Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է էապես բարելավենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը

Ապրիլ 11,2013 13:32

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ« որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։

Նիստից առաջ Տիգրան Սարգսյանն ասել է, որ երեկ հրապարակվել է Հայաստանի ցանցային պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվությունը, որի համաձայն մեր երկիրը համաշխարհային ցանցային պատրաստվածության համակարգում 12 տեղով բարելավել է իր դիրքը և 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։

«Մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած այս բնագավառում մենք 12 քայլ առաջ ենք գնացել, սակայն դեռևս ունենք լուրջ անելիքներ, որովհետև նույնիսկ տարածաշրջանում մենք մրցակցային առումով հետ ենք մնում և՛ Ադրբեջանից, և՛ Վրաստանից, – հավելել է Տիգրան Սարգսյանը։ Հասկանալի է, որ ճեղքվածքը, որը գոյություն ուներ հարևան երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ, նվազել է, բայց, այնուամենայնիվ, 82-րդ տեղը մեզ չի կարող բավարարել։

Անհրաժեշտ է, որպեսզի տրանսպորտի և կապի նախարարությունը մեզ միջոցառումների ծրագիր ներկայացնի, թե ինչ քայլեր պետք է անենք, որպեսզի էապես բարելավենք մեր դիրքը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ շատ խնդիրներ պահանջելու են, որպեսզի կառավարության գերատեսչությունները ջանքեր գործադրեն։

Եթե տրանսպորտի և կապի նախարարության լիազորությունների ներքո գտնվող միջոցառումները դիտարկենք, ապա այստեղ մեր դիրքերն ավելի ամուր են, քան, օրինակ, դատաիրավական համակարգի անկախության ցուցիչը, պայմանագրերի կիրառման գործընթացների քանակը. այս ցուցանիշներով մենք 137-րդ տեղում ենք, տեղական մրցակցության ինտենսիվության տեսակետից ՝ 130-րդ, դատաիրավական համակարգի անկախությամբ՝ 110-րդ տեղում։

Հասկանալի է, որ հենց այս ցուցանիշները պետք է բարելավենք, որպեսզի առաջընթաց արձանագրենք։ Այս աշխատանքը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պետք է համակարգի, քանի որ սա իր պատասխանատվության ոլորտն է։ Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք կառավարության որոշում ընդունել և ամրագրել, թե որ գերատեսչություններն ինչ պետք է անեն, որ էական բարելավում ունենանք։ Ես այս հարցը սրում եմ, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր գերակա ուղղությունն է, և մենք չենք կարող բավարարվել 82-րդ տեղով»։         

Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի զեկուցումը ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 10-ի ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (10.01.2013 – 31.03.2013 թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը։ Կատարման ենթակա 14 կետից 2013 թ. ապրիլի 4-ի տվյալով կատարվել է 14-ը, ընդ որում` ծրագրի ցանկի բոլոր կետերը կատարված են սահմանված ժամկետներում։

 

 

Կբարեկարգվեն ներհամայնքային ճանապարհները

            Վանաձոր և Գյումրի քաղաքային համայնքների ներհամայնքային ճանապարհները բարեկարգելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է 600 մլն դրամ` յուրաքանչյուր մարզպետարանին 300 մլն դրամ։ Որոշման ընդունումը թելադրված է այն հանգամանքով, որ նշված քաղաքների կենտրոնական փողոցներն անմխիթար վիճակում են, իսկ երկրորդական փողոցները գրեթե անանցանելի են. ամբողջովին քայքայվել է փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթը, առաջացել են դժվարանցանելի խոր փոսեր։ Տիգրան Սարգսյանի հարցմանն ի պատասխան տեղեկություն է տրվել, որ քաղաքային համայնքները նույնպես համաֆինանսավորման սկզբունքով մասնակցում են փողոցների բարեկարգմանը։ Վերջին տարիներին իրականացվել է ներհամայնքային ճանապարհների բարելավման մի քանի ծրագիր։

Գործադրի պահուստային ֆոնդից մոտ 396 մլն դրամ է հատկացվել ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգման, ոլորտի հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Մոտ 366 մլն դրամով իրականացվելու է Սևջուր գետի և ստորգետնյա ավազանների սակավաջրության դեմ պայքարելու ծրագիրը, 30 մլն դրամով Արմավիրի մարզում հորատվելու են խմելու ջրի խորքային հորեր։ Նիստի ժամանակ զեկուցվել է, որ բոլոր մայր ջրատարները պատրաստ են ոռոգման սեզոնին։ Ճիշտ է, ջրամբարների լցվածությունը դեռևս բավարար չէ, սակայն ապրիլ-մայիսին սպասվող տեղումները կարող են լրացնել այդ բացը։ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ջրի ապահովվածության տեսակետից ինչ համեմատություն կարելի է անել նախորդ տարվա հետ. պարզվել է, որ այսօրվա տվյալով վիճակն ավելի բարվոք է։

Շինարարական թույլտվություն ձեռք բերելու էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի ծրագրով ինստիտուցիոնալ հիմնադրամի դրամաշնորհի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նշված դրամաշնորհի նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունը վերապահել է ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխման հանձնաժողովին։ Որոշումը միտված է աջակցելու ՀՀ պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, շուկայական հարաբերությունների պայմաններում պետության դերի հստակեցմանը, կառավարման կառուցվածքի կատարելագործմանը, կառավարման ապարատի աշխատողների թվի օպտիմալացմանը։ Էլեկտրոնային թույլտվության համակարգը կներդրվի եկող տարվա սկզբից, իսկ մինչև 2014 թ. ավարտը, ինչպես հավաստիացել է Տիգրան Սարգսյանը, այդ համակարգը կգործի ամբողջ երկրում։

 

 

Աջակցություն է ցուցաբերվում ձեռնարկությունների բնականոն գործունեությանը

 

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ կողմից արտահանված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. ապրիլի 5-ը։ Ընկերությունը շշի արտադրության կաղապարներ է արտահանել Ուկրաինա` տարայի արտադրություն կազմակերպելու և ընկերությանը տրամադրելու համար։ Այժմ տարան արտադրվում է Հայաստանում, բայց մատակարարման ընդհատումը բացառելու նպատակով ընկերությունը խնդրում է ևս մեկ տարով երկարաձգել Ուկրաինա արտահանված կաղապարների մաքսային ռեժիմը։ Որոշման շնորհիվ աջակցություն է ստանում արդյունաբերական ձեռնարկության բնականոն գործունեությունը։ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է Հայաստանում արտադրվող ապակյա տարայի որակով` վկայակոչելով որոշ վերամշակող ձեռնարկությունների այն կարծիքը, թե մեզանում արտադրվող տարայի մի քանի տեսակ դեռևս չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Խնդիրն իրոք հրատապ է, բայց տարա թողարկող ընկերություններն իրենց հերթին միջոցներ են ձեռնարկում, որպեսզի բավարարեն որակյալ տարայի պահանջարկը։

Ծխախոտի արտադրության, շուկայահանման, վաճառքի իրավական հիմքերը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ` հիմք ընդունելով ոլորտի կանոնակարգման նոր օրենսդրության պահանջները, որոնք համահունչ են ԱՏԽ դրույթներին և դրանց մոտարկմանը Եվրամիության օրենսդրությանը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է ՀՀ ներմուծվող և ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի տուփի վրա առավելագույն մանրածախ գնի մակնշման պահանջը։

Կառավարության որոշմամբ Երևանի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 507.4 քառ. մետր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է «Նունե Եսայան» բարեգործական ՀԿ-ին։ Կազմակերպությունը մտադիր է նշված տարածքում հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կգործեն հայոց լեզվի, մաթեմատիկայի, օտար լեզվի, երգի, պարի և համակարգչային դասընթացի անվճար խմբակներ։ Կենտրոնը երեխաներին կընձեռի նաև տարբեր արհեստներ սովորելու, մշակութային օջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու և ամռան արձակուրդը ճամբարներում անցկացնելու հնարավորություն։

Իր նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախորդ որոշումներից մեկում, որը վերաբերում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարմանը։ Նախատեսվում է հնարավորություն ստեղծել ապահովելու նշված հուշարձանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։

 

 

Հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիրը կատարվում է

 

            ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ` Եվրամիության Սահմանների համալիր կառավարման առաջնային նախաձեռնությամբ նախատեսվող Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետերի համար սարքավորումների և ենթակառուցվածքների ծրագրով 434.5 հազար եվրոյին համարժեք դրամի չափով ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով։ Իրականացվող ծրագրի արժեքը 4.3 մլն եվրո է, որի 83.3 տոկոսը տրամադրում է ԵՄ-ն, 16.7 տոկոսը պետք է համաֆինանսավորվեն Հայաստանը և Վրաստանը։

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնց համաձայն անհուսալի համարվող հարկային պարտավորության հաշվառման և հաշվառումից հանելու կարգում անհուսալի համարվելու համար հարկային պարտավորության սահմանաչափը 500 հազ. դրամի փոխարեն սահմանվել է մեկ միլիոն դրամ։

Գործադիրը որոշել է ՀՀ հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության հողերի 2013 թ. կադաստրային գները և կադաստրային զուտ եկամտի չափերը սահմանել ՀՀ կառավարության 2007 թ. ապրիլի 19-ի համանման բովանդակությամբ որոշմամբ սահմանված չափերով։ Ակնկալվում է, որ դրա արդյունքում կձևավորվեն նշված հողերի 2013 թ. հարկման բազաները, և տվյալների ամփոփ ցուցակները մինչև գնահատման տարվա օգոստոսի 1-ը կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո հնարավոր կլինի հաշվարկել և գանձել 2014 թ. հողի հարկը` համայնքային բյուջեներ ներգրավելու համար։

Փոփոխություններ և լրացումներ կատարելով 2013 թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունն ընդունել է «Կանազ» և «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ների պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց ընկերություններին պատկանող գույքը և կարգավորել գանձապետական ձևակերպման հարցերը։ Որոշման ընդունմամբ ՀՀ 2013 թ. պետբյուջեի եկամտի և ծախսի տարեկան ծրագրային ցուցանիշներն ավելանում են 986.8 մլն դրամի չափով։

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ կուղղվեն մարզային բժշկական կազմակերպություններ

 

            ՀՀ կառավարությունը իր 2004 թ. ընդունած «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ավելացնել մարզային հիվանդանոցային բուժհաստատությունների տարեկան պայմանագրային գումարները, պետբյուջեի առկա միջոցների շրջանակում բարձրացնել մարդաշնչի ֆինանսավորման նորմատիվը, ինչը կհանգեցնի ԱԱՊ օղակի բուժանձնակազմի աշխատավարձի աճի, իրավասու մարմիններին իրավունք տալ, ելնելով հիվանդի սոցիալական վիճակից, անհրաժեշտության դեպքում ուղեգրել նրան նաև համավճարի, 0-7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը, բացի սուր և անհետաձգելի դեպքերից, նույնպես կազմակերպել հերթագրման սկզբունքով, որի դեպքում կպահպանվի 0-7 տարեկան երեխաների հերթագրման թափանցիկությունը, 7-18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի երեխաների բուժօգնությունն ազատել համավճարից, վերահաստատել երեխայի` մատչելի բուժօգնություն ստանալու իրավունքը։ Ակնկալվում է, որ որոշումը հնարավորություն կտա առավել համաչափ և արդարացի բաշխել ՀՀ մարզերի և Երևանի միջև հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարները` ելնելով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովման անհրաժեշտությունից։

 

Միջազգային համագործակցություն

 

            ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց համաձայն «ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման համար» պատասխանատու պետական մարմինների և ներկայացնելու ժամկետների ցանկ են ներառվել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. մայիսի 14-ի կոնվենցիան և դրան կից 1999 թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրությունը։ Սահմանվել է, որ երկու զեկույցն էլ չորս տարին մեկ անգամ ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացնելու ՀՀ մշակույթի նախարարությունը։

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև համատեղ կինոարտադրության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը, ի թիվս մի շարք դրույթների, սահմանում է նաև համատեղ ֆիլմի համար յուրաքանչյուր Կողմի կինոարտադրողի և Կողմերի իրավասու մարմինների ներդրումների հարաբերակցությունը. համատեղ ֆիլմարտադրողները համատեղ են տիրապետում ֆիլմի հետ կապված նյութական և ոչ նյութական իրավունքներին։ Ֆրանսիան համատեղ կինոարտադրության համաձայնագիր է կնքել 52 երկրի, այդ թվում նաև Վրաստանի հետ։

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930