ENFSI-ի 25-րդ տարեկան ժողովը՝ Բելգրադում

ENFSI-ի 25-րդ տարեկան  ժողովը՝ Բելգրադում

Օրեր առաջ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչ, պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը մասնակցել է Եվրոպական դատափորձագիտական կառույցների ցանցի (ENFSI) 25-րդ տարեկան ժողովին, որն անցկացվում էր Բելգրադ քաղաքում (Սերբիա): Ժողովին մասնակցում էին անդամ-կազմակերպությունների 64 ներկայացուցիչներ՝ ավելի քան 27 երկրներից։
Ըստ փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյանի, ժողովի մասնակիցների պատվին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն Բելգրադի քաղաքային խորհրդի շենքում, ուր ողջույնի խոսքով հանդես է եկել Սերբիայի Հանրապետության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը եւ քաղաքային խորհրդի ներկայացուցիչը։ Ժողովը բաղկացած էր թեմատիկ եւ գործնական մասերից։ Քննարկվել են անձնակազմի կառավարման մակարդակի եւ աշխատանքային պայմանների բարելավման, փորձաքննությունների կատարման ընթացքում դատական փորձաքննության ընթացակարգային պահանջների խախտման բացասական հետեւանքների մասին հարցերը:
Ժողովի գործնական մասը նվիրված է եղել Եվրոպական դատափորձագիտական կառույցների ցանցի (ENFSI) առջեւ ծագած պրոբլեմներին եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին եւ եվրոպական ցանցի ապագայի տեսլականին։
Ժողովի ընթացքում լսվել են նաեւ Եվրոպական ցանցի Խորհրդի եւ Հիմնական կոմիտեների կողմից ներկայացված 2012-2103 թթ. (մինչեւ 31.03.2012թ.) հաշվետվությունները, որոնք ընդունվել են ժողովի մասնակիցների կողմից։
Ըստ մամուլի պատասխանատուի, Եվրոպական դատափորձագիտական կառույցների ցանցի (ENFSI) 25-րդ տարեկան ժողովին Դ. Մելքումյանի մասնակցությունն ուներ կարեւոր նշանակություն՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի միջազգային կապերի ամրապնդման եւ զարգացման համար։ Մեր ներկայացուցիչը գործնական հանդիպումներ է ունեցել մասնակից երկրների՝ Շվեյցարիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի եւ Լատվիայի ներկայացուցիչների հետ՝ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություններ համատեղ գիտահետազոտական եւ գիտագործնական աշխատանքների կատարման հնարավորության շուրջ։
Հանդիպումներ են եղել նաեւ դատական փորձաքննության ոլորտում կիրառվող ժամանակակից նորագույն սարքեր-սարքավորումներ արտադրող եւ վաճառող արտասահմանյան առաջավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք