Լրահոս
Օրվա լրահոսը

Աճուրդի ժամանակ հայտնվել է պարտատե՞ր

Հունիս 12,2013 14:47

Թոշակառու, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Սվետլանա Թալանչյանը, 2009թ. վերադառնալով Հայաստան, երազում էր իր ծածկն ունենալ գլխավերեւում: Նա մարտին 55 000 դոլարով գնում է Ծերենցի փողոցի 54,2 քմ մակերեսով 58 տունը:
Վաճառողը ստիպված է եղել իր բնակարանը վաճառել՝ կապված ՙՎերջինիա՚ խանութի հաշվապահ որդու պարտքեր ունենալու հետ:
Նոտարական գրասենյակում կազմվում է նախավճարի պայմանագիր, համաձայն որի՝ մի մասը գնորդը վճարելու էր առանձին, մի մասն էլ՝ տան սեփականության վկայականը ստանալուց հետո: Ըստ ոստիկանության Մալաթիայի բաժնի քննչական բաժնի քննիչ Ա. Սահակյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճառաբանության մեջ արձանագրվածի, վաճառողը հայտնել էր, թե կողմը նախապես պիտի վճարեր 45 000 դոլարը, որը կազմել է 16 540 000 ՀՀ դրամ, հետո պիտի տրվեր 3 700 000 ՀՀ դրամ:
Չնայած Ս. Թալանչյանը մինչ օրս բնակվում է վերոհիշյալ հասցեում, սակայն սեփականության վկայական չունի, քանի որ վաճառողն ասում է, թե գնորդը դեռ պարտք է իրեն, վճարել է նշյալ գումարից ընդամենը 13 300 000 դրամը, պարտք է մնացել: Ի դեպ, նոտարական գրասենյակում պայմանագիրը կնքելիս եւ գումարը ստանալիս ներկա են գտնվել վկաներ, գնորդի տղաները, որոնք վկայել են, թե Ս. Թալանչյանը տվել է 16 540 000 ՀՀ դրամ գումարը: Գումարի հետ կապված՝ գործի նյութերում վկայակոչվում է եւս 10 000 դոլար գնորդին տալու բացատրագիր:
Դատական երեք ատյաններում Ս. Թալանչյանի ներկայացուցիչը՝ Նարինե Մկրտչյանը, տեղեկացրել էր, որ իր վստահորդը վճարել է տան ամբողջ գումարը, ընդունել է նշյալ տարածքի շարժական գույքը՝ համաձայն նախնական պայմանագրի:
Ի դեպ, շարժական գույքը՝ տան իրերը (12 անուն) բանավոր համաձայնությամբ է անցել Ս. Թալանչյանի տիրապետմանը: Շարժական գույքի մասին էլ խոսք կամ տող չի եղել վաճառողի կողմից նոտարականում տրված հայտարարությունում եւ նախավճարի պայմանագրում:
Դատարանում առկա գործի մեջ կողմը ներկայացրել էր վերոհիշյալ նախավճարի պայմանագիրը, եւ հիմքը՝ գնորդի հայտարարությունն այն մասին, թե տունը հանձնում է Սվետլանա Թալանչյանին:
Հինգ տարվա դատական քաշքշուկներից եւ երեք ատյանի դատարաններում հայտնվելուց հետո, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասութան դատարանը կայացրեց վճիռ, համաձայն որի՝ 20 000 000 ՀՀ դրամի չափով արգելադրված գույքը էլեկտրոնային աճուրդի էր դրվելու:
ԴԱՀԿ Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Տ. Թորոսյանը գրություն է ուղարկել Ս. Թալանչյանին, հայտնելով, որ դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 25.04.2013թ. նշանակված էլեկտրոնային աճուրդը հետաձգվել է, քանի որ ՙբռնագանձման ենթակա գույքի նկատմամբ կիրառվել է նոր սահմանափակում, որը հետագայում կարող է էական խոչընդոտ հանդիսանալ իրացվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում կատարելիս՚:
Դատական ողջ գործընթացի ժամանակ չի եղել մեկ այլ անձ, որը խնդիր ունենար կամ որին պարտք լիներ տունը վաճառողը: Էլեկտրոնային աճուրդի ժամանակ հայտնվում է մեկը՝ ոմն Հրանտ Հարությունյան, հայտնելով, որ 20 000 000-ի բռնագանձման խնդիր ունի տունը թոշակառուին վաճառած անձից:
Դատարանը կասեցրել է քաղաքացիական գործով արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրացումը:
Սվետլանա Թալանչյանը, «Առավոտի» տեղեկություններով, դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նորահայտ հայցվորի գործի քննությանն իրեն ներգրավեն որպես երրորդ անձ, որպեսզի տվյալ գործով Ս. Թալանչյանը կարողանա ներկայացնել իր առարկությունները, հարցադրումներն ու «իրավական բնույթի այլ վերապահություններ կատարի, որպիսի պարագայում պարզ կդառնա, որ իականում նոր հայցվորը չուներ 20 000 000 ՀՀ դրամ գումար, ուստի այն չէր կարող հանձնել վաճառողին»:
Ի դեպ, աճուրդների անցկացման փուլերում այս տիպի նորահայտ հայցվորների պակաս չի զգացվում այլ գործերով եւս:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930