Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Պատերազմի ավարտից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք միայն եղել է ներգաղթ»

Հունիս 11,2013 20:22

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր 2012-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչներին հարց ուղղեց. «Ցանկանում եմ ավելի պարզ դարձնել մեր հանրության համար` որեւէ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել, թե 5 տարվա աճ արձանագրած երկիրն ինչպե՞ս կարող էր լքել 250 հազար մարդ: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք եւ ընդհանրապես Հայաստանի պատմության մեջ արտագաղթ տեղի չի ունեցել խաղաղ պայմաններում: Արտագաղթ Հայաստանում տեղի է ունեցել 1991-1994 թվականներին, երբ որ մենք գտնվում էինք պատերազմական վիճակի մեջ: Ինչպես նոր ճշտեցինք պարոն Բագրատյանի հետ, այդ արտագաղթից մեծ մասը կապված է Ադրբեջանից Հայաստան ներգաղթած հայերի հետ, որոնց մուտքը Հայաստան  չէր արձանագրվել, բայց նրանք, երբ արտագաղթեցին`արձանագրվեց: 94-ից հետո`պատերազմի ավարտից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք միայն եղել է ներգաղթ: Սերժ Սարգսյանի օրոք հինգ տարվա ընթացքում խաղաղ պայմաններում տեղի է ունենում արտագաղթ, բայց նաեւ տեղի է ունենում ՀՆԱ-ի աճ: Կարելի՞ է սրան հոդաբաշխ բացատրություն տալ: 95-ից հետո իսկապես եղել է աճ»:

Լեւոն Զուրաբյանը ափսոսանք հայտնեց, որ նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանն իր ելույթը սկսում է այսօր «ստախոսությամբ»` ասելով, թե 95-96-ին եղել է ՀՆԱ-ի աճ, որը զուգորդվում էր արտագաղթով. «Նման բան չի եղել, պարո’ն նախարար»:

Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ ցավոք, արտագաղթը չունի գծային կապ ՀՆԱ աճի հետ. «Մենք չենք կարող ասել` եթե ՀՆԱ-ն աճել է, ապա պետք է արտագաղթի ծավալները փոխվեն դրական ուղղությամբ, կամ հակառակը: Այստեղ գործ ունենք տարբեր բնույթի խնդիրների հետ: Բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ դա դժվար է կոորդինացնել»:

Լեւոն Զուրաբյանը նախարարի պատասխանը թատրոն խաղալ որակեց` ասելով, որ այն խաղում է, քանի որ Հայաստանում իրականում ՀՆԱ-ի աճ չկա, կա վիճակագրական կեղծիք. «Միակ բացատրությունն այս փաստին իսկապես սա է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930