Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն ռոլիկով տղեն» Աշոտ Ապերյանն է

Մայիս 24,2013 17:06

Եթե հաճախ  եք զբոսնում Ազատության հրապարակով, ապա Աշոտ Ապերյանին հնարավոր չէ գոնե մեկ անգամ հանդիպած չլինեք: Նրա անուն, ազգանունը երևի ոչ բոլորին ծանոթ կթվա, նա շատերի մոտ հայտնի է որպես «էն ռոլիկով տղեն», ում կյանքի անբաժան մասն են կազմում իր չմուշկները: Լինելով ինտերիեր և էքստերիեր -դիզայներ` նա կարողանում է իր նախասիրություններն ու աշխատանքը համատեղել և փորձում է իր սահքով Երևան քաղաքին նոր շունչ հաղորդել, իսկ քաղաքացիներին՝ դրական էմոցիաներ:

Փոքր տարիքի՞ց ես սկսել չմուշկներով սահել, թե վերջերս այդ տաղանդը բացահայտեցիր քո մեջ:
Ինձ համար չմուշկներով սահելը այդքան էլ տաղանդ չէ, իմ կարծիքով` բոլորն էլ կարող են սահել, պարզապես ես արդեն 12 տարի է` նրանց վրա եմ մարզվում: Չմուշկների միջոցով փորձում եմ  ներսումս եղած տխրությունը  դուրս հանել, ուրախությունս փորձում եմ կիսել դրա միջոցով: Ես ապրում եմ սահելով, երբ երաժշտություն եմ լսում և միաժամանակ սահում եմ, ինձ թվում է` ճախրում եմ երկնքում:
Իսկ ի՞նչ երաժշտություն ես համադրում սահքիդ հետ:
Տարբեր են` կլասիկայից մինչև էստրադային, շատ եմ սիրում Անդրեա Բոչելիին, երբ նրան եմ լսում, ինձ թվում է՝ թե  երկնքում եմ սահում:
Իսկ ինչի՞ մասին ես մտածում սահելու ընթացքում:
Մտքերով գնում եմ անցյալ,  գալիս ապագա: Մտածում եմб թե ինչ է լինելու ինձ հետ, չնայած միշտ չէ, որ նման մտքեր են գալիս: Ավելի շատ աշխատում եմ կտրվել ծանր առօրյայից, այնտեղ մարդիկ այնքան տխուր են, փորձում եմ սահելով կտրվել ամեն ինչից, երբեմն իմ սահքով եմ փորձում մարդկանց լարվածությունը, հոգնածությունը թուլացնել: Ինձ հաճախ հարցնում են, թե  ինչպես եմ կարողանում այս տարիքում սահել, ես արդեն 24 տարեկան եմ, հարցնում են՝  մի՞թե չեմ ամաչում, չեմ բարդույթավորվում: Եթե անկեղծ, ինձ երբեմն զարմացնում է մարդկանց այդպիսի  մտածելակերպը: Մեր հասարակությունը  չափից շատ է կոմպլեքսավորված, նույնիսկ համոզված եմ, որ շատերն են ուզում սահել, պարզապես վախենում են հասարակության կարծիքից, այ դա է ցավալի:
Հնարավո՞ր է, որ չմուշկներով սահելը քեզ համար նույնպես բարդույթներից ձերբազատվելու միջոց է:

