Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուզմունքն ինձ աշխատանքային նոր մարտունակություն է ներշնչում»

Ապրիլ 17,2013 14:03

Ասում է երգչուհի Սոֆյա Սայադյանը

Ապրիլի վերջին հայ-ֆրանսիական համատեղ ծրագրով Երեւանում, իսկ մայիսին՝ Ֆրանսիայում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր տարբերակը՝  ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի եւ ֆրանսիացի պարուսույց, հագուստների եւ բեմի ձեւավորող Նիկոլյա Մյուզենի բեմադրությամբ: Անուշի դերակատարն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի՝ սոպրանո Սոֆյա Սայադյանն է: Երիտասարդ մեներգչուհին (2010-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի ասպիրանտուրան՝ ղեկավար՝ պրոֆեսոր Նելլի Փիրումյան) քանիցս կատարել է Անուշի, Ռոզինայի, Ջիլդայի, Լուչիայի, Ադինայի, Լաուրետտայի, Ֆրասկիտայի եւ այլ դերերգեր՝ համապատասխանաբար «Անուշ», «Սեւիլյան սափրիչ», «Ռիգոլետտո», «Լուչիա դի Լամերմուր», «Սիրո ըմպելիք», «Ջաննի Սկիկի», «Կարմեն» օպերաներից:

– Հյուրախաղերով հանդես եք եկել Լեհաստանում, Գերմանիայում, Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Կալինինգրադում, Ստամբուլում… Արտասահմանում ի՞նչ միջոցներ են ներդրվում օպերային բեմադրություններ իրականացնելու համար:

– Վերը նշված երկրներում օպերային ներկայացումներ բեմադրելու համար մե՛ծ ֆինանսական միջոցներ են ներդրվում, իսկ մեր թատրոնը ոչ մեծ ֆինանսական միջոցներով բեմադրում է ներկայացումներ, որոնք, կարծում եմ, չե՛ն զիջում եվրոպական բեմադրություններին:

– Թամար Շահնազարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Գոհար Գասպարյանի անվան հանրապետական մրցույթների դափնեկիր եք, 2010 -ին էլ արժանացել եք Զարուհի Դոլուխանյանի անվան միջազգային մրցույթի  հատուկ մրցանակին: Ի՞նչ կասեք մրցույթների դերի մասին, ինչո՞վ են հարստացնում դրանք երաժշտին, մասնավորապես՝ Ձեզ:

– Մրցույթներ շա՜տ եմ սիրում, չափազանց կարեւորում եմ դրանց դերը երաժշտի կյանքում: Դրանք բուռն լիցքեր են տալիս, պահանջում են քրտնաջան աշխատանք, նոր ու մեծ երկացանկ: Մրցութային բեմում երաժիշտը հղկվում է: Շատերը խուսափում են մրցութային հուզմունքից, մինչդեռ այն ինձ աշխատանքային նո՛ր մարտունակություն է ներշնչում:

– Տիրապետում եք բարձրակարգ կատարողական տեխնիկայի, ունեք տարբեր նվագախմբերի հետ աշխատելու վարպետություն, անսամբլային հղկված մտածողություն: Ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ օպերային մեներգչին:

– Ձայնը նման է հայելու. որքան երգիչն անկեղծ, բնական, զարգացած, նաեւ բարի լինի՝ այնքան ունկնդիրը կհավատա ու կընդունի նրան: Օպերային մեներգիչը, անշուշտ, պետք է ունենա տեխնիկապես կատարելագործված ձայն, մեծ ինտելեկտուալ պաշար, լինի ճկուն, արտիստիկ, կիրթ եւ ազնիվ: Խիստ կարեւոր է դիկցիան, նույնքան կարեւոր է երաժշտական երկի ճի՛շտ ոճական ըմբռնումն ու ներկայացումը:

– Ինչպես գիտենք, երգչական ձայներն իրարից տարբերվում են հիմնականում տեմբրային  առանձնահատկությամբ: Ի՞նչ կասեք տեմբրի մասին:

– Տեմբրը ձայնի գույնն է: Մեր հայրենիքի բնակլիմայական պայմաններից ելնելով՝ հայաստանցի գրեթե բոլոր երգիչներն ունեն թավշյա, ջերմ, հարուստ տեմբր, որը եւ գրավում է աշխարհին:

– Գիտեմ՝ կատարում եք նաեւ արդի հայ կոմպոզիտորների բարդ ստեղծագործություններ, որոնք պահանջում են երգչական բարձր տեխնիկա, լայն ձայնածավալ…

– Ժամանակակից հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ շատ եմ երգել: Հայ կոմպոզիտորները, ընդհանուր առմամբ, հրաշալի մտածողությամբ, գունային հարուստ ներկապնակով են արծարծում կյանքը, ստեղծում հարուստ հուզական դաշտ…

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930