգամ նշել ենք, հիմնականում հենց հայկական ծագման կապիտալ է: Դժվար չէ կռահել, որ այդ «կեղտոտ» փողերը տեղի օլիգարխների ու պաշտոնյաների «վաստակած» գումարներն են, որոնք տարբեր ճանապարհներով կուտակվել եւ շարունակում են կուտակվել օֆշորային գոտիներում։ Լուրջ երկրներում այդ գումարները ներդնելը կապված է որոշակի ռիսկերի հետ։ Նախ այդպիսի երկրներում օֆշորներում գրանցված ընկերությունների իրականացրած ներդրումները հայտնվում են համապատասխան կառույցների մանրադիտակների տակ։ Ցանկացած սայթաքում կարող է հանգեցնել տխուր հետեւանքների։ Եվ բացի այդ, մեր օլիգարխներն ու պաշտոնյաները ունակ չեն նորմալ երկրներում նորմալ՝ մրցակցային բիզնեսով զբաղվելու։ Այդ դեպքում նրանք կսնանկանան շատ կարճ ժամկետներում։ Նրանց բիզնեսի հաջողությունը պայմանավորված է բացառապես իշխանությունների հետ «տալիք-առնելիքով»։ Այդ իսկ պատճառով օֆշորներում կուտակած նրանց գումարների մի զգալի մասը վերադառնում է Հայաստան։ Այստեղ այդ գումարները, գոնե առայժմ ապահով են իրենց զգում։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե դրանք արդեն «լվացված» փողեր են։ Բայց դա հիմնականում այդպես չէ։ Օֆշորներից եկած փողերի հիմնական մասը լվացվում է հենց Հայաստանում։ Ինչպես։ X օլիգարխի կամ պաշտոնյայի «վաստակած» մի քանի տասնյակ միլիոն դոլարը ներդրվում է Հայաստանի որեւէ գերեկամտաբեր բիզնեսում։ Այս փուլում դա հանքարդյունաբերությունն է։ Այդ X անձնավորությանը Հայաստանում, բնականաբար ոչ ոք չի էլ հարցնում, թե որտեղից քեզ այդքան փող։ Շատ կարճ ժամանակում հանքը հոշոտելուց եւ հանքաքարը վաճառելուց հետո, այդ X անձնավորության մոտ հայտնվում է ավելի շատ փող, քան նա օֆշորում գրանցած իր ընկերության միջոցով «ներդրել էր» Հայաստանում։ Բայց ստացված գումարը ոչ միայն ավելի շատ է, այլ նաեւ մաքուր լվացած, չորացրած ու արդուկած փող է, որը տարբեր սխեմաներով նստում է արդեն ոչ օֆշորային գոտիների բանկերում։ Ահա այսպիսի լվացքատան է վերածվել Հայաստանը։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930