Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պողոսյան. «ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն շեմին են. կարող է անցնեն, կարող է՝ չէ»

Ապրիլ 26,2013 15:41

Ըստ Երեւանցիների՝ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական, թե՞ քաղաքային ընտրություններ են: Այսօր ՄԱԱ-ում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանին հարց ուղղեց լրագրողներից մեկը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իշխող ՀՀԿ-ն ընտրությունները շեշտադրում է քաղաքային խնդիրների մակարդակում, մինչդեռ ընդդիմադիր ուժերը տանում են քաղաքական դաշտ: Գեւորգ Պողոսյանի դիտարկմամբ, այդ երկակի մոտեցումն ընտրողի մոտ էլ կա, քանի որ եթե ընտրում է կուսակցություն, հասկանում է, որ քաղաքական է, բայց, մյուս կողմից, քաղաքապետը քաղաքի մենեջերն է, որը կուսակցության հետ սկզբունքորեն շատ քիչ պետք է առնչվի:

Վկայակոչելով երեւանցիների մատնանշած խնդիրները, նա ասում է, որ կարելի է ենթադրել, որ այս ընտրություններում մարդիկ քաղաքական կոմպոնենտ չեն տեսնում: «Բայց, ընտրողը նաեւ լավ հասկանում է, որ եթե ԱԺ-ում գերիշխող է ՀՀԿ-ն, եթե գործադիր իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքին է, նախագահը ՀՀԿ-ի ներկայացուցիչն է, քաղաքապետը, եթե այլ կուսակցությունից լինի՝ խնդիր է առաջանալու»,- ասում է սոցիոլոգը՝ երկու դիտարկում հավելելով. «Մի կողմից դրական է, որ քաղաքապետը լինի ընդդիմությունից, առողջացման գործընթաց կսկսվի քաղաքական դաշտում, բայց բացասական է, որ ոչինչ չի կարողանալու անել քաղաքի համար»:

Aravot.am-ի հարցին՝ այսինքն, երբ ընդդիմադիրները իրենց քարոզարշավի առանցքում դնում են այն գաղափարը, որ այլ քաղաքական ուժ ներկայացնող քաղաքապետը կարող է լուրջ այլընտրանք հանդիսանալ իշխանությանը, սին խոստումներ ե՞ն տալիս հասարակությանը, Գեւորգ Պողոսյանը պատասխանեց. «Իրենք ուրիշ կռվան չունեն: Եթե իրենք ունենային մեկ ուրիշ ուժեղ, հզոր գործիչ, որը կարող է Երեւանի ղեկավար լինել եւ եղել է, նրան կներկայացներին եւ միգուցե միավորվեին նրա շուրջ: Բայց, քանի որ նման դեմք չունեն, ճիշտ քաղաքական օրակարգ են ընտրել իրենց տեսակետից՝ սկսենք Երեւանից, փոխենք Երեւանից: Այլ կերպ, շանսեր չեն ունենա»:

Ընդհանրապես, Գեւորգ Պողոսյանն այն կարծիքին է, որ եթե ԲՀԿ-ի ցուցակը ղեկավարեր Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ-ինը՝ Տեր-Պետրոսյանը, «Բարեւ Երեւանինը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ կուսակցությունների ռեյտինգն ավելի բարձր կլիներ: «Լիդերները հետ են քաշվել եւ դրանով իրենք հարվածում են, վնասում են իրենց կուսակցության վարկանիշին: Իրենց վարկանիշին կգումարվեր կուսակցության վարկանիշը: Իսկ ՀՅԴ-ն ակտիվ չերեւաց ոչ պառլամենտական, ոչ էլ նախագահական ընտրություններում ու հիմա, իրենց դժվար կլինի վերադարձնել վստահությունն իրենց նկատմամբ: ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի համար էլ է դժվար լինելու: Շեմին են՝ կարող է անցնեն, կարող է՝ չանցնեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930