Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ութսունամյակին նվիրված ցուցադրություն բացվեց Ազգային գրադարանում

Ապրիլ 17,2013 18:30

ՀՀ Ազգային գրադարանում այսօր տեղի ունեցավ ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին: Ցուցադրությունը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և ՀՀ Ազգային գրադարանը:

musaler1Պատմաբան և Հայաստանի Հանրապետության Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց՝ քանի որ Երևանը դեռ գտնվում է «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի կարգավիճակում, մինչեւ այդ կարգավիճակը կփոխանցվի մեկ այլ քաղաքի, նրանք այս իրադարձությանը դիտում են ոչ միայն որպես ապրիլյան միջոցառում, այլև «Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաքի» միջոցառումների շարքի մեջ:

Պատմաբանը նաև հավելեց. «Հայոց ցեղասպանության ցանկացած դրվագ իր վավերականությամբ կարող է նաև լինել գեղարվեստական ստեղծագործության համար ներշնչման աղբյուր:Այդպիսի ներշնչման աղբյուրներից մեկը Ֆրանց Վերֆելի համար հանդիսացավ 53 օր տևած հերոսական ինքնապաշտպանությունը Մուսա լեռան վրա 1915թվականին: Սյուժեն, որ նա ընտրել էր, հիրավի կարող  է լինել և վեպի նյութ, և կարող է լինել հրաշալի գեղարվեստական ֆիլմի սցենար»:

Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի առաջին հրատարակությունը լույս է տեսել գերմաներենով 1933թ-ին: Հրատարակության առաջին օրվանից մեծ ընդունելություն ունեցավ ընթերցասեր հասարակության կողմից: Միայն երկու տարիների ընթացքում` 1934-1935թթ., վեպը թարգմանվել է 36 լեզուներով:

Չնայած համաշխարհային ճանաչմանը` իրական փաստերի վրա հիմնված վեպը բոլորովին այլ ճակատագիր ունեցավ Գերմանիայում, որտեղ հրատարակվել էր առաջին անգամ: Վերֆելի ստեղծագործությունները, այդ թվում նոր լույս տեսած «Մուսա լեռան 40 օրը» վեպը դասվել են «հակագերմանական ոգու» գործերի շարքը և մասսայաբար հրկիզվել:

1935թ. Շիշլիի հայկական գերեզմանոցում թուրքական ոստիկանությունը բռնություններ իրագործելու սպառնալիքի տակ ստիպել էր հայերին կրակի մեջ նետել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի առաջին հրատարակությունը: Այս հռչակավոր վեպի դեմ թուրքական պետության մղած պայքարը դրսևորվեց նաև ԱՄՆ-ում վեպի էկրանավորման դեմ խափանարար գործողություններ իրականացնելու տեսքով:

Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել էին պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկել է մեդալների շարք: Ինչպես Հայկ Դեմոյանը նշեց. «Թվով չորրորդը նվիրված է Ֆրանց Վերֆելին, և դա առնչություն ունի գրքի 80-ամյակի հետ: Այս շարքը թողարկվում է սահմանափակ քանակով` ընդամենը 100 ոսկեզօծ հուշամեդալներ, որոնք համարակալված են, և շարքը կոչվում է «Երախտագիտություն»»:

 

Արմինե Համբարձումյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930