Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի սպանության եւ դրան հետեւած դեպքերի մասին

Մայիս 20,2013 11:56

1.Բանակում զինվորի հերթական սպանությունը եւս մեկ անգամ ի ցույց է դնում մեր բանակի եւ հասարակության արատները, որոնք գնալով ավելի եւ ավելի վտանգավոր են դառնում:  Հայաստանի հասարակության մեծ մասը ապրում է պատվի, ուժի, ինքնահաստատման մասին կեղծ, խեղված պատկերացումներով, եւ այդ ստանդարտները  թելադրում է մեր քրեականացված վերնախավը: Բանակը չի կարողանում դրան հակադրել ճշմարիտ, ոչ խեղված արժեքներ, եւ քրեական բարքերը տեղափոխվում են զինված ուժեր: Նման բարքեր սերմանող հրամանատարներին, իհարկե, պետք է ազատել աշխատանքից, բայց դա գլոբալ առումով հարցի լուծում չէ:

2. Որդեկորույս ծնողների զգացմունքները, նրանց ընդվզումը, բողոքը հասկանալի են, հարգանքի են արժանի: Այդքանով հանդերձ, դագաղը Հանրապետության հրապարակում դնելը ինձ լավ գաղափար չի թվում: Գիտեմ, որ պոպուլիզմով զբաղվող գործիչներին ու մեկնաբաններին  իմ գրածը դուր չի գա («բա որ, Աստված չանի, քո հետ պատահի» ), բայց ասեմ. դագաղներով, դիակներով մանիպուլյացիաները, թաղումից բողոքի ցույց սարքելը մեր մշակույթի մեջ չի տեղավորվում: Դա ինձ հիշեցնում է պաղեստինցիների կամ իրաքցիների բողոքները, երբ գզգզված մազերով սեւազգեստ կանայք «չոռ» են ցույց տալիս հակառակորդ բանակի ուղղությամբ: Վիշտ տանելու մեր մշակույթը ավելի զուսպ է՝ այդ առումով իմ համար օրինակ է «մարտի 1-ի» զոհերից մեկի մայրը՝ Ալլա  Հովհաննիսյանը: Այդ ծնողները բողոքի ցույց անելու համար  ավելի շատ հիմքեր ունեն, քանի որ նրանց երեխաների սպանությունները քաղաքական պատճառներով չեն բացահայտվում: Երբ բանակում սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար, դա նույնպես պետք է հասարակական ընդվզում առաջացնի: Իհարկե, ցանկացած սպանություն ցանկացած նորմալ մարդու սրտում պետք է ցասում արթնացնի: Բայց այս վերջին դեպքը նախորդներից տարբերվում է նրանով. որ այստեղ որեւէ բան կոծկել հնարավոր չէ՝ հանցագործը հայտնի է եւ ձերբակալված է:

3. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իրեն դրսեւորել էր որպես սպայի պատիվ ունեցող տղամարդ՝ անձնապես իր վրա վերցնելով վշտից դառնացած մարդկանց հետ բացատրվելու ծանր գործը: Բայց նմանատիպ վարք մենք ակնկալում ենք նաեւ նրա ստորադասերից, նախեւառաջ՝ նրանցից, ովքեր անմիջապես աշխատում են զորամասերում՝ զինվորների հետ: Մինչդեռ նրանցից շատերը հանդես են գալիս տեղական իշխանիկի, օլիգարխիկի, երբեմն նաեւ՝ գողական «պախանի» դերում:

4. Փորձել կոծկել, թաքցնել ինչ-որ մի հրապարակային իրադարձություն՝ այսօր անիմաստ է եւ անարդյունավետ: Սպանված զինվորի հարազատների Սեւանի մայրուղի դուրս գալը իրադարձություն է, որը պետք է լուսաբանվի: «Ի՞նչ կասեն, ի՞նչ կմտածեն» հարցը ինչպես այս, այնպես էլ, ասենք, Աբովյանի եկեղեցու բացման մատաղը ուտելու դեպքում, ինձ, որպես լրագրողի, քիչ է հետաքրքրում: Դրանք քաղքենիական հարցեր են՝ իրականությանը պետք է նայել բաց աչքերով: Բացի այդ, լրագրողների աշխատանքը խոչընդոտելը քրեորեն հետապնդելի արարք է. ռազմական ոստիկանության այն աշխատակիցները, որոնք հարձակվել են մեր գործընկերների վրա, պետք է դատվեն եւ նստեն: Երբ իշխանությունները  նման կերպարներին փորձում են ազատել պատասխանատվությունից, դա որոշակի մտավոր մակարդակի դրսեւորում է:

Մյուս կողմից՝ թաղումից ուղիղ ռեպորտաժ տալու գաղափարն էլ ինձ այնքան էլ գեղեցիկ չի թվում: Չնայած հասկանում եմ, որ ինտերնետի օգտատերերից շատերին թաղում նայելը շատ է դուր գալիս: Ճաշակի խնդիր է:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արտակ Գաբրիելյան says:

    “Հայաստանի հասարակության մեծ մասը ապրում է պատվի, ուժի, ինքնահաստատման մասին կեղծ, խեղված պատկերացումներով ” – կրթության դերը այստեղ չկա՞ :

    “Բանակը չի կարողանում դրան հակադրել ճշմարիտ, ոչ խեղված արժեքներ ” – հակադրելու գործում էլ կրթության դերը չկա՞ :

  2. Արտակ Գաբրիելյան says:

    “այդ ստանդարտները թելադրում է մեր քրեականացված վերնախավը ” – այսինքն անկախ նրանից թե մարդը 8,10,12,14…22 տարեկաններում ինչ է կարդացել, լսել, սովորել, դառնում է 30-40-50 տարեկան, ու կախված վերնախավի թելադրանքից կտրուկ փոխվում է էս կողմ-էն կողմ ?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Երիտասրադները տեսնում են, որ հաջողության են հասել, «պատիվ-հաևգամք» են վայելում որ թե կրթված մադրիկ, այլ լկտի, անգրագետ զորբաները: Եվ իրենց հարաբերությունները կառուցում են այդ ստանդարտներով:

      • Արտակ Գաբրիելյան says:

        Եթե հասարակությունը ունի սխալ չափորոշիչներ, պատիվ-հարգանք է մատուցում սխալ մարդկանց, դա չի՞ խոսում կրթական համակարգի թերությունների մասին:

        Հետո ես մի քիչ լավ չեմ հասկանում կրթված մարդկանց հաջողության չհասնելու մասին թեզը: Հարուստների մեջ էլ, իշխանությունների մեջ էլ շատ կան կրթված մարդիկ Հայաստանում: Էլ չեմ ասում, որ բազմաթիվ կրթված մարդիկ կան, որ շատ հարուստ չեն բայց շատ ավելի հետաքրքիր կյանքով են ապրում քան բոլոր զորբաներն իրար հետ վերցրած: Չեք կարծում, որ հնարավոր է, որ մեր կրթության դեռևս սովետական բովանդակությունն է նպաստում նրան, որ երիտասարդները հաջողակ մարդկանցից թիրախ ընտրեն լկտի, անգրագետ զորբաներին, ու չհավատան, որ խելացի ու կրթված լինելը շատ ավելի հետաքրքիր է ու նույնիսկ շատ դեպքերում շահավետ:

        Կներեք անտակտ հարցիս համար՝ կա այնպիսի լկտի անգրագետ զորբա, որ կարծում եք Ձեզանից ավելի հետաքրքիր կյանքով է ապրում:

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          1/ Այո, սովետական բովանդակությունը նպաստում է, 2/ ոչ ,այդպիսի զորբա չկա:

          • Արտակ Գաբրիելյան says:

            Շնորհակալություն: Կարծում եմ որ հասարակության ու մասնավորապես երիտասարդության համար օգտակար կլինի, որ իսկապես կրթված մարդիկ գոնե ժամանակ առ ժամանակ խոսեն դրա մասին (զորբաների համեմատ իրենց ավելի հետաքրքիր կյանքի):

            Կրթված մարդկանց վիճակի մասին բողոքները կարծում եմ չափազանցված են, շատ դեպերում ուրիշ պատճառներ ու արմատներ ունեն (հենց կրթության բովանդակության մեջ են), ու հենց դրանք էլ որոշ չափով վանում են երիտասարդությանը կրթությունից: Ուղղակի դրա մասին կարծիքս հիմնավորել փորձելու համար երկար պետք է գրեմ, իմաստ չունի:

Պատասխանել