Լրահոս
Օրվա լրահոսը

18-21 տարեկանների ցմահ չդատապարտվելու հարցը ԱԺ-ում կքննարկվի 2014 թվականին

Մայիս 22,2013 14:45

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Հայաստանում ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայման, ներման ու համաներման նախադեպի բացակայությունը» թեմայով քննարկման ժամանակ,  Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը տեղեկացրեց, որ առաջիկայում սկվելու են աշխատանքներ ընդհանուր գործերի վերանայման ուղղությամբ, որից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա նախաձեռնությամբ: Նա կարծիք հայտնեց, որ

18-21 տարեկան հանցագործների հանդեպ ցմահ բանտարկություն կիրառելը շատ խիստ պատիժ է՝ «Ողջ աշխարհում այս տարիքի անձինք դեռեւս անչափահաս են համարվում: Սրա վերաբերյալ մեր առաջարկներն Ազգային ժողովում կքննարկվեն 2014 թվականին»:

Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանն էլ հավելեց, թե Մհեր Ենոքյանը վերհանեց ցմահ դատապարտյալների բոլոր խնդիրները Հայաստանում. «Սկզբից մենք խնդրագրերով էինք դիմում օրենսդիր մարմիններին, բայց այդպես էլ որեւէ արձագանք չստանալով, հասկացանք, որ դա փակուղի է, պետք է հանդես գալ նաեւ օրենսդրական նախագծերով»:

Հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանի խոսքով էլ՝ օրեր առաջ Մհեր Ենոքյանի «Զուգահեռ աշխարհներ» գրքի շնորհանդեսն էր, նա կոչ արեց կարդալ այդ գիրքը, քանի որ այն աննախադեպ է իր տեսակի մեջ.

«Մհերը դարձել է մի տեսակ հավաքական կերպար՝ Հայաստանի ցմահ բանտարկյալի: Կոչ եմ անում գնել Մհեր Ենոքյանի գիրքը, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է նրա կրթությանը:Մհերը դարձել է Հայռուսական համալսարանի ուսանող եւ ուսման վարձը ծնողներն են հոգում: Մհերի գիրքը գնելով՝ կօգնենք նրա ծնողներին» :Կինոգետը հետաքրքրվողների համար հայտնեց, որ ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գիրքը կարելի է ձեռք բերել «Արտբրիջի», ՆՓԱԿ-ի գրախանութներից, կամ՝ դիմելով ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031