Վթարային տան բնակիչները բաց նամակով դիմել են ԱԻՆ-ին, Սյունիքի մարզպետին եւ Կապանի քաղաքապետին

Վթարային տան բնակիչները բաց նամակով դիմել են ԱԻՆ-ին, Սյունիքի մարզպետին եւ Կապանի քաղաքապետին

Կապանի ծայրամասային Բարաբաթում թաղամասի 104 տան բնակիչները բաց նամակով դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Սյունիքի մարզպետին եւ Կապանի քաղաքապետին՝ տեղեկացնելով, որ 2012թ օգոստոսի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումներից վնասվել էր իրենց տունը, այն վթարային է դարձել, որտեղ ապրելն արդեն վտանգավոր է, եւ խնդրել են աջակցել իրենց ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: «Քաղաքապետարանի և մարզպետարանի կողմից կազմված հանձնաժողովը եղել է տեղում և ծանոթացել իրավիճակին (խորհուրդ են տվել շտապ ազատել տունը): Կատարել են ուսումնասիրություն և կազմվել է արձանագրություն, բայց մինչ օրս ոչ մի գրավոր պատասխան չենք ստացել: Վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերի հետցնցումներից տեղի է ունեցել տան հիմնական պատի փլուզում և տունը հիմա գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները պահանջում են լքել տունը և ապաստարան խնդրել բարեկամներից: Խնդրում եմ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Ընտանիքը բաղկացած է 6 մարդուց և չունի նյութական միջոցներ այլ բնակարան ձեռք բերելու համար», – նշված է բաց նամակում:

Տանտերը՝ Վարուժան Բաբայանը, մեզ տեղեկացրեց, որ երեկ մարզպետարանի քաղաքաշինության վարչության եւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները եղել են տեղում եւ առաջարկել են անհապաղ լքել տունը, քանի որ փլուզման մեծ վտանգ է առկա:

Ընտանիքի մյուս 5 անդամները՝ կինը, մայրը եւ երեք երեխաները, ժամանակավոր հաստատվել են բարեկամների տանը, սակայն ինքը շարունակում է ապրել վթարային տանը, քանի որ տնտեսությունն ու անասուններն իր հույսին են մնացել: «Ծնվել մեծացել եմ էս տանը, սաղ կյանքս էստեղ եմ ապրել: Հիմա մենակ ես եմ ապրում էս տանը, ընտանիքիս անդամները ստեղ-ընդեղ բարեկամների մոտ են տեղափոխվել՝ մինչեւ մեզ աջակցեն տան հարցով: Երկհարկանի տանս մի մասը 50-ական թվականներին էր կառուցվել, մի մասն էլ՝ 70-ական: Գյուղում սողանքային երեույթներ են առկա, բացի դա օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժի ցնցումներից է զգալի տուժել տունը: Իսկ վերջին ցնցումային շրջանում անընդհատ թուլացել եւ փլուզում է եղել, Կապանի կոմբինատի պայթեցումների ցնցումներն էլ մի կողմից: Մեզ ասել են պիտի տնից դուրս գանք, բայց դուրս գանք որտե՞ղ գնանք, մի դոմիկ, մի կացարան թող տան գնանք ապրենք, ասենք մի քանի օր բարեկամների տանը մնացինք, բա հետո՞», -ասաց Վարուժանը:

Երեկ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը տեղում ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ Վարուժան Բաբայանին պատկանող թիվ 104 տան (կառուցված` 1954թ., 200 ք.մ) պատերին առաջացել են ճաքեր, որոնք ներկայումս փլուզման վտանգ են ներկայացնում:

Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանն էլ տեղեկացրեց, որ խնդրի մասին գրությունը դեռ այսօր է ստացել եւ պատրաստվում է այսօր կամ վաղը մասնագետներ ուղարկել՝ ուսումնասիրություն իրականացնելու համար: «Դեռ օգոստոսի 13-ին երկրաշարժի ժամանակ գնացել ուսումնասիրել էինք, ճաքեր կային, արձանագրել էինք եւ տան վերականգնման համար անհրաժեշտ գումարի հաշվարկի հետ միասին ներկայացրել մարզպետարան, ուղղակի մինչեւ հիմա չէին պատասխանել: Բայց երեկվա դեպքին, որ պատ է փլուզվել, դեռ ծանոթ չեմ, տեղում չենք եղել, այսօր կամ վաղը մասնագետներ եմ ուղարկելու ծանոթանան իրավիճակին եւ կներկայացնեմ քաղաքապետին», – նշեց պարոն Ստեփանյանը: Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Ռազմիկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ իրենց դիմած տվյալ տան բնակչի հետ երեկ եղել են տեղում, տեղեկացրել են նաեւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին, ովքեր նույնպես դեպքի վայր են ժամանել: Պարոն Ավետիսյանը հաստատեց, որ վտանգավոր է այդ տանը բնակվելը, տան ճակատային հատվածի պատի կեսը փլվել է, կրող պատերի վրա էլ մեծ ճաքեր են առկա: «Մենք բանավոր տեղյակ ենք պահել բնակիչներին, որ տունը ազատեն, գրավոր էլ տեղյակ կպահենք, ինչպես նաեւ քաղաքապետարան գրություն կուղարկենք, որ կացարանով ժամանակավոր ապահովեն: Կոմբինատի պայթեցումների ցնցումներն էլ են ազդում Բարաբաթում բանավանի այդ շենքերի վրա, ինչպես նաեւ անձրեւային եղանակները: Քաղաքացին երեկ դիմել էր մեզ, գնացինք տեղում ծանոթացանք իրավիճակին, բայց քաղաքապետարանի ճարտարապետը հարկ չի համարել գա ու մի հատ նայի տան վիճակը», – տեղեկացրեց Ռ. Ավետիսյանը:

Բարաբաթում թաղամասի 104 տան վթարայնության աստիճանը այս պահին հայտնի չէ, միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները կարող են հստակ որոշել վթարայնության աստիճանը, սակայն ոչ պաշտոնական տվյալներով, այն հնարավոր է 4-րդ աստիճանի վթարայնություն ունենա:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք