Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ

Ապրիլ 29,2013 22:04

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է հանդիպել հայ խորհրդարանականների հետ, հաստատել համագործակցություն քաղաքական կուսակցությունների հետ եւ ծանոթանալ Հայաստանի քաղաքական խնդիրներին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի որդեգրած ուղին, Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչպես նաեւ ժողովրդավարության կառուցման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությունը:

Ներկաներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը գոհունակությամբ նշեց, որ Եվրոպական խորհրդարանի գործընկերները նկատում են Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ներդրած ջանքերը: Այս առումով ԱԺ պատգամավորը կարեւորեց Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչը Հայաստանի համար մեծ հեռանկարներ կբացի Եվրամիության հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ուղղությամբ:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց Հայաստանի տնտեսական եւ սոցիալական իրավիճակից, հատկապես անդրադարձավ աղքատության եւ գործազրկության ցուցանիշի բարձր մակարդակին: Պատգամավորը նշեց, որ երկրում կա նաեւ արտագաղթի հիմնախնդիրը:

ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ «Բարգավաճ Հայաաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը կարեւորեցին ԵՄ ինտեգրացիոն գործընթացները, ընգծեցին Ասոցացման պայմանագրի ստորագրման կարեւորությունը Հայաստանի համար: Պատգամավորները խոսեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումից եւ Եվրախորհրդարանի հավասարակշռված մոտեցումներից:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած կուսակցություններն անդամակցում են եվրոպական տարբեր քաղաքական ընտանիքների: Պատգամավորը նշեց, որ Հայաստանը բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով է փորձում լուծել երկրում առկա խնդիրները: Մհեր Շահգելդյանը նույնպես կարեւորեց խաղաղ բանակցությունների ճանապարհով ԼՂ հարցի լուծումը:

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ ԵՄ հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Արտակ Զաքարյանի խոսքով` Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում եւ այսօր համարվում է Արեւելյան գործընկերության առաջատարներից մեկը: Նա փաստեց նաեւ, որ Հայաստանը փորձելու է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Հանդիպան ընթացքում բարձրացվեցին նաեւ Եվրանեսթ ԽՎ-ում առաջիկայում քննարկվելիք զեկույցների վերաբերյալ հայկական պատվիրակության մոտեցումները: Այդ հարցին անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Արտակ Զաքարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ Եվրախորհրդարանի պատգամավորները չտրվեն ադրբեջանական հակաքարոզչությանը եւ տարածվող թյուր տպավորություններին: «Ցանկալի է, որ նրանք առիթ ունենան լինելու Լեռնային Ղարաբաղում եւ տեղում ծանոթանան իրավիճակին»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Ներկաները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ՀՀ Ազգային ժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930