Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ են բանսարկում ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին

Մայիս 30,2013 10:46

Դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը պատվիրելու եւ նախապատրաստելու համար մեղադրվող ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանն արդեն երկրորդ նամակն է գրում կալանավայրից «Հրապարակին»։ Տպավորություն կա, որ նա ոչ մեկին չի վստահում իր պաշտպանությունը։ Մեզ հայտնի դարձավ, որ տարեսկզբին նա հրաժարվել է փաստաբան Վաղինակ Գեւորգյանից, որը պաշտպանության ամբողջ ընթացքում լռություն պահպանեց։

Այս մեկ տարում, ինչ Հովհաննիսյանը կալանավորված է, դատախազությունը հանրությանը միակողմանի տեղեկություններ է հրամցրել։ Ըստ մեղադրանքի, ՔԿՀ նախկին պետն առաջարկ է ստացել ռուսաստանաբնակ Մրազ Շառոյանհց՝ կազմակերպելու Սլոյանի սպանությունը, պարտավորվելով քիլլեր գտնել։ Այս գործում Հովհաննիսյանին օգնել է կրկնահանցագործ Ռուբեն Տոնոյանը, որը «Դատապարտյալների հիվանդանոցում» գտել է մեկին՝ «Պրոֆեսոր» մականունով։ Վերջինս էլ 7 հազար 500 դոլարով համաձայնել է կատարել Ջ. Սլոյանի սպանությունը։ Սպանությունը ծրագրել էին իրագործել՝ օգտագործելով թմրանյութի բարձր դոզա։ 400 դոլար, ըստ նախաքննության, փոխանցվել է որպես կանխավճար։ Այլ կերպ ասած՝ Սամվել Հովհաննիսյանը ներկայացված է որպես միջանկյալ պատվիրատու, իսկ բուն պատվիրատուն տարիներ առաջ Մոսկվայում սպանված ոմն ոստիկանության կապիտանի հարազատն է՝ Շառոյանը, որը ներկայում հետախուզվում է։

Քննիչների վարկածով, կապիտանին սպանել է Սլոյանը, ինչի համար եւ դատապարտվել է: Սպանված կապիտանի հարազատն էլ ցանկացել է վրեժխնդիր լինել մարդասպանից։

Հովհաննիսյանն իր նամակներում վստահեցնում է, որ մեղադրանքը բացառապես ենթադրությունների եւ հեռախոսազանգերի ոչ օրինական ճանապարհով կատարված գաղտնալսումների վրա է, որոնք սկսել են կատարել դեռ մինչեւ իր դեմ քրեական գործի հարուցումը, բայց որ անգամ իր հեռախոսահամարի գաղտնալսմամբ որեւէ ապացույց չի հայտնաբերվել։ «Դեկտեմբեր ամսից, իմ միջնորդությամբ, կատարվել են երեք առերես հարցաքննություններ, որոնց արդյունքում քրգործն ամբողջությամբ փուլ է եկել, քանի որ բոլորն էլ իրարամերժ եւ իրար տրամագծորեն հակառակ ցուցմունքներ են տվել»,- գրում էր մեզ Հովհաննիսյանը հունվարին, իսկ երկու օր առաջ ստացած գրությունից հետեւում է, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ են իրեն բանսարկում. «Համապատասխան բարձրաստիճան պաշտոնյան չճշտված տեղեկություններ է զեկուցում երկրի բարձրագույն ղեկավարությանը»։

Փորձեցինք փորփրել այս անհասկանալի տեղեկությունների կույտը եւ ահա թե ինչ պարզեցինք։ Մեր տեղեկություններով, ԱԱԾ քննչական վարչությանը նախապատրաստվող սպանության մասին հայտնել էին միանգամայն խոցելի եւ կախյալ վիճակում գտնվող անձինք՝ դատապարտյալներ Պրոֆեսորն ու Ռուբեն Տոնոյանը, որն ըստ Հովհաննիսյանի՝ իր հետ թշնամական հարաբերություններ ունի։ Որպես «ինքնակամ ներկայացողներ», Տոնոյանն ու Պրոֆեսորը «մաքրվել» են՝ ազատվել են քրեական պատասխանատվությունից։ Տվյալներ ունենք նաեւ, որ նախաքննության կեսից նոր տուժողներ են «մտցվել» գործի մեջ, որոնցից ԱԱԾ քննիչները հաղորդում են վերցրել։ Սամվել Հովհաննիսյանի անհաջող բիզնեսից՝ էլիտար շենքերի շինարարությունից վնասված մի քաղաքացի գրել է, որ Հովհաննիսյանը, նրա վստահությունը չարաշահելով, տիրացել է գույքին։ Նույն «տուժողը» մեկ այլ դատարանում վկայություններ է տվել նույնի մասին։ Մի խոսքով, ԱԱԾ-ն որտեղից կարողացել է՝ դիմումներ է հավաքել, շիլա-փլավի վերածելով քննությունը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031