Բարդութներից ձերբազատվել եմ շատ վաղուց: Ես ավելի ուժ,  էներգիա ստանում եմ մարդկանց հայացքներից, խոսքերից: Չեմ թաքցնում՝ բոլորն էլ ուշադրության կարիք ունեն, յուրաքանչյուր մարդու մոտ դա տարբեր է: Երբ ուշադրության կենտրոնում եմ լինում ավելի շատ էներգիա եմ ստանում մարդկանցից: Իսկ ինչ վերաբերում է բարդույթներին, ապա խորհուրդ կտամ պայքարել դրանց դեմ, իմ կարծիքով՝ բարդույթավորվելը հիվանդության պես մի բան է, չպետք է թողնես, որ այն քեզ հաղթի:
Իսկ ի՞նչ դեպքեր կհիշես, որ պատահել են սահելուդ ժամանակ:
Շատ դեպքեր են եղել, բայց ամենատպավորիչը այն էր, երբ մի անգամ ինձ մոտեցավ մի երիտասարդ, ով երևի 27 տարեկան կլիներ և գիտեք, թե ինչ ասաց, նա հիացած էր իմ սահքով,իր խոսքով՝ նա  ամեն անգամ գալիս ու նայում էր, թե ինչպես եմ սահում, ասում էր՝ իմ սահքից նա հոգեպես թուլանում և  հանգստանում  է,  գրեթե ամեն օր գալիս ու նայում է սահքս: Շատ եմ լսում մարդկանց կողմից դրական խոսքեր և հատկապես շատ եմ ուրախանում, երբ մեծահասակներն են ինձ լավ խոսքեր ասում:
Գիտեմ, որ անտարբեր չես նաև բալետի նկատմամբ, զբաղվե՞լ ես բալետով:
Դա էլ իր պատմությունն ունի, միշտ երազել եմ բալետով զբաղվել, բայց ծնողներս դեմ են եղել դեռ փոքր տարիքից: Տանը երաժշտություն էի դնում ու սկսում էի պարել, հետո ծնողներս հասկացան, որ ինձ մոտ իսկապես ամեն ինչ լուրջ է, բայց բալետը մնաց երազանք, չնայած սահելիս փորձում եմ ինչ- որ շարժումներ մտցնել բալետից, շատ եմ ոգևորվում, երբ մոտենում ու հարցնում են՝ արդյոք բալետո՞վ եմ զբաղվում:
Իսկ ի՞նչպես ստացվեց, որ սկսեցիր զբաղվել մոդելի աշխատանքով:
Միշտ թուլություն եմ ունեցել նորաձևության նկատմամբ, հիշում եմ՝ ոչ մի ամսագիր բաց չէի թողնում, նայում էի մոդելներին ու հիանում: Մոդել դառնալու և օրերից մի օր պոդյումի վրայով քայլելու ցանկությունս միշտ է եղել: Մի օր շատ պատահական դիզայն խանութներից մեկում գնումներ էի անում, և ինձ երկու աղջիկ մոտեցան, առաջարկեցին աշխատել իրենց հետ` որպես մոդել: Աչքերս միանգամից փայլեցին, չհասկացա, թե ինչ կատարվեց: Աղջիկները շատ հայտնի նորաձևության կենտրոններից մեկից էին, ես չմերժեցի առաջարկը, պայմանավորվեցինք, և այդպես ամեն ինչ սկսվեց:

Եղել ես Մոսկվայում. ինչպե՞ս ստացվեց:
Աղջիկներին նորից հանդիպելուց հետո. նրանք ինձ տեղեկացրին, որ casting է հայտարարված և հաղթողին տրվելու է հնարավրություն մեկնելու Մոսկվա ցուցադրության, այդպես փուլից փուլ անցա, առաջին տեղ գրավեցի և գնացի Մոսկվա:
3712_448113485241468_1824232969_n
Վերադառնանք սահքիդ քաղաքի, Երեւանի ո՞ր հատվածներով ես սիրում սահել:
Հիմնականում Ազատության հրապարակում եմ սահում, շատ եմ սիրում Հանրապետության հրապարակի երգող շատրվանները, սիրում եմ դրանց երաժշտության տակ սահել:
Երբևէ փորձե՞լ ես գիշերով սահել:
Շատ եմ փորձել: Երբ գիշերով եմ սահում այնպիսի տպավորություն է, որ դատարկ բեմի վրա եմ, ինձ ավելի ազատ եմ զգում, ինձ թվում է՝ օդի մեջ եմ, թվում է սավառնում եմ:
Կասկադում չմուշկների վրա սահող պապիկին երևի հիշում ես, ի՞նչ ես կարծում, դու՞ էլ ես ծերությունդ  չմուշկների վրա անցկացնելու:
Այո, իհարկե հիշում եմ, նույնիսկ ծանոթ եմ իր հետ արդեն 4 տարի: Երբ ծառայությունից նոր էի վերադարձել և նրան առաջին անգամ տեսա, աչքերիս չէի հավատում, միանգամից մոտեցա ու սկսեցի ծանոթացա հետը: Այդ օրվանից մինչև հիմա լինում են օրեր, երբ միասին ենք սահում, դեպքեր են լինում, երբ ինձ հարցնում են՝ արդյոք նա իմ պապի՞կն է :): Ես ինձ այդ տարիքում չեմ պատկերացնում, չգիտեմ թե ապագայում ինչպես կստացվի, ես իմ ծերությունը ավելի շատ հեծանիվով եմ պատկերացնում, սիրում եմ առողջ ապրելակերպով զբաղվել:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031